Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Մենք ընդամենը «պապա-մամա» էինք խաղում»

Մայիս 01,2010 00:00

Տղաները աղջիկների թշնամին չեն՝ ոմանք դա ուշացած են հասկանում

Մանկության տարիներին գրեթե բոլորս էլ խաղացել ենք «պապա-մամա» խաղը, եւ եթե ոմանք երանությամբ են հիշում այդ տարիները, Էլենի կյանքում «պապա-մամա» խաղը ոչ միայն վատ հիշողություններ է թողել, այլեւ պատճառ դարձել, որ աղջիկն առայսօր «տանն է մնացել»:
«Մոտ 5-6 տարեկան կլինեի, մեր բակի Աշոտիկի հետ «պապա-մամա» էինք խաղում: Աշոտիկը ասաց. «Ֆիլմերում պապա-մամաները գրկում ու համբուրում են իրար, չէ՞»: Ու էդպես առանց հասկանալու, իրար գրկած համբուրվում էինք: Մայրիկս պատահմամբ տեսնելով այդ՝ շատ զայրացած, ընդ որում՝ շենքի հարեւանների մոտ, ինձ մի լավ ծեծ տվեց ու պատժեց՝ տանը փակելով: «Ինչո՞ւ մայրիկս ինձ ծեծեց» հարցի պատասխանը ես չստացա, փոխարենը նա միայն ասում էր՝ անամոթ, չես էլ ամաչում: Բայց մենք ընդամենը «պապա-մամա» էինք խաղում, ինչ ամոթալի բան կա խաղի մեջ՝ ինձ համար պարզ չդարձավ: Մյուս կողմից էլ հիմա հիշելով՝ չեմ մեղադրում մորս. այդ ժամանակ շատ նյարդային էր, հայրս մեզ լքել էր՝ Ռուսաստանում ինչ-որ կնոջ հետ էր կապվել եւ ասել էր, որ մենք իրեն պետք չենք: Մայրս հիասթափված էր հորիցս եւ ընդհանրապես՝ ատելությամբ լցված արական սեռի նկատմամբ, ամեն օր ինձ ասում էր. «բոլորն էլ մեղվի պես մի ծաղկից մյուսն են թռչում», «բոլորն էլ հորդ պես են, երբեք չհավատաս նրանց խոստումներին», «հիշիր՝ տղաների մտքում միայն մի բան է՝ գայթակղել խեղճ աղջիկներին»,- պատմում է Էլենը:
Մոր խոսքերը սրտին շատ մոտ ընդունելով՝ Էլենը սկսեց խաղալ ու շփվել միայն աղջիկների հետ, իսկ երբ որեւէ ծանոթ տղամարդ էր իրենց տուն գալիս, Էլենը փախչում էր, սեղանի տակ թաքնվում՝ վախենալով, որ նա կգայթակղի իրեն:
«Դպրոցում էլ չէի շփվում տղաների հետ, իսկ երբ, առավել եւս՝ փորձում էին ինձ սիրահետել՝ կոպտում էի: Մի տեսակ հակակրանք էի տածում տղաների հանդեպ, իսկ երբ 10-րդ դասարանում էի, մի օր մայրիկիս ասացի, որ ես երբեք չեմ ամուսնանալու»: Այդ ժամանակ մոր ասած այն խոսքերը, թե՝ «բոլոր աղջիկներն էլ ծնվել են ամուսնանալու ու մայրանալու համար», ասված էին շատ ուշ. աղջիկը կտրականապես հրաժարվում էր շփվել որեւէ տղայի հետ:
Նման դեպքերից խուսափելու համար հարկավոր է ըստ ամենայնի կրթել ծնողներին: Այդ պատմությունը ներկայացրինք գինեկոլոգ-հոգեբան Նադեժդա Սաֆարյանին, որի մեկնաբանությունը հետեւյալն էր. «Համապատասխան գիտելիքներ չունենալը եւ երեխաների հետ վարվելու անկարողությունը, ինչպես նաեւ մանկական ապրումների յուրահատկությունները չհասկանալը՝ հաճախ լուրջ վնաս են հասցնում երեխաների հոգեբանությանը: Հաճախ է պատահում, երբ երեխաները «բժիշկ-բժիշկ», «հիվանդանոց» եւ նման խաղեր խաղալիս՝ հանվում եւ հպվում են իրար: Սա արվում է ոչ թե սեռական մղումով, այլ պարզապես հետաքրքրասիրությունից: Եթե նման դեպքերում ծնողը խիստ պատժի կամ կոպիտ կշտամբի երեխային խաղի համար՝ առանց բացատրելու, թե ինչն է պատճառը, ապա երեխայի մեջ կարող է առաջանալ ինչպես հոգեբանական, այնպես էլ սեռական խեղում: Հաճախ պատժվելու բուն փաստը ջնջվում է մարդու հիշողությունից, բայց խեղումը պահպանվում է: Չի կարելի նաեւ՝ հատկապես դեռատի աղջկան կանխամտածված հեռու պահել տղաների հետ շփումից կամ աղջկան մանկուց ներշնչել, թե տղաները իր թշնամին են, սա կարող է լուրջ խնդիրներ առաջացնել. աղջիկը կարող է հրաժարվել ամուսնությունից, իսկ ամուսնության դեպքում էլ սառը լինել սեռական կյանքում»:
Էլենը հիմա 22 տարեկան է, արդեն կես տարի է, ինչ այցելում է հոգեբանի մոտ: Ինչպես ասում է մայրը՝ «առաջընթաց կա, Էլենը այլեւս չի փախչում եւ սեղանի տակ թաքնվում, երբ տղամարդ է տեսնում, բայց ընկեր ունենալու իմ առաջարկը նրան առայժմ զայրացնում է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել