Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Թաթուլի պատգամը

Մայիս 01,2010 00:00

\"\"Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանը դարձավ 45 տարեկան

Արտին սարի շուրջը տարածված Արեգ գյուղում, 1965թ. ապրիլի 21-ին ծնվեց հերոսը: Որոշեց կրթություն ստանալ Երեւանի պետական համալսարանում: Սակայն արցախյան շարժումը թույլ չտվեց ապագա պատմաբանին դիպլոմ ստանալ: 3-րդ կուրսում գնաց պատերազմ ու չվերադարձավ:
Գետաշենի պաշտպանության ժամանակ, 1991թ. ապրիլի 30-ին Թաթուլը զոհվեց: Նրա կյանքի գնով հազարավոր մարդիկ փրկվեցին: Չնայած Գետաշենը չկարողացան պաշտպանել թշնամուց, բայց հնարավոր եղավ խաղաղ բնակչությանը համարյա առանց կորուստների տարհանել: Նրա մարտական ընկերների հիշողությունների մեջ հատկապես տպավորվել է այն, թե ինչպես է Թաթուլը միայնակ գերի վերցրել ռուս գնդապետ Մաշկովին, ով այդ ժամանակ օգնում էր ադրբեջանցիներին՝ Գետաշենում իրականացնել հայաթափման «Օղակ» գործողությունը: Իսկ նրա դասախոս Արտավազդ Դարբինյանը դժվարանում է առանց հուզմունքի խոսել Թաթուլի մասին: «Նա ռազմաճակատ էր մեկնել երկու առաքելությամբ՝ ուսուցանել եւ ամեն գնով հայրենիքը պաշտպանել: Նա ասում էր, որ Երեւան չի վերադառնա, եթե Գետաշենը ընկնի: Այդպես էլ եղավ: Կռվի թեժ պահին Թաթուլը կրկին ելքը գտավ եւ թշնամուն ստիպեց գրոհը կանգնեցնել: Բայց թշնամու գնդակը մահացու եղավ իր եւ իր ընկերների համար, Թաթուլը զոհվեց ընդամենը 26 տարեկանում»,- պատմում է դասախոսը:
ԵՊՀ «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբը մի շարք աջակիցների օգնությամբ Թաթուլ Կրպեյանի 45-ամյակին նվիրված միջոցառումների շարք էր պատրաստել: Ապրիլի 3-ից մինչեւ 30-ը, կարելի է ասել, այս ակումբի համար կրպեյանական էր: Նրա ծննդավայրում, որն այժմ կոչվում է Թաթուլ, մի շարք միջոցառումներ են տեղի ունեցել՝ ի հիշատակ հերոսի: Ակումբի նախաձեռնությամբ կազմակերպվել էր նաեւ արշավ դեպի Արտին լեռ՝ «Թաթուլը եւ Մեծ եղեռնը» խորագրով: «Թաթուլը ամեն տարի ապրիլի 24-ին բարձրանում էր Արտին, մեծ կրակ էին վառում եւ հերթական անգամ հիշեցնում թուրքերին մեր գոյության մասին: Մենք ընդամենը նրա պատգամն ենք կատարում»,- ասում է Թաթուլի քույրը՝ Ռուզանը: «Կարծում եմ, որ ամեն անգամ այս այցելությունները «բաց դասեր» են մեր երիտասարդների համար: Նրանք մաքրագործվում են այդ հայրենասիրության ավազանում: Այս անգամ այդ ավազանը Թաթուլն էր»,- ասում է ակումբի նախագահ Սաթենիկ Աբրահամյանը: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել