Հարավային Օսեթիայի իշխանությունները պնդում են, որ հանրապետության 7 կորած քաղաքացիները պահվել կամ նախկինում պահվել են Վրաստանի տարածքում՝ ուժային կառույցներում, գերու կարգավիճակում: Ցխինվալում մտահոգություն ունեն, թե նրանք հնարավոր է, որ այլեւս կենդանի էլ չեն: Յոթ քաղաքացիների ճակատագրին առնչվող հարցը բարձրացվել էր հարավօսական եւ վրացական կողմերի ներկայացուցիչների միջեւ, սահմանագծի վրա, Կարմիր խաչի միջնորդությամբ տեղի ունեցած հանդիպման ժամանակ: Հարավօսական կողմի ներկայացուցիչ, այդ երկրի նախագահի՝ հետհակամարտության կարգավորման հարցերով լիազոր ներկայացուցիչ Մերաբ Չիգոեւը վրացական կողմից պահանջել էր վերադարձնել իր քաղաքացիներին, եթե, իհարկե, նրանք դեռ ողջ են: Վրացական կողմը ի պատասխան պահանջել է ազատ արձակել Ցխինվալի բանտում պահվող այն տասնյակ քաղաքացիներին, որոնք մեղադրվում են սահմանն անցնելու մեջ: