Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերի հրամանատարությունը թույլ է տալու կանանց ծառայել սուզանավերի վրա: Lenta.ru-ն տեղեկացնում է, որ մոտ ժամանակներս կսկսվի սուզանավորդուհիների պատրաստության ծրագրի մասնակիցների ընտրության առաջին փուլը, որը կտեւի 15 ամիս: 19 հոգանոց առաջին խումբը ուսումնական վարժանքները կսկսի արդեն հուլիս ամսին:
ԱՄՆ ռազմածովային ուժերի նախարար Ռեյ Մեյբասը հայտարարել է, թե կանանց ծառայությունը սուզանավերի վրա հրամանատարությանը լավագույն կադրերի ընտրության լրացուցիչ հնարավորություններ կտա: Նրա ասելով, սուզանավերում կին-զինծառայողների հայտնվելը էական փոփոխությունների չի հանգեցնի, բայց անհրաժեշտ կլինի նավերի ներսում կանանց եւ տղամարդկանց կեցության հատվածներն իրարից առանձնացնել, իսկ ահա տղամարդկանց եւ կանանց պատրաստության հարցում ուսումնական ծրագիրն ու պահանջները կլինեն նույնը: