Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հանդիպում համադասարանցիների հետ…

Մայիս 01,2010 00:00

Պրեմիերա՝ ռուսական թատրոնի բեմում

Երեկ Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում կայացավ «Օդնոկլասնիկի» ներկայացման պրեմիերան:
Պիեսը պատմում է, թե ինչպես են տարիներ անց հանդիպում համադասարանցիները: Նրանք բոլորն էլ արդեն 40 տարեկան են: Նրանցից յուրաքանչյուրն ունի իր ճակատագիրը: Կյանքը յուրաքանչյուրին մի անկյուն է գցել: Մեկը դարձել է հոգեւորական, մյուսը՝ օլիգարխ, մեկ ուրիշն էլ՝ պարզապես ընկել փողոցները… Համադասարանցիները հավաքվում են վերհիշելու իրենց կյանքի ամենալուսավոր էջերը, անցած ճանապարհը ու նաեւ այն, թե ինչի են հասել ու ինչ մարդկային որակ են ձեռք բերել: Ներկայացման մեջ Ռուսաստանի բեկումային շրջանն է. հերոսները փորձում են հարմարվել այդ ժամանակաշրջանին, որտեղ սկզբունքներ ու արժեքներ են փոխված:  
Դահլիճում էր նաեւ պիեսի հեղինակ՝ գրող, հրապարակախոս Յուրի Պոլյակովը: Նրա գործերից մեկը, ի դեպ, արդեն բեմադրվել է ռուսական թատրոնում եւ այսօր էլ կա թատրոնի խաղացանկում: Խոսքս՝ «Աֆրոդիտեի ձախ կուրծքը» ներկայացման մասին է:
Այս անգամ էլ Յու. Պոլյակովի պիեսին բեմական շունչ էր տվել ռուսական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ա. Գրիգորյանը, ով ամենեւին անհանգստացած չի եղել այն փաստից, որ հատկապես վերջին շրջանում Յու.  Պոլյակովի պիեսները Ռուսաստանում ենթարկվում են սուր քննադատությունների, մեղմ ասած, հաճո չեն թատերագետների քիմքին, որոնք իրենց հոդվածներում նշում են, որ դրամատուրգը դաժան ձեռագիր ունի, պիեսները ձգձգված են, հերոսների կենսագրություններն էլ՝ ցաք ու ցրիվ ներկայացված: Ի դեպ, ձգձգվածության մասին մեզ հետ զրույցում փաստեց նաեւ ներկայացման բեմադրիչ Ա. Գրիգորյանը, ով փորձել էր հնարավորինս հավատարիմ մնալ բնօրինակին, բայց եւ այնպես՝ մի քանի սրբագրումներ այդուհանդերձ արել է, որպեսզի է՛լ ավելի ճշգրիտ ներկայացնի հերոսներին: 
Պոլյակովը գոհ էր ներկայացումից: «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ «Օդնոկլասնիկի» պիեսը 7 անգամ բեմադրվել է, բայց ոչ բոլորն են ինձ գոհացրել»: Նրան հատկապես գոհացրել էր այն փաստը, որ Ա. Գրիգորյանը հավատարիմ է մնացել բնօրինակին: Ու թեեւ Յու. Պոլյակովը խոստովանեց, որ ռեժիսորներին հատուկ պահանջներ ներկայացնելու սովորություն չունի, բայց ցավոտ է տանում այն փաստը, որ բնօրինակից ռեժիսորները շատ քիչ բան են թողնում: Բայց եւ այնպես Յու. Պոլյակովը չի հիշում դեպք, որ իր պիեսը տապալվի:
Վերջինիս նաեւ գոհացրել էր դերասանական խաղը: Նա հատկապես առանձնացրեց Ֆրեդերիկ Դավթյանի ե Աննա Բալանդինայի խաղը: Մեզ հետ զրույցում դերասանուհի Աննա Բալանդինան խոստովանեց, որ առաջին իսկ օրվանից, դերը ստանալուն պես, մեծ ոգեւորությամբ է մոտեցել իր հերոսուհու՝ Սվետլանայի կերպարին: Դերասանուհին ասում է, որ իրեն նաեւ օգնել է իր կենսափորձը, ինչն էլ ներմուծել է հերոսուհու կերպարում: Ա. Բալանդինան նշում է, որ այսպիսի դեր նա երբեւէ չի խաղացել: 
Ի դեպ, Ա. Բալանդինայի հետ երկրորդ կազմում նշանակված է եղել նաեւ նույն թատրոնի երիտասարդ  դերասանուհի Էլիտա Սոնոկոեւան, որն ինչ-ինչ պատճառներով հեռացվել է ներկայացումից, թեեւ դերասանուհին մասնակցել է փորձերին, նույնիսկ իր անունը գրված է ներկայացման ծրագրերում: Ա. Գրիգորյանն ասաց, որ Է. Սոնոկոեւայի հետ աշխատել է, բայց  ստիպված է եղել դերասանուհուն չթույլատրել պրեմիերային, քանի որ դերը, ըստ Ա. Գրիգորյանի, վերջնականապես պատրաստ չի եղել եւ չի համապատասխանել դերասանուհու հոգեբանությանը: Եվ ի սկզբանե սխալ ընտրություն է կատարված եղել, բայց Գրիգորյանը չի բացառում, որ հնարավոր է Է. Սոնոկոեւայի հետ աշխատանքներ տանի եւ թույլատրի այս ներկայացման մեջ խաղալ:
Ի դեպ, դերասանական կազմի մասին: Ներկայացումն ունի երկու դերասանական կազմ: Երկու տարիքային բեւեռներ: Դժվար է առանձնացնել, թե որ կազմն է ավելի համոզիչ ու հաջողված: Երկուսն էլ բավական գունեղ են: Երկու դեպքում էլ դերասանական ճիշտ ընտրություն է կատարված: Հանդիսականի ուշադրությունը անկասկած կգրավեն Սերգեյ Մաղալյանի, Իրինա Մարչենկոյի, Ռոբերտ Հակոբյանի, Արման Ղազարյանի, Իրա Հարությունյանի, ինչպես նաեւ Լուսինե Ղազարյանի եւ Սերգեյ Գրիգորյանի աշխատանքները: Ամենեւին էլ չի զիջում ներկայացման երկրորդ կազմը՝ ի դեմս դերասաններ Արթուր Պետրոսյանի, Երվանդ Ենգիբարյանի, Թեհմինե Խաչատրյանի,  Յուրի Իգիթխանյանի, Նառա Թումասյանի, Ելենա Եսայանի, Դավիթ Խաչատրյանի, Դավիթ Սեղպեյանի աշխատանքները:
Հատկապես դերասանական ծանր փորձություն երկու դերասանների վրա է ընկած, ովքեր բեմում տանում են անդամալույծ մարդու համր դեր՝ Վյաչեսլավ Շամիրյանի եւ սկսնակ դերասան Մամվել Խաչատրյանի:
Ներկայացման ասելիքը լրացվում է տեղին ու ճիշտ ընտրված երաժշտությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել