Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՇՆԵՐԻՆ ՀԱՐԿԱՎՈՐ Է ՃԻՇՏ ԴԱՍՏԻԱՐԱԿԵԼ

Մայիս 01,2010 00:00

«Շունը տիրոջն է նման» արտահայտության մեկնաբանությունը

\"\"\"\"

Այսօր շատերը, անկախ իրենց սոցիալական դիրքից եւ հնարավորություններից, շուն են պահում, բայց քչերն են, որ այդ հավատարիմ կենդանուն ինչպես հարկն է խնամում են: Ըստ Հայաստանի կինոլոգների միության նախագահ Վիոլետա Գաբրիելյանի, հայերը չափազանց կենդանասեր են. «Հատկապես՝ շնասեր, եթե կարելի է այդպես ասել: Յուրաքանչյուր կենդանի, ինչպես եւ շունը, ունի բնավորություն, հոգեբանություն: Այս առումով շան հոգեբանությունը նման է մարդու հոգեբանությանը: Հայի բնավորությունն ինչպես է՝ նվիրվող, սեր տվող, չէ՞. նույնը եւ շունն է: Երեւի սա է պատճառը, որ հայերս շատ ենք սիրում մեր չորքոտանի հավատարիմ ընկերոջը»:
Տիկին Վիոլետան մի բան է նկատել, այժմ եթե նոր սերունդը շուն է պահում՝ լավ է պահում, այսինքն. «Անասնաբույժի մոտ հաճախակի բերելով, դեղեր, վիտամիններ տալով, սրսկումներ անելով, հատուկ սնունդ տալով, մինչեւ անգամ նորաձեւ հագուստով եւ գեղեցկության սրահ տանելով: Մասնագետների կարիքն արդեն շատ է զգացվում, քանի որ ամեն օր շուն ունեցող երիտասարդներ զանգում են մեզ եւ բազմաթիվ հարցեր տալիս, խորհուրդներ հարցնում, մասնագետ հրավիրում, չեն թողնում, որ իրենց շան առողջական խնդիրը խորանա, անմիջապես դիմում են անասնաբույժներին: Սա շատ գովելի փաստ է: Այսինքն՝ չեն խնայում գումար, ասելով՝ ա՜, դե շուն ա, էլի…»:
Կարծիքին, թե շուն պահելը թանկ հաճույք է, Վ. Գաբրիելյանը չհամաձայնեց. «Մեկ օրվա հաշվարկով շուն պահելը կազմում է 300-350 դրամ, սա էլ այն դեպքում, երբ դու չես պատրաստում կերը, այլ գնում ես պատրաստին: Ինչպես նորածինը կարիք ունի խնամքի, այնպես էլ՝ շունը: Հիմնական ծախսը շան վրա գնում է առաջին ութ ամիսը, դրանից հետո խնամքը նվազում է»:
Սա դեռ միայն խնամքը եւ կերակուրը… Երբեւէ կպատկերացնեի՞ք Հայաստանում շան գեղեցկության սրահ: Մեր զրուցակցի հավաստմամբ, շունն էլ, ինչպես մարդը, գեղեկցության սրահ գնալու մեծ սեր ունի. «Գեղեցկության սրահում նրա մազերն են լվանում, ֆենում, մանիկյուր-պեդիկյուր, հետաքրքիր սանրվածքներ անում: Իհարկե, դա բավական դժվար եւ երկարատեւ պրոցես է, բայց «հայ» շներին կարծես դա դուր է գալիս: Մեր այցելուները հաճախ դժգոհում են, որ տանը շներն իրենց չեն ենթարկվում, իսկ վարսավիրանոցում, ինչպես մարդը, հանգիստ նստում են…»,- ասում է Վ. Գաբրիելյանը:
Իսկ մեկ գեղեցկության սրահ այցելությունը, ինչպես տեղեկացանք՝ արժե 8000 դրամ:
«Դա թանկ հաճույք չէ, որովհետեւ երկար եւ բարդ աշխատանք է պահանջում: Ամեն այցելությունը տեւում է մոտ 3 ժամ, քանի որ հատկապես եղունգները կտրել եւ ներկելը՝ ամենադժվար եւ շների չսիրած երեւույթն է, նրանք մկրատից վախենում են»,- նշում է մեր զրուցակիցը:
Պարզվում է, բացի գեղեցկության սրահից, շները, ինչպես եւ մարդը, գեղեցիկ ու նորաձեւ հագնվելու մեծ սեր ունեն:
Վ. Գաբրիելյանի փոխանցմամբ. «Շների հագուստներն այսօր բոլորի համար դարձել է հեշտ հասանելի եւ մատչելի: Ամեն տեսակ հագուստ կա՝ տաբատից մինչեւ կիսաշրջազգեստ: Բայց իրականում, ես՝ որպես մասնագետ, այնքան էլ կողմ չեմ շան հագուստին, որովհետեւ դրանք կարծես թե չեն թողնում, որ նրանց մարմինը շնչի»: 
Անդրադարձ եղավ նաեւ շների  դաստիարակությանը. «Յուրաքանչյուրն էլ՝ ինչպես որ դաստիարակում է իր երեխային, այդպես դաստիարակում է շանը: Սովորաբար տղամարդիկ շներին ագրեսիվ են դաստիարակում: Օրինակ, բակում բաց են թողնում շանը, մտածելով, որ չի վնասի ոչ ոքի: Այս առիթով շատ դժգոհություններ ենք ստանում շնատերերի հարեւաններից, որ իրենց երեխաները վախենում են, այդ շան տերը չի հասկանում, շանը ազատ թողնում է, չի հետեւում, ինքն իր համար կանգնում-ծխում է: Ու եթե այդ շունն ինչ-որ մեկին վնասի՝ մեղավորն իր տերն է: Եվ եթե այդ տերը իր շանը բաց է թողնում, չի հետեւում նրա գործողություններին, ուրեմն այդ մարդն իր երեխային էլ է այդպես վերաբերվում: Ասում են՝ շունն իր տիրոջն է նման: Այս արտահայտությունը շատ ճիշտ է: Կենդանու միջոցով մենք կարող ենք մարդուն բնութագրել: Օրինակ, երբ մեզ մոտ մի աղջիկ է գալիս իր շնիկով, շան հաչոցից, կապրիզներից անմիջապես հասկանում եմ, թե ինչպիսին է այդ աղջիկը՝ նույն կերպ կապրիզներով, լաչառ… Շուն պահելիս պետք է մի բան հիշել, այնպես դաստիարակել շանը, որ տուն մտնելիս նա միշտ իմանա՝ տան տերը մարդն է եւ ոչ թե ինքը»:
Շան եւ մարդու նմանությունների մասին էլ ասաց. «Շունը մարդուն առաջին հերթին նման է ծնողական զգացումով: Ասում են՝ հայի պես մայր աշխարհում չկա: Նույնը եւ շան մասին կարող եմ ասել՝ շան պես մայր կենդանական աշխարհում չկա: Ինչպես մայրը կխնամի իր երեխային, այդպես էլ շունն է իր ձագուկների հանդեպ: Միայն պետք է տեսնել՝ ինչ գուրգուրանքով, խնամքով, վախով է շունն իր նորածին ձագուկներին կերակրում, խաղացնում, անհանգիստ շուրջը նայում՝ վտանգ չկա՞…»: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել