Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԵԴԱԼ ՉԻ ԼԻՆԻ, ԻՍԿ ՍԻՆԳԱՊՈՒՐԻ ՈՒՂԵԳԻ՞Ր…

Մայիս 01,2010 00:00

\"\"Բաքվում ընթացող բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում երեկ մեդալների համար պայքարից դուրս մնաց նաեւ մեր վերջին ներկայացուցիչը՝ մինչեւ 60 կգ քաշային Հրայր Մաթեւոսյանը: Նա միավորներով՝ 2:7, պարտվեց գերմանացի Թոմաս Վահրենհոլտին:
Այսպիսով, Հայաստանի երիտասարդական հավաքականը հարեւան հանրապետությունից տուն է վերադառնում ձեռնունայն: Սակայն, կարծում ենք, որ ԱԻԲԱ-ն Հրայր Մաթեւոսյանին, այնուամենայնիվ, Սինգապուրի պատանեկան 1-ին օլիմպիական խաղերի ուղեգիր կշնորհի: Եվ ահա, թե ինչի համար:
Մյուս քաշային կարգերից շատերում մասնակիցների ընդհանուր թիվն առավելագույնը 32 էր: Եվ նախնական փուլից պայքարի մեջ ներգրավված ու երեք հաղթանակ տարած բռնցքամարտիկներն իրենց համար առնվազն արդեն բրոնզե մեդալ եւ պատանեկան օլիմպիական խաղերի վարկանիշ են ապահովել: Մինչդեռ Հրայրի քաշում բռնցքամարտիկները նշվածից շատ էին ու մեր մարզիկը, որը նույնպես պայքարն սկսել է նախնական փուլից եւ մրցակիցների նկատմամբ երեք անգամ առավելության հասել, այդ «արտոնություններից» օգտվելու հնարավորություն չուներ: Երկրորդը այն հանգամանքն է, որ Սինգապուրում յուրաքանչյուր երկրի տրվում է առավելագույնը երեք ուղեգիր: Եվ կան այնպիսի երկրներ, ինչպիսին, օրինակ, Ռուսաստանն է, որ արդեն իսկ գերազանցել են այդ սահմանը (ասվածը մեդալներին չի վերաբերում, այլ՝ ուղեգրերին): Հետեւաբար, միջազգային ֆեդերացիան պետք է որ այդ «ավելորդ» ուղեգրերը բաշխի այլ երկրների լավագույն մարզիկներին, որոնց մեջ Հրայրի անունը հաստատ կլինի: Եվ երրորդ, ԱԻԲԱ-ն հարկ է որ հաշվի առնի նաեւ մի շատ կարեւոր հանգամանք. մեր բռնցքամարտիկները հարեւան հանրապետությունում անցկացրած օրերին, համեմատած մյուս երկրների մարզիկների հետ, գտնվել են անհավասար պայմաններում ու հոգեբանական մեծ ճնշումների են ենթարկվել: Մի բան, որի համար, մեր պատկերացմամբ, փոխհատուցում պետք է որ անպայման հասնի:
Քանի որ մեր բռնցքամարտիկներն արդեն անելիք չունեն աշխարհի երիտասարդական առաջնությունում, երեկ ցանկացանք տեղեկանալ, թե Հայաստանի պատվիրակությունը ե՞րբ է վերադառնալու Երեւան: Հարցին Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայում դժվարացան միանշանակ պատասխանել: Բանն այն է, որ Թբիլիսիով ետդարձի տոմսերը նախապես պատվիրված էին մայիսի 2-ին՝ առաջնության ավարտից անմիջապես հետո: Իսկ երբ առաջնության մեկնարկը հետաձգվեց՝ ինքնաթիռի տոմսերն էլ փոխվեցին: Իսկ ինչ վերաբերում է մինչեւ եզրափակիչներ մի քանի օր պատանդի կարգավիճակով Բաքվում մնալուն, մեր ֆեդերացիայում էլ դա աննպատակահարմար ու վտանգավոր են համարում: Այնպես որ, մեր պատվիրակությունը պետք է որ ավելի շուտ վերադառնա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել