Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ահաբեկիչը երեք տարեկան էր

Մայիս 01,2010 00:00

Ֆրանսիացի ոստիկանները բռնել են մի երեքամյա տղայի՝ ահաբեկչական գործունեության կասկածանքով եւ հարցաքննել են ավելի քան երկու ժամ: «The Daily Mail»-ի մատուցմամբ, միջադեպը տեղի էր ունեցել Փարիզի արվարձաններից մեկում՝ անցած հինգշաբթի օրը, բայց դրա մասին տեղեկությունը միայն նոր է հայտնի դարձել: Աղբյուրի մատուցմամբ, Դանել անունով տղան եւ նրա հայրը հյուսիսաֆրիկյան ծագումով ապօրինի իմիգրանտներ են, որոնց ձերբակալել էին հանգստի եւ զվարճանքի կենտրոն այցելությունից հետո: Մինչ նրանք տուն են վերադարձել, ոստիկանության աշխատակիցներն արդեն այնտեղ են եղել եւ հորն ու երեխային բերման են ենթարկել ոստիկանության բաժին: Մոտ 20 րոպե աշխատասենյակներով տանել-բերելուց հետո, տղամարդուն հարցաքննել են՝ փորձելով պարզել, թե նա արդյո՞ք կապեր ունի մահմեդական ծայրահեղականների խմբավորումների հետ: Ֆորմալ առումով հետաքննությունը հարուցվել է ե՛ւ տղամարդու, ե՛ւ նրա երեքամյա երեխայի նկատմամբ: Երկու ժամ տեւած հարցաքննությունից հետո ոստիկանության բաժին է եկել ընտանիքի մայրը եւ երեխային ազատ են արձակել: Տեղի սոցիալական ծառայության ներկայացուցիչները հայտարարել են, որ ոստիկանությունում անցկացրած մի քանի ժամը բավարար է եղել երեխայի հոգեկան վիճակը էապես խաթարելու համար: Նրանք նաեւ հաղորդել են, որ միջադեպից հետո երեքամյա տղան չի կարողանում նորմալ քնել եւ անընդհատ լալիս է, եւ որ միջադեպը նրա համար իսկական մղձավանջ է եղել:
Ֆրանսիական բարեգործական կազմակերպություններից մեկը՝ RESF-ը, որը զբաղվում է օտարերկրյա երեխաների իրավունքների պաշտպանությամբ, բացատրություններ է պահանջել ոստիկանությունից, բայց նրան հորդորել են չմիջամտել գործին: Երեխաների իրավապաշտպան կազմակերպությունների կարծիքով, ոստիկանությունը ոտնահարել է Երեխաների իրավունքների միջազգային կոնվենցիայի 9 եւ 37 հոդվածները, որոնց համաձայն, նրանք իրավունք չեն ունեցել երեխային վերցնել հորից եւ առավել եւս այդկերպ սահմանափակել նրա իրավունքները: Ոստիկանությունը հայտարարել է, թե միջադեպի առնչությամբ հետաքննություն է սկսվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել