Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ինձ կանայք են ներշնչում»

Մայիս 01,2010 00:00

«Քանդակը կնոջ նման է, ուշադրություն չես դարձնում՝ նեղանում ու հեռանում է քեզնից»,- ասում է Մուշեղ Թարզյանը:

\"\"

Մուշեղը մեծացել է Երեւանում՝ արվեստագետների ընտանիքում: Հայրն ու մայրը նկարիչ են, իսկ ինքը ժառանգել է քեռու արվեստը՝ քանդակագործություն: Այժմ սովորում է Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի քանդակ բաժնում: Քսանամյա Մուշեղը իր անդրանիկ ստեղծագործությունը քանդակել է հինգ տարեկանում, դա իր շան կիսանդրին էր:
«Ես շուն ունեի, շատ էի սիրում նրան, երբ սատկեց՝ որոշեցի անմահացնել նրան ու քանդակեցի կիսանդրին»,-հիշում է Մուշեղը: Սա եղավ Մուշեղի առաջին ու վերջին քանդակը՝ մինչեւ Գեղարվեստի ակադեմիա ընդունվելը. այդպես էր որոշել: Տասներկու տարվա ընդմիջումից հետո նա կրկին կավ վերցրեց ձեռքն ու այս անգամ քանդակեց իր սիրած աղջկա կիսանդրին:
«Առաջին կուրսում սիրահարվեցի, դա շատ օգնեց ինձ իմ արվեստի մեջ: Ես նրանով էի ոգեշնչվում ու որոշեցի նրա կիսանդրին քանդակել»,- պատմում է Մուշեղը: Երբ արդեն աշխատանքը հասել էր վերջնակետին, կիսանդրին պատրաստ էր, հանկարծ Մուշեղը քանդեց իր ստեղծագործությունը:
«Իմ սիրավեպը լավ ավարտ չունեցավ, մենք բաժանվեցինք, ու ես իմ ձեռքով քանդեցի նրա կիսանդրին»,- հիշում է Մուշեղը:
Երիտասարդ քանդակագործի համար իր արվեստն ապրելաձեւ է, կյանքի իմաստ: «Կավի հետ շփվելիս ես ինձ լիարժեք մարդ եմ զգում, առանց քանդակելու՝ ինձ չեմ պատկերացնում: Շատ անգամ է եղել, որ քանդակելուց հետո գնացել եմ տուն, ցանկացել հանգստանալ, բայց չեմ կարողացել ու էլի սկսել եմ քանդակել. դրա մեջ է իմ հանգիստը»,- պատմում է Մուշեղը:
Նրա ստեղծագործությունների մեջ գերակշռող են հակառակ սեռի ներկայացուցիչները: «Մեզ՝ արվեստագետներիս, կանայք են ներշնչում, նրանցով է գալիս մեր մուսան»,- ասում է Մուշեղը:
Մուշեղ Թարզյանը մասնակցել է ցուցահանդեսների, գիտաժողովների: Երկու տարի առաջ օգոստոսին, Սուրբ Աստվածածնի տոնին նվիրված, մանկական հիվանդանոցի դիմաց իր քանդակած ցուլն է տեղադրել: Իսկ վերջերս ուսանողական ցուցահանդեսին ներկայացրել է իր աշխատանքներից երկուսը՝ «Պոսեյդոնն» ու «Վեներան»:
Այժմ Մուշեղը կրկին սիրահարվել է ու արդեն երկու օր է, ինչ սկսել է կավի միջոցով շունչ տալ իր սիրած աղջկա կերպարին.
«Հուսով եմ, սա իմ վերջին քանդակը չի լինի ու ամեն ինչ լավ ավարտ կունենա»,- ասաց Մուշեղը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել