Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԻՐԱՎԱԲԱՆԸ՝ ՊԱՀԱԿ

Մայիս 01,2010 00:00

Սվետլանա Դավթյանը 35 տարի առաջ ավարտել է համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, բայց երբեք մասնագիտությամբ չի աշխատել:

Երեւանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարան մուտք գործելուց հետո հանդիպում ես միջահասակ, ալեխառն մազերով, առաջին հայացքից խիստ պահվածքով մի կնոջ, որ հարցնում է՝ ո՞ւր եք գնում: Տիկին Սվետլանան է, որ արդեն 7 տարի աշխատում է այստեղ՝ որպես պահակ: Համալսարանի մուտքի մոտ գտնվող փոքրիկ խցում էլ նա անցկացնում է շաբաթվա 2 օրը՝ 24 ժամով: Սրանք շաբաթվա միակ օրերն են, երբ Մանկավարժական համալսարանի այս մասնաշենքի կողքին գտնվող Ֆիզկուլտ ինստիտուտից ոչ մի տղա չի կարողանում ներս սողոսկել՝ բաղձալի աղջկան տեսնելու համար, որովհետեւ հենց մուտքի մոտ հանդիպում է Սվետլանային: Բացի պատահական մարդկանց ու անծանոթների մուտքը արգելելուց՝ պահակը դասախոսներին է տրամադրում ու ետ ընդունում լսարանների բանալիները, մի խոսքով՝ հսկում է համալսարանի անցուդարձը:
Սվետլանա Դավթյանը 57 տարեկան է, 35 տարի առաջ ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, սակայն այդպես էլ մասնագիտությամբ չի աշխատել: «27 տարի աշխատել եմ Էրեբունու թաղապետարանում (նախկինում՝ գործկոմ- Ա. Մ.), սկզբում որպես մատակարարման բաժնի պահեստապետ, այնուհետեւ՝ մատակարարման բաժնի պետ: Երբ թաղապետը փոխվեց՝ բոլոր հին աշխատողներին կրճատեցին, քանի որ չէին ցանկանում բանիմաց մարդկանց հետ աշխատել»,- պատմում է տիկին Սվետլանան: Դրանից հետո մեկուկես տարի նա չէր կարողանում աշխատանք գտնել, որովհետեւ, ըստ գործատուների, տարիքը մեծ էր՝ 50 տարեկան: 2003 թվականին Սվետլանան գալիս է Մանկավարժական համալսարան: «Ես դաստիարակվել եմ այնպես, որ պիտի անպայման աշխատեմ եւ ինձ համար արդեն կարեւոր չէր, թե ինչ եմ աշխատելու ու մնացի համալսարանում՝ որպես ցերեկային հերթապահ»,- պատմում է նա:
Հիմա կարգը փոխվել է, եւ Սվետլանան ցերեկային պահակ ասվածի տակ աշխատում է 24 ժամ եւ 3 օր հանգստանում է: Նա տարիների ընթացքում հասցրել է կապվել այս աշխատանքի հետ եւ եթե նախկինում ցավով էր վերաբերվում իր գործին, ապա հիմա նույնիսկ հաճույքով է գալիս այստեղ: «Շնորհակալ եմ Աստծուց, որ գոնե այնպիսի տեղ եմ աշխատում, որտեղ երիտասարդները, հատկապես՝ աղջիկները, շատ են: Նրանց հետ շատ եմ շփվում, երբեմն խորհուրդներ եմ տալիս, իրենք են ինձ ինչ-ինչ հարցերում քաջալերում, եւ ես բոլորին էլ սեփական երեխաներիս պես սիրում եմ»,- խոստովանում է կին-պահակը: Տիկին Սվետլանայի սերը փոխադարձ է, եւ դժվար է գտնել մի ուսանողի կամ դասախոսի, որ անտարբեր լինեն նրա նկատմամբ. «Ընկեր Սվետան կարծես մեր մեծ ընտանիքի մայրը լինի, շատ բարի է ու պատասխանատու, ցանկացած հարցով կարող ենք դիմել նրան՝ իմանալով, որ միշտ պատրաստ է օգնել, բայց մի հարցում երբեք համաձայնության չենք գալիս, որովհետեւ, ըստ նրա, ով մեր համալսարանի ուսանողը չէ, այստեղ գործ չունի»,- պատմում է բանասիրական ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանողուհի Օֆելյան:
Տիկին Սվետլանան 2 տղաների մայր է, ունի 2 թոռնիկ, որոնց դաստիարակությամբ եւս հաճույքով զբաղվում է: Մեր հանդիպման ընթացքում տատիկի կողքից հեռու չէր գնում 5-ամյա Ժորան, ով շատ է սիրում տատիկի աշխատավայրը ու հնարավորության դեպքում այստեղ է գալիս, բայց ոչ հենց այնպես: «Ժորիկիս հետ, որքան կարողանում, անգլերեն եմ պարապում, որոշել ենք անգլիական թեքումով դպրոց տալ, թող կիրթ ու ազգին պիտանի մարդ դառնա ու երբեք պահակ աշխատելու կարիք չունենա»,- ասում է Սվետլանան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել