Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՅՐԻԿԻ՞Դ ԵՍ ՇԱՏ ՍԻՐՈՒՄ, ԹԵ՞ ՄԱՅՐԻԿԻԴ

Մայիս 01,2010 00:00

«Ռենջերներին»,- պատասխանում է 7-ամյա Գեւորիկը

Նոր տարվա՝ Ձմեռ պապիին ուղղված իր նամակում Գեւորիկը գրել էր. «Ձմեռ պապի ջան, գիտեմ, որ դու չես կարող ինձ դարձնել հզոր ռենջեր, դու միայն երեխաներին խաղալիքներ ես նվիրում՝ խնդրում եմ, ինձ նվիրիր ռենջերի թուրը»:
Չնայած չի կարելի կարդալ ուրիշի նամակները՝ հատկապես Ձմեռ պապին ուղղված, այնուամենայնիվ, Ձմեռ պապի փոխարեն, նամակը կարդացին Միքայել եւ Սոնա Խաչատրյանները՝ Գեւորիկի ծնողները: Գեւորիկին նվիրեցին իր ցանկացած ռենջերի թուրը: Իր ծննդյան օրը երեխան այս անգամ էլ հայրիկից խնդրեց իրեն նվիրել ռենջերի զգեստը՝ ծնողները դա էլ նվիրեցին: Որոշ ժամանակ անց Գեւորիկը ուներ արդեն «Ռենջերներ» մուլտֆիլմի հերոսների բոլոր պարագաները: Ծնողները ոչնչից չէին զրկում երեխային եւ կատարում էին նրա բոլոր քմահաճույքները, բայց երբ բարեկամներից մեկը հարցնում էր՝ ո՞ւմ ես շատ սիրում՝ հայրիկի՞ն, թե՞ մայրիկին, Գեւորիկը, առանց հապաղելու, պատասխանում էր՝ ռենջերներին:
«Դպրոցից գալիս էր, ասում էի՝ Գեւ ջան, մինչեւ դասերդ չսովորես՝ մուլտֆիլմ չես դիտի: Նստում էր, դասերը արագ-արագ սովորում, հետո էլ մուլտֆիլմ դիտում՝ հիմնականում իր սիրած «Ռենջերներ» մուլտֆիլմը: Եթե սկզբում ոչ մի վատ բան չէի տեսնում դրանում՝ երեխա է, մուլտֆիլմ է նայում, շուտով որոշ տարօրինակություններ նկատեցի նրա պահվածքի մեջ: Առաջ շատ մեծ սիրով իջնում էր բակ, երեխաների հետ խաղում, արդեն հրաժարվում էր, իսկ եթե իջնում էլ էր բակ, անպայման ընկերներից մեկնումեկին ծեծում էր, ռենջերներին էր կրկնօրինակում, ասում՝ կայծակի հարվածով քեզ կսպանեմ: Ծնողները գալիս էին, բողոքում, որ իրենց երեխաների վրա է հարձակվում: Փորձեցի հանգիստ զրուցել տղայիս հետ, բացատրել, որ այդպես չի կարելի, բայց նա շատ ագրեսիվ էր դարձել, դեմքի բարի արտահայտությունն էլ էր փոխվել, ասում էր՝ ինձ բան չասես, ռենջերի թրով քեզ կսպանեմ»,- պատմում է Սոնան:
Որոշ ժամանակ Սոնային թվում էր, որ պետք չէ ամեն բան բարդացնել՝ երեխա է, կանցնի, բայց շուտով նրա մտահոգությունները հաստատվում են, երբ զանգ է ստանում Գեւորիկի դասղեկի կողմից: «Ընկեր Մխիթարյանի զանգից հետո տեղս չէի գտնում: Ուսուցչուհին ասաց, որ վերջերս դասի ժամանակ երեխաներին ուղղած այն հարցին, թե մեծանաք՝ ի՞նչ եք դառնալու, Գեւորիկը պատասխանել էր՝ «Հզոր ռենջեր, որ բոլորին սպանեմ»: Երեխաներին էր ծեծում, ուսուցիչներին էր պատասխանում: Ինչ անել՝ որոշեցի այլեւս թույլ չտալ՝ մուլտֆիլմերը դիտի, այդ ռենջերների խաղալիքները հավաքեցի, ամբողջը քրոջս տուն տարա, իր աչքից հեռու: Ամուսնուս ասացի՝ հետը զրուցի, բայց ապարդյուն էր, նա ամբողջ օրը միայն լացում էր»,- պատմում է մայրը:
Պատժամիջոցները կամ զրկանքները արդյունք չտվեցին, ընդհակառակը, Գեւորիկի վիճակը շուտով ավելի վատացավ: «Մի օր ասացի՝ Գեւոր ջան, 5 րոպե տանը խելոք նստիր, ես իջնեմ խանութից հաց առնեմ-գամ: Դուռը վրան փակեցի՝ ապահովության համար, ու երբ արդեն եկա՝ տեսնեմ տանը չի, գոռում եմ՝ Գեւոր, Գեւոր, փնտրում եմ՝ չկա, մտածում եմ՝ ախր դուռն էլ փակել եմ, ուր պետք է կորչեր, լալիս եմ, արդեն ամուսնուս էի զանգում, երբ հանկարծ սառնարանի միջից ձայն լսեցի, բացեմ տեսնեմ՝ սառնարանի մեջ է: Լացելով իրեն գրկել եմ, ասում եմ՝ Գեւոր ջան, ինչի ես էսպիսի բան արել, ինչ պետք է ասի՝ սառցե ռենջեր եմ դառնում»,- ասում է Սոնան:
«Ծնողները, առանց գիտակցելու, երբեմն երեխային դաստիարակելու իրենց կարեւոր պարտականությունը թողնում են մուլտֆիլմի հերոսների ուսերին: Երեխան ամբողջ ինֆորմացիան ընկալում է մուլտֆիլմի կերպարների միջոցով, իսկ այսօրվա մուլտֆիլմի հերոսներից շատերը էկրաններից մեզ ներկայանում են դաժան դեմքերով՝ երեխային սովորեցնելով ու քարոզելով ագրեսիա: Եվ սրանք էլ երեխայի հոգեբանության մեջ արմատավորվում են որպես հերոսի կերպար, այնինչ, ծնողները չպետք է ծուլանան եւ շարունակեն մեր տատերի ավանդույթը՝ պատմել երեխաներին հեքիաթներ, որոնց դեպքում արդեն երեխայի մեջ հերոսի կերպար կդառնա ոչ թե Սարդ մարդը, այլ՝ Սասունցի Դավիթը: Ծնողները պետք է հետեւողական լինեն, հետեւեն, թե ինչ մուլտֆիլմեր են դիտում իրենց երեխաները, նստեն իրենց երեխաների կողքը եւ բացատրեն, որպեսզի երեխան սխալ չընկալի այն, բացատրեն, որ չի կարելի այդ հերոսներին կրկնօրինակել, այս դեպքում, իհարկե, կարելի է կանխել հնարավոր վատ հետեւանքները»,- ասում է հոգեբան Սուրեն Խաչատրյանը:
Եվ ահա, քանի դեռ Գեւորիկը հզոր ռենջեր չէր դարձել, մայրը՝ Սոնան, ստիպված եղավ մի քանի անգամ երեխային տանել հոգեբանի մոտ: Հոգեբանի խորհուրդները ավելի շուտ Սոնային եւ Միքայելին իրենց արդյունքը տվեցին: Հայրը սկսեց աշխատանքից շուտ գալ՝ տղայի հետ խաղալու եւ առավելագույնս շատ ժամանակ անցկացնելու համար, մայրն էլ սկսեց գիշերները քնելիս հեքիաթներ պատմել տղային: Այնպես որ, հիմա Գեւորիկն այլեւս չի ուզում դառնալ հզոր ռենջեր, բայց հիմա էլ ակնարկներ է անում՝ կեսկատակ-կեսլուրջ, որ ուզում է դառնալ Կիկոսը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել