Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

32. ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋՕՐԵ

Մայիս 01,2010 00:00

\"\"
Գետնանցում Խանջյան-Վարդանանց փողոցների խաչմերուկում:

\"\"
Երկրաբան Ստեփան Ալոյանը:

– Փորձեցի՞ք բողոքել,- դիմեցի «Հայհիդրոնախագիծ» ինստիտուտի գլխավոր հիդրոլոգ Ռոլանդ Մանուկյանին,- մասնագետ եք, իշխանությունները, խորհրդարանը ձեզ կլսեն: Բոլորն էլ գիտեն, որ Երկրագնդի ջերմաստիճանի բարձրացման հետ՝ ջրային աղետներ են առաջանալու:
– Ինձ էլ էր թվում, որ խոսքս տեղ կհասնի: Ասում են՝ Գեղամա լեռներում Գետառի վտակներից Զառի վրա ամբարտակ կա կառուցված: Սակայն լեռներից դեպի Գետառ գահավիժող տասնյակ վտակներ կան, խնդրի լուծումն ու ահավոր վտանգի կանխումը հեղեղատար Գետառի ջրերի հարվածող ուժը մարելն է, ապա եւ՝ քաղաքը շրջանցելը: Երեւանում ինչ էլ սարքեն, միեւնույն է, 1946 թ. ջրհեղեղի կրկնության դեպքում սարսափելի հիդրոհարվածից ոչինչ չի փրկի: Նոր կառույցներում գետի կտրվածքը չորս մետր լայնության են թողել, երբ նախկինում հիմքում 14 մ էր, վերեւում՝ 18 մ: Փաստորեն, 4-5 անգամ փոքր թողունակություն ունի: Ազգային ժողովում էլ զեկուցեցի: Կառավարությունում ասում են՝ «Գիտե՞ս ով է դրա հետեւում կանգնած…»: Ասում եմ՝ աղետը մի անգամ է լինում: Հիմա բացել եք հեղեղատի ճանապարհը դեպի մեր գեղեցիկ մայրաքաղաքը: Հո Սոդոմ-Գոմորի պատմությունը մեր վրա չե՞ք ուզում բերել:
– Հավանաբար, խնդիրը կարելի է, ասենք, Գագիկ Ծառուկյանին առաջարկել, գուցե նա ի վիճակի լինի կանգնեցնել սելավատար թասի ու ջրատարի ավերումը, քաղաքն ու նրա բնակչությունը փրկել վերահաս վտանգից: «Առավոտ» թերթն էլ իր կողմից կհետեւի Երեւանին սպառնացող վտանգի կանխման գործընթացին:
Խանջյան փողոցի գետնանցումը մտա: Պատերին ամեն տեղ նկարված է, գրոտված: Իհարկե, տեքստերից, պատկերներից կարելի է գաղափար կազմել երիտասարդության մի շերտի ճաշակի ու մտածելակերպի մասին: Սակայն միանշանակ է, որ հասարակական վայրերում, հուշարձանների վրա իրենց անձնական հետքերը թողնելը՝ հենց չբավարարվածության, թերարժեքության, իր ապրելու միջավայրի նկատմամբ արհամարհանքի կամ ատելության մասին է վկայում:
Իմ առջեւ Խանջյան 19 շենքն է: Մտածեցի, որ անտարբեր անցնել այս շենքի կողքով՝ իրավունք չունեմ: Այստեղ էր տեղակայված ոչ պետական համալսարանը, ապա վերապատրաստման կենտրոնը, որտեղ կես տարի առաջ լրագրողական ուսումնասիրություններ եմ կատարել, ընդհարվել տնօրենի հետ, վերջապես, 6-րդ հարկում «Իմպուլս» ռադիոկայանն է, որը տասնյակ ռադիոկայանների մեջ առանձնանում է դեպի ազգային բարոյահոգեւոր արմատները հասարակությանը վերադարձնելու ձգտումով ու քարոզչությամբ: Իսկ փողոցից «Vallex grup» ձեռնարկության մուտքն է: Արդեն պատրաստվում էի զանգել «Վալեքս խմբի» տեղեկատվական բաժին, ու ծոցատետրում մինչ փնտրում էի հեռախոսահամարը, երբ ասես ինչ-որ հրաշքով կանխելով ինձ, հնչեց զանգն ու լսեցի ձեռնարկության Հասարակության հետ կապերի եւ տեղեկատվության բաժնի պետ Թագուհի Կարապետյանի ձայնը: Նա առաջարկում է մասնակցել Թեղուտում իրականացվող ծառատունկին:
– Բայց ես պատրաստվում եմ ձեր հիմնարկ մտնել եւ ռեպորտաժ գրել «Առավոտում» հրապարակվող իմ ռեպորտաժների շարքի համար,- ասացի ես:
– Իրոք, որ հետաքրքիր զուգադիպություն է,- պատասխանեց տիկին Թագուհին,- խնդրեմ, ներս մտեք, մինչեւ ես պայմանավորվեմ ղեկավարության հետ։
Մինչ կթույլատրեին վերեւ բարձրանալ, զրուցեցի պահակային ծառայության աշխատակից Վարդան Բարսեղյանի հետ: Նա նախկինում ֆուտբոլիստ է եղել, խաղացել է «Արարատում», սակայն ծանր վնասվածք ստանալով՝ ստիպված թողել է ֆուտբոլը:
– Ինձ մի հարց է հետաքրքրում, – դիմեցի ես,- ինչո՞ւ Հայաստանում ֆուտբոլն այդքան թույլ է, այսինքն, ներկայիս միջազգային մակարդակից շատ է հեռու:
– Կարծում եմ, որ առաջին հերթին մտածելակերպի խնդիր է,- պատասխանեց նախկին ֆուտբոլիստը,- կարգապահ չենք, փոքր իսկ հաջողություններից մեծամտանում ենք:
– Ի՞նչ կրթություն եք ստացել:
– Ավարտել եմ Ֆիզկուլտուրայի պետական ինստիտուտը:
– Իսկ ինչո՞ւ իշխանությունների առաջին հոգսը պրոֆեսիոնալ սպորտն է, սպորտային արդյունքները, իսկ ահա մոռացել են հասարակության առողջության մասին, չէ՞ որ դա ամենակարեւորն է:
-… Իրոք, դա ավելի կարեւոր է,- համաձայնեց Դավիթն ու ինձ մեկնեց քարտը, որով կարող եմ բացել արգելքն ու վեր բարձրանալ: Իսկ ես մտածում էի, թե արդյո՞ք բոլոր նախկին ֆուտբոլիստները հնարավորություն ունեն այլ աշխատանքի ընդունվել, չէ՞ որ նրանք արդեն երեսուն տարեկանից ստիպված են լինում իրենց տեղը զիջել ավելի երիտասարդներին: Աստիճաններով երրորդ հարկ բարձրացա: Թագուհի Կարապետյանն ու ռեֆերենտ Վահրամ Ավագյանը ինձ էին սպասում: Ես պատրաստակամություն հայտնեցի մասնակցել Թեղուտի հանքավայրում նախատեսվող ծառատունկին, հայտնելով, որ շատ անգամ եմ մասնակցել ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դեկան Գուրգեն Մելիքյանի՝ Բերձորում կազմակերպած ծառատունկերին, ռեպորտաժներ գրել ծառատունկին՝ Երեւանի ու Արցախի համալսարանների ուսանողների ակտիվ մասնակցության մասին:
Թագուհին ու Վահրամը մտահոգություն հայտնեցին, որ հնարավորություն չեն ունեցել շնորհավորելու իրենց աշխատակցի 75-ամյակը: Մտածեցի, որ այդ տարիքի բազմափորձ ու վաստակաշատ աշխատակից պահելը միայն պատիվ կարող է բերել ձեռնարկությանը:
Տեղեկանալով, որ ղեկավարներից տեղում է գտնվում «Վալեքս խմբի» փոխնախագահ, Ալավերդու ԷյՍիՓի («Հայկական պղինձ ծրագիր») ընկերության տնօրեն Գագիկ Արզումանյանը, որոշեցի նախ հանդիպել նրան, ամբողջական ու լիարժեք տեղեկություն ստանալ հայաստանյան ամենախոշոր ձեռնարկությունների խմբի մասին: Իմ ուշադրությունը գրավեցին միջանցքի ու սենյակների պատերին բարձրաճաշակ լուսանկարները: Մտածում էի, որ մի հետաքրքիր լուսանկարչի են պատվիրել լուսանկարներով զարդարել հիմնարկի պատերը: Միեւնույն ժամանակ, պատկերացնում էի, որ փոխնախագահի գրասենյակում կհանդիպեմ կյանքի բովերով անցած տարեց մարդու, ինչպես լինում է սովորաբար: Սակայն ինձ դիմավորեց ժպտադեմ երիտասարդը, որն էլ հենց խմբի փոխնախագահն է ու ընկերության տնօրենը: Գրասենյակի պատերը կրկին զարդարում են Լոռու, Անիի, Վենետիկի, Լոնդոնի բնապատկերները:
– Ըստ երեւույթին, ձեզ մոտ լուսանկարչությունը հարգի է,- ասացի ես:
– Այո, ինքս լուսանկարչության սիրահար եմ, ինքս եմ լուսանկարում ու իմ տեսած, ընկալած պատկերները, ապրումները փորձում եմ դարձնել բոլորի սեփականությունը:
– Այս բնագավառում մենք շատ ընդհանրություններ ունենք, – ասացի ես, – քանի որ ինքս էլ 12 տարեկանից զբաղվում եմ լուսանկարչությամբ: Լավ, հրաշալի լուսանկարիչ եք, այսինքն, միշտ փնտրում, տեսնում եք գեղեցիկը, որսում գեղեցիկ պահերն ու ձգտում, որ ուրիշները, ձեր աշխատակիցները եւս հիանան շրջապատի գեղեցկությամբ: Իսկ այս հսկա կազմակերպությունում ի՞նչ աշխատանք եք կատարում, ի՞նչ ոլորտներ եք ղեկավարում՝ որպես փոխնախագահ:
– Ես զբաղվում են խմբի ֆինանսատնտեսական եւ զարգացման հարցերով: Դա իմ հիմնական մասնագիտությունն է: Այստեղ խմբի ընդհանուր ղեկավարությունն է, որը հսկում եւ կարգավորում է Թեղուտի, Ալավերդու, Դրմբոնի պղնձամոլիբդենային հանքարդյունաբերության ձեռնարկությունները, ձուլարանը, հարստացուցիչ ֆաբրիկաները, Լեռնամետալուրգիական ինստիտուտի երկրաբանական ուսումնասիրությունները:
– Դուք խտանյութ եք արտադրում եւ վաճառում, իսկ ինչո՞ւ մաքուր պղինձ չեք արտադրում:
– Դրմբոնից կամ Զանգեզուրից հարստացված ոսկու եւ պղնձի խտանյութ ենք ստանում, Ալավերդու գործարանում վերածում չզտված պղնձի, որը «սեւ պղինձ» է կոչվում, այն 40 օրում Փոթի նավահանգստից Միջերկրականով ու Ատլանտյան օվկիանոսով արտահանում ենք Գերմանիայի Համբուրգ քաղաքը, որտեղ աշխարհի ամենախոշոր պղնձաձուլարանն է:
– Խորհրդային տարիներին Ալավերդիում պղնձաձուլարան կա՞ր:
– Այո, պղինձ ձուլելիս ծծմբաթթու է արտադրվում, որը գնացքով անարգել տեղափոխում էին Ռուսաստան: Իսկ եթե ռաֆինացման գործարան հիմնենք, ապա պղնձի հետ ստացվող ծծմբաթթուն արտահանելու ոչ մի հնարավորություն չունենք: Մեր արտադրությունը այնքան փոքր է, որ ռաֆինացման գործարան ունենալը ավելորդ շռայլություն կլինի, քանի որ ֆինանսապես այն իրեն չի արդարացնի: Չիլին, որը աշխարհի պղնձի մեկ երրորդի տերն է, իր սեւ պղնձի կեսը արտահանում է Համբուրգ:
– Անշուշտ, բաց հանքարդյունաբերությունը բնապահպանման խնդիրներ է առաջացնում, զուգահեռաբար՝ աշխույժ քննարկումներ, դատի սպառնալիքներ…
– Մենք շատ լրջորեն ենք մոտենում խնդրին, ու նույնիսկ շնորհակալ ենք բնապահպաններից, որ ժամանակին զգուշացնում են մեզ: Մի կողմից Հայաստանի տնտեսության համար խիստ անհրաժեշտ է ճյուղի զարգացումը: Մենք այսօր շատ բան չունենք արտահանելու: Միեւնույն ժամանակ, անհրաժեշտ է խնամքով վերաբերվել բնությանը: ԱՄՆ-ի Սոլթ-լեյք-սիթիի Ազգային պարկի տարածքում գործում է պղնձի աշխարհի ամենահզոր բաց հանքը եւ ամենախոշոր պոչամբարը: Անհրաժեշտ է, որ պոչամբարից փոշի չարտանետվի, ու ջրերը ընդերք չներծծվեն:
– Ինքս մասնագիտությամբ տեխնոլոգ լինելով, հավատում եմ եւ գիտեմ, որ տեխնոլոգիան ամեն ինչ կարող է, միայն թե ցանկություն եւ համապատասխան մտածելակերպ լինի,- ասացի ես:
– Մեր կողմից նման պատրաստակամություն կա,- ասաց փոխնախագահը,- ջուրը ամբողջությամբ կքամենք պոչամբարից ու շրջանառու համակարգով կրկին կօգտագործենք, իսկ պոչամբարի հատակը անպայման կմեկուսացվի: Բացի այդ, լայնամասշտաբ ծառատնկումներ ենք անցկացնում:
– Ես ամեն տարի ծառատնկումների եմ ականատես լինում, հազարավոր ծառեր են տնկում, իսկ երբ մոռանում են խնամքի մասին՝ ծառերը չորանում են:
– Ձեզ եւս հրավիրում ենք մասնակցելու մեր ծառատունկին, ինքներդ կհամոզվեք, որ մենք համալիր ենք մոտենում խնդրին:
Դեպի տեղեկատվության բաժին տանող ճանապարհին համակարգչի առաջ նստած տարեց մարդու տեսա ու մոտեցա նրան, մտածելով, որ հենց նա էլ կարող է լինել այն աշխատակիցը, որի երրորդ քառորդ դարը նոր են նշել:
– Երեւի սխալված չեմ լինի, եթե շնորհավորեմ Ձեզ ծննդյան 75-ամյակի առթիվ:
– Այո,- պատասխանեց ընկերության առաջատար երկրաբան Ստեփան Ալոյանը, – 58 տարի է, ինչ իմ ընտրած մասնագիտությամբ եմ աշխատում: Հետաքրքիր մասնագիտություն է: Լեռներում, դաշտերում մի բան ես գտնում, ուրախանում ես, բայց արդյունքը միայն հեռանկարում ես տեսնում: Մինչեւ մտածածդ իրականություն դառնա, այսինքն՝ հանք բացվի, նյութականանա, տարիներ են անցնում: Մինչեւ հիմա դաշտ եմ գնում, հետազոտում: Սիրում եմ իմ մասնագիտությունը, կարող եմ ասել, որ երջանիկ եմ այս իմաստով: Երբ ավարտեցի Պոլիտեխնիկականի երկրաբանական ֆակուլտետը՝ կոլեկտոր էի աշխատում:
– Երեւի եղել եք Հայաստանի Հանրապետության բոլոր լեռներում:
– Իհարկե: Սիրում եմ մեր լեռները, բայց ավելի շատ մտածում եմ նրա ընդերքի մասին:
Սեղանին բազմերանգ քարաբեկորներ են շարված:
– Ի՞նչ քարաբեկորներ են սրանք,-  հարցրի ես:
– Մարտակերտի շրջանից են բերել: Սովորաբար մինչ դաշտ գնալը հավաքվում ենք, ուսումնասիրում, կարծիքներ փոխանակում ընդերքից հանված նմուշների մասին: Ուսումնասիրման երկրաֆիզիկական մեթոդներ կան, նոր տեխնոլոգիական միջոցներ, որոնք հաստատում են մեր ուսումնասիրման արդյունքները կամ մերժում: Դրանց հիման վրա նոր քարտեզներ ենք մշակում:
– Տեսնում եմ՝ համակարգիչը ակտիվ դեր ունի ձեր գործում,- ասացի ես:
– Իհարկե, այն հեշտացնում է աշխատանքը: Բացի այդ, համացանցով անմիջականորեն տեղեկանում եմ, թե ինչ նորություններ կան մեր ոլորտում: Ես շատ արագ համակերպվեցի համակարգչի հետ, ու առանց դրա դժվար կլիներ աշխատել:
– Ձեր թոռներից կա՞ մեկը, որը երկրաբան կդառնա:
– Յոթ թոռ ունեմ, բայց իմ մասնագիտությունը ոչ ոքի չի ձգում: Կարծես թե նոր ժամանակները շեղում են մարդկանց, այլ ուղղություն ցույց տալիս: Կրթության որակը այն չէ:
– Շրջակա միջավայրի հետ կապված Թեղուտի խնդրում աշխուժություն եմ նկատել:
– Համոզված եմ, որ չափազանցնում են: Մենք պետք է օգտվենք բնության տվածից: Պետք է ամեն ինչ անենք, որ բնությանը հասցվող վնասը շատ չնչին լինի: Իսկ հանքը օգտագործելուց հետո կարելի է նույն տեղում վերականգնել անտառը: Հիշում եմ, քառասնականների վերջերին որոշ մասնագետներ համոզում էին, թե պետք է Սեւանը չորացնել ու նրա հատակը ցորենի դաշտի վերածել: 10-րդ դասարանում էի սովորում, ծիծաղում էինք այդ հիմարության վրա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել