Լրահոս
Օրվա լրահոսը

«Գոնե իր երեխաների համար հետ գա…»

Մայիս 01,2010 00:00

Գտնելով իր ֆիզիկական մորը, Արթուրը կորցրեց իր ընտանիքը
Անահիտ Մարգարյանը, ով ապրում է Նորքի 3-րդ մասիվում՝ իր հարսի եւ երկու անչափահաս թոռնիկների հետ, արդեն չորս ամիս է, ինչ անկողնային հիվանդ է: «Նա միշտ սրտի պրոբլեմներ է ունեցել, բայց դրանք այնքան էլ սուր արտահայտված չէին: Արթուրի գնալուց անմիջապես հետո սկեսուրիս վիճակը շատ վատացավ ու հիվանդանոց պառկեց երկու ամիս»,- պատմում է Անահիտի հարսը՝ Անին:
27 տարի առաջ տիկին Անահիտին բժիշկները հայտնեցին, որ նա չի կարող երեխա ունենալ, բայց դրանից նա թեւաթափ չեղավ եւ որոշեցին ամուսնու հետ՝ մանկատնից երեխա որդեգրել: «Հենց առաջին իսկ հայացքից Արթուրը սիրտս մտավ ու որոշեցինք, որ հենց նրան ենք որդեգրելու: Արթուրը այդ ժամանակ ինը տարեկան էր»,- պատմում է տիկին Անահիտը:
Անահիտն ու ամուսինը՝ Վահրամը, Արթուրին մեծացնում են հարազատ որդու նման՝ աշխատելով թաքցնել նրանից այն փաստը, որ իրենք նրա ծնողները չեն: Բայց ամուսնու մահից հետո Անահիտը որոշեց նրան ասել, որ ինքը իրենց հարազատ որդին չէ: «Բնավորությամբ Արթուրը շատ հանգիստ ու հավասարակշռված մարդ էր, երեկոները գործից հետո անմիջապես տուն էր գալիս, մի խոսքով՝ շատ լավ ամուսին էր ու հայր: Բայց երբ սկեսուրս նրան հայտնեց, որ ինքը որդեգրված է, նա անմիջապես փոխվեց՝ դարձավ շատ ագրեսիվ, պահանջկոտ ու սկսեց օրերով տուն չգալ»,- պատմում է Անին:
Ճշմարտությունն իմանալուց հետո Արթուրը սկսում է Անահիտին արհամարհանքով վերաբերվել ու որոշում է ամեն գնով գտնել իր «իսկական» մորը: «Ես Արթուրին սկզբից չէի ասել, թե ինքը ինչու էր մանկատանը հայտնվել եւ թե իրականում ո՞վ էր եղել իր իսկական մայրը: Բայց երբ նա սկսեց ինձ արհամարհանքով վերաբերվել, այդ ժամանակ ես նրան պատմեցի իր մոր իրական վարքի մասին»,- պատմում է Անահիտը:
Սակայն դա էլ չստիպեց Արթուրին հետ կանգնել իր որոշումից ու նա շարունակեց փնտրել մորը: Ու արդեն մեկ տարի է, ինչ նա գտել է իր ֆիզիկական մորը՝ Սեդային, ով զբաղվում է առեւտրով՝ Թուրքիայից հագուստ է բերում Հայաստան: Մորը գտնելուց հետո Արթուրը հեռացավ տնից ու սկսեց նրա հետ նույն գործով զբաղվել ու արդեն կես տարի է՝ տնեցիք նրանից որեւէ լուր չունեն: Վերջին լուրը, որ իմացել են, այն է եղել, որ նա մոր հետ գողություն կատարելու համար բանտ է նստել երկու ամիս, իսկ թե ինչ է անում հիմա Արթուրը՝ Անիին արդեն էլ չի հետաքրքրում: «Ինչի՞ս ա պետք իմանամ, թե ինչ ա անում կամ ուր ա, եթե իրան չի հետաքրքրում՝ ոնց են իր երեխաները ու հիվանդ մայրը»,- պատմում է Անին:
Մինչեւ հիվանդանոց ընկնելը տիկին Անահիտը դպրոցում հավաքարար է աշխատել, բայց երբ Արթուրի հեռանալուց հետո նա ինֆարկտ ստացավ, դարձավ անկողնային հիվանդ ու էլ չկարողացավ քայլել, հավաքարարի աշխատանքը սկսեց հարսը անել, բայց այդ աշխատանքից ստացված չնչին գումարով նա հազիվ է կարողանում բավարարել երեխաների կարիքները: Գնալուց հետո Արթուրը ընդամենը առաջին մեկ ամիսն է այցելել երեխաներին ու մի քիչ գումար տվել Անիին: «Ինձ չի խղճում՝ դա հասկանում եմ, բայց գո՞նե իր երեխաների համար հետ գա: Ախր, Արթուրս շատ լավն էր, հիմա էլ ա լավը ու ես հավատում եմ, որ հետ է գալու…»,- ասում է տիկին Անահիտը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել