Բաժանված ծնողների ընտանիքում Էդգարն իր տունը չգտավ
Էդգարը դեռ քառասուն օրական էր, երբ մայրը՝ Անուշը, բաժանվեց ամուսնուց, նրա՝ այլ կնոջ հետ դավաճանության պատճառով: Երեխային մայրն իր հետ տարավ: Որոշ ժամանակ հետո Անուշի կյանքում հայտնվեց այլ տղամարդ եւ ամուսնության առաջարկություն արեց: Անուշի նոր ամուսինն այլ կնոջից ուներ երեք դուստր, բայց նա չհաշտվեց կնոջ՝ այլ ամուսնուց երեխայի ներկայության հետ: Փոքրիկ Էդգարին հանձնեցին հորը: Սա էլ իր հերթին ամուսնացել էր այլ կնոջ հետ, ով նույնպես ուներ երեք դուստր եւ նույնպես չէր հաշտվում ամուսնու երեխայի ներկայության հետ: «Երբ արդեն հինգ-վեց տարեկան էի, հասկանում էի, որ հորս կինն ինձ, մեղմ ասած, չի սիրում: Քույրերիցս միայն մեծի հետ էի կարողանում լեզու գտնել, մյուս երկուսն ինձ արհամարհում էին: Զգում էի, որ հայրս ամեն ինչ նկատում էր, բայց ոչինչ չէր կարողանում անել»,- հիշում է Էդգարը: Էդգարի մայրը արդեն որդի էր ունեցել երկրորդ ամուսնուց: «Հորս ընտանիքում ինձ շատ վատ էի զգում, մայրացուս անընդհատ խոսում էր վրաս: Մի օր էլ այդ ամենից հոգնած՝ որոշեցի գնալ մորիցս օգնություն խնդրել: Բայց դուռը բացեց նրա ամուսինը… Նկատեցի մորս՝ նրա թիկունքում: Հայրացուս ինձ նույնիսկ չթողեց տուն մտնել: Ես գլխիկոր վերադարձա մայրացուիս տուն՝ մտածելով, որ այստեղ գոնե թողնում են տուն մտնեմ»,- հիշում է Էդգարը:
«Մայրացուի» անընդհատ հանդիմանանքները, հոր անտարբերությունը ճնշում էին արդեն պատանի Էդգարին: «Մի օր էլ որոշեցի տնից փախչել»,- ասում է Էդգարը: Եվ 15-ամյա պատանին հայտնվում է փողոցում: «Ազատ շրջում էի փողոցներով: Գլխիս ծածկ չկար, սոված էի, բայց, կարծես, շնչառությունս բացված լիներ, տարօրինակ է, բայց ավելի երջանիկ էի եւ զգում էի, որ կյանքս կբարելավվի,- ասում է Էդգարը՝ ավելացնելով,- ինչ աշխատանք ասես, որ չեմ արել, որ մի քանի կոպեկ փող աշխատեմ, մի կտոր հաց առնեմ»: Մի օր էլ ոստիկանությունը գտնում է փողոցում քնած Էդգարին: «Ինձ տարան մանկական բաժանմունք, պարզեցին՝ ով եմ, ինչ եմ եւ ուղարկեցին «իմ տուն», բայց ես արդեն զգացել էի մաքուր օդի համը… նորից փախա…»,- ժպտում է Էդգարը:
Ոստիկաններն էլ կարծես արդեն գիտեին Էդգարի տեղը. նա տնից փախչում էր, իսկ ոստիկանությունը՝ վերադարձնում. «Ոստիկանության մանկական տեսուչին հետաքրքրեց իմ փախուստի պատճառը, ես էլ, արդեն չդիմանալով, պատմեցի…»: Էդգարը գնաց տուն, բայց ոչ հայրական, այլ հենց նույն մանկական տեսուչի տուն: «Արմենի՝ մանկական տեսուչի ծնողներն ինձ շատ լավ ընդունեցին, մենք միասին հաց կերանք, երկար զրուցեցինք, ես զգացի, թե իրականում ինչ է ընտանիքը»,- ասում է Էդգարը: Արմենի ծնողներն էլ սկսեցին օգնել նրան, ինչով կարող էին: «Ես լսել էի, որ բարություն կա աշխարհում, բայց դեռ չէի զգացել, թե դա ինչ է: Դա հենց այդ մարդկանց ժպիտն էր, ամեն անգամ ինձ սիրալիր ընդունելը: Դա էլ ինձ հերիք էր»,- ասում է Էդգարը: Արմենի հայրը Էդգարին տալիս է իր հողամասում գտնվող փոքրիկ տան բանալին, եւ նա ապրում է այստեղ մինչ բանակ գնալը. «Բանակում շատերի հետ ծանոթացա, ձեռք բերեցի իսկական ընկերներ, ովքեր ինձ միշտ օգնում են, ես էլ իրենց»: Բանակից հետո Էդգարը գալիս է իր «ընտանիքներին» տեսության»: «Ոչինչ չէր փոխվել,- ասում է նա,- ցավ այնքան էլ չզգացի, մտածեցի՝ ունեմ շատ հարազատ մարդիկ, ովքեր իմ կողքին են, ուղղակի ուզում էի, որ մայրս շնորհակալություն հայտներ Արմենի ծնողներին՝ ինձ այդքան օգնելու համար… զանգեցի Արմենի հորը, հեռախոսը տվեցի մորս, բայց նա չվերցրեց… հեռացա…»:
Որոշ ժամանակ Էդգարը մնում էր ընկերների տներում, աշխատում էր շինարարությունում, բայց Արմենի հայրը նրա համար գտավ հիմնական աշխատանք: «Հիմա աշխատում եմ, ապրում եմ վարձով բնակարանում, իմ հոգսերը ես եմ հոգում: Ես գիտեմ, որ իմ կյանքում ամեն ինչ էլ լավ կլինի: Ես բախտավոր մարդ եմ, որովհետեւ ինձ հանդիպել են շատ բարի մարդիկ»,- ասում է Էդգարը:
Հ. Գ. Բոլոր հերոսների անունները փոխված են: