Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ռոման Ամոյան. եզդիների պարծանքը

Մայիս 01,2010 00:00

 Երբ սկսեց ըմբշամարտով զբաղվել՝ ընդամենը 19 կգ էր կշռում

Ռոմանի առաջին մարզիչը եղբայրն էր՝ Ազատ Ամոյանը: Երբ Ռոմանը ցանկություն հայտնեց մարզվելու, եղբայրը մերժեց. տղայի ֆիզիկական տվյալները չէին համապատասխանում չափանիշներին: «Ազատը ասում էր, որ շատ փոքր եմ, ինձ հեշտ կհաղթեն: Դե, ընդամենը 19 կգ էի, եղբայրս էլ վախենում էր, որ հանկարծ վնասվածք կստանամ: Բայց ես շատ էի ցանկանում»,- ասում է Ռոման Ամոյանը:
Չնայած արտաքին տվյալներին՝ տղան ճկուն էր ու արագաշարժ, բարդ իրավիճակներում արագ էր կողմնորոշվում: «Մանկուց ես միշտ սիրել եմ սպորտը: Ոչ թե միայն իմ ընտրած մարզաձեւը, այլ՝ ընդհանրապես: Շատ եմ սիրել նաեւ մեծ թենիս: Թեպետ խաղալիս հաճախ եմ պարտվում, բայց միշտ խաղում եմ»,- ասում է Ռոմանը: Ըմբշամարտիկին հատուկ բնավորությունը նրա հետ է ցանկացած մարզաձեւում: Շատ է սիրում հաղթել, եւ նույնիսկ թենիսի պարտությունն է ծանր տանում: «Անգամ երբ նարդի ենք խաղում ու Ռոմանը պարտվում է, իսկույն խառնվում է, նյարդայնանում: Գորգում հաղթելու ցանկությունը շատ ուժեղ է նրա մոտ»,- ասում է Ռոմանի ընկերը:
1999-ից արդեն սկսվել է նրա սպորտային հաղթարշավը: Մի շարք տիտղոսների կողքին ունի նաեւ օլիմպիական բրոնզե մեդալակրի տիտղոսը: Նրա կյանքում մեծ դեր են ունեցել եւ ունեն Հայաստանի վաստակավոր մարզիչներ Հարություն Խաչատրյանն ու Համլետ Գեւորգյանը: Ազգությամբ եզդի մարզիկին ոգեշնչում է նաեւ հայկական դրոշը: «Ես շատ եմ սիրում Հայաստանը եւ հայ ժողովրդին: Շատ հպարտ եմ, որ այս երկիրն եմ ներկայացնում»,- ասում է ըմբշամարտիկը: Ճիշտ է, այլ երկրներից հրավերներ է ստացել, բայց երբեք չի ընդունել եւ ապագայում էլ նույնը կանի: Նրա համար կարեւորը հայկական դրոշը բարձրացնելն ու Հայաստանի հիմնը հնչեցնելն է միջազգային մրցաշարերում: «Շատ գոհ եմ մեր ժողովրդից, որ այսպես ոգեշնչում է մարզիկներին: Շնորհակալ եմ հատկապես Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահից. նրա շնորհիվ այսօր մեր մարզիկները մեծ հաջողությունների են հասնում»,- ասում է նա:
Ինչպես բոլոր առաջատար մարզիկները, Ռոման Ամոյանը նույնպես պատրաստվում է 2012թ. օլիմպիական խաղերին: Մինչ այդ մի քանի միջազգային մրցաշարերի նույնպես կմասնակցի, բայց հիմնական նպատակը օլիմպիական չեմպիոն դառնալն է: Իսկ մինչ 2012-ը անպայման կամուսնանա, քանի որ արդեն ընտրել է ապագա կնոջը: Ճիշտն ասած, կուզեի լուսաբանել նաեւ ըմբշամարտիկի հարսանյաց հանդեսը. մնում է միայն հրավեր ստանալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել