Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Որքան շուտ վաճառվի թեյը, մոտ կլինի սերը

Մայիս 01,2010 00:00

Սիրել կարելի է տարբեր պայմաններում

Դիմիտրովի փողոցի մթերային խանութներից մեկում է աշխատում 26-ամյա Արմինեն: Եթե ներս մտնեք եւ փորձեք «Դիլմա» թեյից բացի, որեւէ այլ թեյ գնել, ձեզ դժվար թե հաջողվի: Արմինեն ձեզ կհամոզի, կխնդրի, ջանք ու եռանդ չի խնայի, որ գնեք հենց «Դիլմա» թեյը: Ոչ թե աղջիկը համագործակցում է «Դիլմա» թեյերի Հայաստան ներկրող կազմակերպության հետ, այլ՝ «որքան շուտ վաճառվի թեյը, այնքան մոտ կլինի իմ սերը՝ «Դիլմա»-ի առաքիչ կապուտաչյա Արմենը»:
«Ամեն անգամ, երբ գալիս էր, բերում թեյերը եւ գնում, անհամբեր սպասում էի հաջորդ հանդիպմանը, իսկ որպեսզի հաջորդ հանդիպումը շուտ կայանար՝ ստիպված էի լինում հաճախորդներին համոզել, «Դիլմա» թեյը գովազդել, որ այն գնեին, շուտ սպառվեր, որպեսզի նա գար, կրկին հանդիպեի նրան: Ես էլ չհասկացա, թե ինչպես սիրահարվեցի: Շարունակ նրա մասին էի մտածում, երազումս էի տեսնում՝ նա գալիս, մոտենում էր ինձ եւ հետաքրքիր է՝ հրավիրում ոչ թե սրճելու, այլ՝ թեյելու»,- պատմում է Արմինեն:
Սիրահարված աղջիկը գնում էր աշխատանքի, որքան հնարավոր է շատ թեյ վաճառում եւ երջանիկ տուն վերադառնում: Բայց ահա այն օրը, երբ ծնողները Արմինեին հայտնում են, որ շահել են «Գրին քարտ» եւ պետք է արտերկիր մեկնեն, աղջկա երջանկությունը հօդս է ցնդում: «Ես չգիտեի, թե ինչ հորինեմ, ինչ ասեմ՝ միայն թե չմեկնեմ: Ասեմ, որ սիրահարված եմ մի տղայի, որ ի զորու՞ չեմ նրան չտեսնել: Ես ստիպված եղա ստել՝ ասելով, որ ընկեր ունեմ եւ չեմ կարող մեկնել, որ սիրում եմ նրան»,- ասում է Արմինեն:
Արմինեի ծնողներն այդ լուրը շատ սովորական ընդունեցին եւ աղջկան ասացին, որ ընկերոջը բերի՝ իրենց հետ ծանոթացնի: Ընկեր չկար, եւ պետք էր հանուն սիրո դիմել համարձակ ու կտրուկ քայլերի: Արմինեն հենց այդպես էլ անում է: «Այն օրը, երբ թեյերը վերջացել էին, եւ Արմենը պետք է գար, ես սպասում էի եւ մտքումս կրկնում այն տեքստը, թե ինչպես պետք է ասեմ նրան իմ զգացմունքների մասին, որ հանկարծ չշփոթեմ, բայց երբ նրան տեսա՝ ամեն բան մոռացա, եւ թեեւ ամբողջ կյանքում քննադատել եմ այն աղջիկներին, ովքեր առաջին քայլն իրենք են անում եւ տղային սեր խոստովանում, արդեն ես էլ էի հայտնվել նման իրավիճակում: Երբեք չէի մտածի, որ համարձակություն կունենամ դա անելու, բայց ես դա արեցի, եւ ոչ թե խոստովանեցի, այլ մոտեցա, այտը համբուրեցի եւ դուրս եկա խանութից»,- պատմում է իմ զրուցակիցը:
Բնականաբար, տղան այդ պահին թողնելով գործը՝ ընթացավ համարձակ աղջկա ետեւից: Աղջիկն այլեւս «սար ու ձոր» չընկավ եւ տղային պատմեց՝ ինչ որ կար: Տղային ապշեցրեց աղջկա համարձակությունն ու անկեղծությունը: Մի խոսքով՝ 6 ամիս հետո նրանք ամուսնացան, հարսանիքից հետո ծնողները մեկնեցին Ամերիկա, եւ ինչպես ասում է Արմինեն. «Ես այսօր առավել քան երջանիկ եմ, որ մնացի իմ հարազատ քաղաքում եւ գտա իրոք իմ կեսին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել