Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ Է ԸՆՏՐԵԼ ԻՆՁ

Մայիս 01,2010 00:00

«Ես շատ եմ սիրում երգել, բայց երբեք չեմ ցանկացել երգչուհի դառնալ»,- ասում է «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հ/կ-ի ղեկավար Շուշան Դոյդոյանը:

\"\"

Մասնագիտությամբ լրագրող, նաեւ իրավաբան Շուշան Դոյդոյանը դպրոցական տարիներին բոլոր առարկաները սովորել է շատ լավ, բայց ափսոսում է, որ առավել շատ ուշադրություն չի դարձրել իրեն անհրաժեշտ առարկաներին՝ հայոց լեզվին, գրականությանը, օտար լեզուներին: Նա սովորել է երկու դպրոցներում, բայց առավել տպավորիչ էին երկրորդ՝ ինչպես ժողովուրդն է ասում «Բլեյանի դպրոցում» անցկացրած տարիները: «Այս դպրոցի կարգերն ամբողջովին տարբեր էին այլ դպրոցների կարգերից: Նախ՝ տնօրենը բոլորին ճանաչում էր անուններով, հետո դասարանում աշակերտները ուսուցչի հետ նստում էին շրջանաձեւ՝ միեւնույն հարթության վրա, նաեւ շատ մեծ կապ կար բնության հետ: Ինձ թվում է, որ այս մթնոլորտի շնորհիվ է, որ այդ դպրոցից շատ հայտնի մարդիկ դուրս եկան»,- ասում է Շուշան Դոյդոյանը: Դպրոցական տարիներին էլ շատ սիրելով անգլերենը՝ նա որոշում է ընդունվել Երեւանի պետական համալսարանի ռոմանագերմանական ֆակուլտետ: Ընդունելության հայտը լրացնելիս նշում է նաեւ ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Առաջինը ժուռնալիստիկայի ֆակուլտետի քննություններն ավարտելով եւ այդ ֆակուլտետում սովորելու համար լրիվ բավարար միավորներ հավաքելով՝ նա կանգ է առնում ժուռնալիստիկայի վրա՝ չնայած դեռ պիտի հանձներ մեկ քննություն ռոմանագերմանական ֆակուլտետ ընդունվելու համար: «Ես համարում եմ, որ այս մասնագիտությունն է ինձ ընտրել, եւ ոչ թե՝ ես նրան: Ինձ թվում է, որ այդպես ավելի լավ եղավ, որովհետեւ ռոմանագերմանական ֆակուլտետում սովորելով լեզուներ՝ ուրիշ ոչինչ չես սովորում: Իսկ ժուռնալիստիկայի ֆակուլտետում ես շատ բան սովորեցի, նաեւ օտար լեզու»,- ասում է տիկին Դոյդոյանը:
Ժուռնալիստիկան, ըստ նրա, կարողացավ փոխել նաեւ իր ամբողջ ներաշխարհը: «Այս մասնագիտությունն ստիպում է քեզ չամաչել այլ մարդկանցից, սովորեցնում է հարցեր տալ մարդկանց, շփվել նրանց հետ, հասկանալ, որ մարդիկ շատ լավն են եւ կարող են քո բարեկամը, ընկերը լինել»,- ասում է նա: Ժուռնալիստիկայի ֆակուլտետում մեկ տարի տեսական գիտելիքներ սերտելուց հետո Շուշան Դոյդոյանը հասկացավ՝ անհնար է լսարանում ժուռնալիստ դառնալ եւ գնաց աշխատանքի: «Արդեն երկրորդ կուրսում աշխատել եմ այն ժամանակվա Ազգային ռադիոյի «Իրավունք» հաղորդաշարում: Հաղորդումը կոչված էր քաղաքացիներին իրազեկել իրենց իրավունքների մասին»,- հիշում է Շուշան Դոյդոյանը: Գործնական ժուռնալիստիկայով զբաղվելիս նրան առավել շատ զայրացրել է «ինչ-որ չինովնիկի» տեղեկատվություն կամային չտրամադրելու հանգամանքը:
Ժուռնալիստիկայի ֆակուլտետն ավարտելուց անմիջապես հետո Շուշանը նույն ֆակուլտետի լսարան է մտնում արդեն որպես դասախոս. «Կարծես հարկադրված էի մտել լսարան, պետք է մի քիչ էլ սպասեի, հետո մտնեի: Բայց սա էլ ինձ շատ օգնեց՝ ինքս ինձ հաղթահարելու համար»: Կարճ ժամանակ անց Շուշան Դոյդոյանը սկսում է շատ սիրել դասախոսի իր աշխատանքը: «Ինձ շատ լավ էի զգում ուսանողներիս հետ շփվելիս: Ինքս առիթներ շատ էի ունեցել դրսում լինելու: Այնտեղից բերած իմ գիտելիքները, ինչպես նաեւ՝ գրականությունից ստացած գիտելիքները փոխանցում էի իմ ուսանողներին»,- պատմում է Շուշան Դոյդոյանը:
Առնչվելով ժուռնալիստիկայի խնդիրներին՝ նա համոզվել է, որ այս դաշտում գործող լրագրողներին պակասում են իրավական գիտելիքներ: «Դեռ դպրոցական տարիներից սիրել եմ իրավաբանություն, բայց երբեք չեմ ցանկացել իրավաբան դառնալ: Իրավաբանի կրթությունն ստացել եմ, որ հարստացնեմ գիտելիքներս, որպես իրավապաշտպան-լրագրող՝ նպաստ բերեմ ժուռնալիստների իրավունքների պաշտպանությանը»,- ասում է ԵՊՀ-ի իրավաբանության ֆակուլտետն ավարտած Շուշան Դոյդոյանը:
1999-ին նա ուսումնագիտական նպատակներով լինում է ԱՄՆ-ում՝ որպես Հայաստանից հրավիրված՝ ժուռնալիստական էթիկայի խնդիրներով զբաղվող լրագրող: «Այստեղ տեսա, թե տեղեկատվության ազատությունն ինչ մեծ առավելություններ է տալիս հասարակությանը, ինչքան մեծ եւ դրական փոփոխություններ է առաջացնում: Մտածեցի՝ ինչո՞ւ մենք էլ չունենանք այդ ազատությունից,- պատմում է Շուշան Դոյդոյանը՝ ավելացնելով, -հասկանում էի, որ դա կարեւոր բան է, պետք է դրանով զբաղվել, բայց նույնիսկ մտքովս չէր անցնում, որ ամբողջ գործունեությունս կնվիրաբերեմ դրան»:
2001-ին Շուշան Դոյդոյանը հիմնադրում է եւ մինչ օրս ղեկավարում «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հ/կ-ն, որի նպատակն է ապահովել մարդկանց՝ տեղեկատվություն ստանալու սահմանադրական իրավունքը: Կենտրոնի ղեկավարը եղել է նաեւ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի նախաձեռնողներից: Օրենքը կա, գործում է նաեւ «Ինֆորմացիայի ազատության կենտրոնը», իսկ մեր երկրում կա՞ տեղեկատվության ազատություն եւ մատչելիություն: «Հիմա կարող եմ գոնե հանգիստ շունչ քաշել, որ հասել ենք այն մակարդակին, որ օրենքը դարձել է հայտնի ե՛ւ պաշտոնյաների շրջանում, ե՛ւ լրագրողների: Դժվարը հասարակությանը հասկացնելն է, որ իրենց դժվարությունների մեծ մասը տեղեկացված չլինելուց է»,- ասում է Շուշան Դոյդոյանը:
Նրա կյանքում միշտ էլ դժվարություններ եղել են, դրանցից նա երբեք չի փախչել: «Եթե ավելի երիտասարդ շրջանում դժվարություններն իմ մեջ դրանք հաղթահարելու ազարտ էին առաջացնում, հիմա մտածում եմ, որ նախ պետք է գնահատեմ՝ ունա՞կ եմ այդ դժվարությունը հաղթահարելու: Եթե ունակ չեմ լինում, ապա չեմ փորձում դրանք հաղթահարել: Մտածում եմ՝ դրանից կտուժեմ ես եւ իմ առողջությունը»,- նշում է Շուշան Դոյդոյանը: Իսկ կյանքի ամենաուրախ եւ ամենատխուր պահերին նրան աջակցում է իր ընտանիքը՝ ամուսինը եւ փոքրիկ Արեւիկը. «Երբ տրամադրություն չեմ ունենում՝ Արեւս նկատում է եւ հարցնում. «Մամա, ի՞նչ ա եղել, ինչի՞ ես տխուր»: Այդ պահին միանգամից մոռանում եմ իմ բոլոր հոգսերը»: Իսկ ամուսինը չմերժեց Շուշանի՝ Փարիզից Երեւան տեղափոխվելու խնդրանքը. «Ես ուրիշ երկրում երկար ապրել չեմ կարողանում: Նախ՝ չեմ հարմարվում ուրիշ երկրի օդ ու ջրին, հետո մտածում եմ՝ ինչո՞ւ իմ կարողությունները չօգտագործեմ երկրիս համար: Ամուսինս չնայած արդեն տասներեք տարի էր, ինչ Երեւանից տեղափոխվել էր այնտեղ, ուներ իր տունը, աշխատանքը, հասկացավ ինձ»:
Շուշանը, իր հիմնական գործունեությունից զատ, ունի նաեւ այլ նախասիրություններ. սիրում եւ շատ լավ է խաղում բասկետբոլ, զբաղվում է լողով, խաղում է նաեւ սեղանի թենիս. «Ինձ նաեւ միշտ շրջապատում է երգը: Ես շատ եմ սիրում երգել, ամբողջ օրը երգում եմ…»:
Հիմա տիկին Դոյդոյանը իրեն ոչ լրագրող է համարում, ոչ էլ իրավաբան. «Ես զբաղվում եմ հանրային գործունեությամբ, որն օգտագործում է ժուռնալիստի եւ իրավաբանի առավելությունները, գործիքները, հզորությունները՝ նպաստելով հանրության շահերի պաշտպանությանը»: Իսկ մեզ՝ կյանքում առավել ապահով զգալու համար նա առաջարկում է իր կյանքի կարգախոսը. «Դու տեղյակ լինելու իրավունք ունես»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել