Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Տանն ինձ ծաղիկ տվող չկա»

Մայիս 01,2010 00:00

Վերա Սողոմոնյանին պատերազմական դաշտ տարավ վրեժի զգացումը

\"\"

1989 թվականին Վերան իր ընտանիքի հետ Բաքվից տեղափոխվեց Ղարաբաղ՝ Շոշ գյուղը: Ամուսինը՝ Էդուարդ Սողոմոնյանը, հետ գնաց Բաքու՝ իրերը տեղափոխելու, սակայն ճանապարհին ադրբեջանցիները այրեցին նրան մեքենայի մեջ:
«Երբ թուրքերը վառեցին ամուսնուս, մեջս միայն մի զգացողություն կար՝ վրեժ, ու ես գնացի՝ կամավոր գրվեցի ֆիդայիների ջոկատը»,- հիշում է Վերան:
4 երեխաների մայր 31-ամյա Վերան առաջին անգամ զենք վերցրել է 1989 թվականին՝ ՏՕԶ տեսակի հրացան, իսկ լայնածավալ մարտական գործողությունները սկսել է 1991 թվականին՝ Ղուչուլարի, Ջանսահի մարտերի ժամանակ:
Տիկին Վերան վիրավորվեց 1992թ. մայիսի 8-ին՝ Շուշիի ազատագրման ժամանակ: Մայիսի 8-ի գիշերը մտան Շուշի, մարտական գործողությունների ժամանակ տղաներից մեկը վիրավորվեց, Վերան վիրավորին տարավ մինչեւ շտապօգնության մեքենան, երբ վերադարձավ նույն տեղը՝ տղաներն արդեն հետ էին գնացել, եւ Վերան չէր հասկանում, թե ինչ է կատարվում:
«Մեկ էլ տեսնեմ՝ կրակում են, չգիտեի, որ թուրքն ա, ասի՝ էդ ինչ եք անում, ես եմ, ես, բայց մերոնք չէին ու այդ պահին փամփուշտը ձախ ոտքիս կպավ, ոտքս տաքացավ, պինդ կապեցի, հետո տղերքը եկան տարան»,- պատմում է Վերան:
Երբ մայիսի 9-ին ազատագրվեց Շուշին, Վերան հիվանդանոցում պառկած էր:
«Էդ օրը կաստիլները թեւերիս տակ հիվանդանոցից փախա ու գնացի յասամաններով դիմավորելու մեր տղերքին»,- պատմում է Վերան:
Վերայի հիշողության մեջ միշտ վառ է մնացել 1991թ. մարտի 8-ը: Տղաները նրան առաջարկեցին տուն գնալ, բայց Վերան առարկեց:
«Ասացի, որ գնամ տուն՝ ինձ ո՞վ ա ծաղիկ տալու, բոլորն էստեղ են»,- ասաց Վերան:
Այդ ժամանակ ձնծաղիկը դեռ նոր էր դուրս եկել, տղաները գնացին՝ ամենքը մի փունջ հավաքեցին, մի մեծ ծաղկեփունջ ստացվեց ու տվեցին Վերային:
«Երբ տվին ծաղիկը, ասի՝ կռվի դաշտ ա, հիմա այս ծաղիկները ոնց ջրի մեջ դնեմ, բռնի խրամատի հողը փորեցի, ծաղկեփունջը դրի մեջը, ասի՝ տղերք, էս էլ մեր տունը, մեր սեղանը, էս էլ մեր ծաղիկները, շատ շնորհակալ եմ, որ հիշել եք»,- պատմում է Վերան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել