Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դպրոցը՝ թվերի խառնաշփոթ

Մայիս 01,2010 00:00

Բաղադրիչային համակարգին տիրապետելու համար՝ ուսուցիչները պետք է մաթեմատիկոս լինեն

\"\"

«Գերազանցիկ էիր՝ 5 էին դնում, հարվածային էիր՝ 4, միջակ՝ 3, դե, իսկ ծույլիկ էիր՝ 2 կստանայիր: Ամեն բան փոխեցին, փոփոխեցին, հիմա էլ՝  պարզ ու հասկանալի գնահատման կարգը: Մինչեւ հիմա ինչպես  էին 5 բալանոցի մեջ տեղավորվում, հիմա հանկարծ էլ 5 բալանոց կարգը  չի բավարարում՝ դարձրին 10-ը: Տղաս դպրոցից գալիս է, հարցնում եմ՝ բալես, այսօր ինչ ես ստացել, ասում է. «մաթեմից՝ 6, գրակից՝ 8, հայոց լեզվից էլ՝ 9»: Դե արի ու հասկացի, թե 6-ն ու 8-ը որն է: Շատ անգամ եմ դպրոց գնացել, ուսուցիչների հետ զրուցել, փորձել հասկանալ այս նոր մեխանիզմը, մինչեւ տուն եմ հասել՝ մոռացել եմ: Հիմա էլ ստիպված՝ մեծ թղթի վրա գրել եմ 1-10 թվանշանները, գծիկ քաշել, կողքը գրել, թե որը որ թվանշանն է: Մի խոսքով, դպրոցը դարձրել են «կաշա», էն էլ՝ թվերի»,- բողոքում է 55-ամյա Սեդա Մկրտչյանը:
Սեդայի 10-ամյա աղջիկը սովորում է 119-րդ դպրոցում: Թեեւ աղջիկը այս նոր փոփոխություններին  շուտ ընտելացավ, մոր համար գնահատման, այսպես կոչված, «բաղադրիչային համակարգը» շարունակեց մնալ անհասկանալի: Մինչդեռ, օրինակ, երիտասարդ սերնդի ներկայացուցիչ՝ նույն 119-րդ դպրոցի ծնողներից 25-ամյա Լուսինեի համար գնահատման այս նոր համակարգը շատ ավելի ընդունելի ու գովելի է, քան նախկինը: «Իմ կարծիքով, գնահատման 10 բալանոց համակարգը շատ ավելի կրթական է: Եթե երեխան պատասխանում է 5-ի, ուսուցիչը երեխային էլ ավելի ոգեւորելու համար՝ կարող է նշանակել 10՝ 5+»:
Իսկ թե որքանով է այս նոր համակարգը ոգեւորում ուսուցիչներին եւ ըստ էության ի՞նչ է իրենից ներկայացնում, 119-րդ դպրոցի ուսուցչուհի Կարինե Պետրոսյանն ասում է. «Պետք է ասել, որ ավագ սերնդի ներկայացուցիչների համար՝ թե ծնողների, թե ուսուցիչների, շատ ավելի դժվար է հինը մոռանալը եւ նորին անցնելը: Բայց ժամանակները փոխվում են, պետք է գիտակցել, որ այսօր գիտելիքների ծավալը մեծանում է եւ միակ արդյունավետ լուծումը կրթության նորացումն է, այսինքն՝ կրթական «ավանդական» համակարգի ձեւի ու բովանդակության վերանայումը: Ինչպես գիտեք, բոլոր հանրակրթական դպրոցներում 2009 թվականի սեպտեմբերից կիրառվում է 10 բալանոց համակարգին կից գնահատման բաղադրիչային համակարգը, ըստ այդմ, կիսամյակի ընթացքում աշակերտի գիտելիքների գնահատման համար կիրառվում է գիտելիքների ստուգման 4 տարբերակ՝ բանավոր հարցում, գործնական աշխատանք, թեմատիկ գրավոր աշխատանք  եւ կիսամյակային ամփոփիչ աշխատանք: Թեմատիկ գրավոր աշխատանք գրում են յուրաքանչյուր թեմա ուսումնասիրելուց հետո: Կիսամյակային ամփոփիչ աշխատանքը կատարվում է ուսումնական կիսամյակի ավարտին եւ ներառում է ողջ կիսամյակի ընթացքում ուսումնասիրված թեմաները: Իսկ բանավոր հարցումների եւ գործնական աշխատանքների քանակը սահմանվում է ըստ տվյալ առարկային հատկացվող ժամաքանակի: Աշակերտի կիսամյակային գնահատականը ձեւավորվում է այս 4 տարբերակներից վաստակած գնահատականների հիման վրա: Գնահատման 4 տեսակներից յուրաքանչյուրից դուրս է բերվում միջին գնահատական, ապա միջին գնահատականից ընդհանուր միջին է հանվում, որը դառնում է քառորդային գնահատական»:
Մի խոսքով, երեխաներին գնահատելը բավականին ծավալուն  աշխատանք է՝ համեմված բարդ մաթեմատիկական գործողություններով: Որքան էլ դրական, այս նոր համակարգը իր բացասական կողմերը եւս ունի՝ այն շատ է բարդացրել ուսուցիչների աշխատանքը: «Բաղադրիչներով գնահատման համակարգը հնարավորություն է տալիս տարբեր կողմերից մոտենալ երեխայի կարողություններին: Երեխաների համար հեշտ է, բայց ուսուցիչների գործը քառապատկվել է: Նախ շատ դժվար է 4 բաղադրիչներով գնահատելը, ընդհանուր միջին գնահատական հանելը կամ էլ 35 երեխայի համար ամփոփիչ եզրակացություն- բնութագիր գրելը, յուրաքանչյուր աշակերտին հավասարաչափ ժամանակ տրամադրելը, էլ չեմ ասում թեստային գրավորների մասին, որի արդյունքում ցածր գիտելիքներով երեխան պատահականության կամ էլ արտագրելու շնորհիվ է բարձր միավորներ  հավաքում: Ստիպված ենք լինում աշակերտների թվին համապատասխան՝ մեկը մյուսից տարբեր թեստեր կազմել, որպեսզի արտագրություններ չլինեն»,- ասում է Կարինե Պետրոսյանը:
Իսկ թե որքանով են այդ ամենօրյա հաշվարկները նպաստում կրթության որակի բարձրացմանը՝ պարզ կդառնա մոտակա 2-3 տարվա ընթացքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել