Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԾՆՈՒՆԴ, ԿՆՈՒՆՔ, ՇՆՈՐՀԱՆԴԵՍ

Մայիս 01,2010 00:00

Երեւանի պետական համալսարանի աստվածաբանության ֆակուլտետը 15 տարեկան է: Երեկ այդ առթիվ միջոցառում էր կազմակերպվել, որի ընթացքում տեղի ունեցավ ֆակուլտետի հրատարակած «Հայ աստվածաբան», «Տարեգիրք» գիտական հոդվածների ժողովածուների, նաեւ «Հայոց տոնացույցի ծագումն ու զարգացումը», «Հայ եկեղեցու իրավունքի հիմնադրույթները», «Մովսես Ջուղայեցի. «Ծաղկանց բուրաստան» գրքերի շնորհանդեսը: «Տարեգրքում», ի տարբերություն «Հայ աստվածաբանի», տեղ են գտնում ոչ միայն աստվածաբանական, այլեւ այլ ֆակուլտետների ուսանողների գիտական հոդվածները: Շնորհանդեսների հետ մեկտեղ՝ բացվեց Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինի անունը կրող համակարգչային լսարանը, որը կահավորվել է «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի միջոցներով:
«Երբ 90-ականների 2-րդ կեսին ձեւավորվում էր աստվածաբանության ֆակուլտետը, ամենահրատապ խնդիրներից մեկը գրականության հարցն էր, հիմնադրի մտորումների հիմնական թեման էր՝ ինչպես ֆակուլտետում պայմաններ ստեղծել հրատարակելու մասնագետների գրքերը: Չնայած համալսարանում հրատարակվում են գրքեր, այնուամենայնիվ, մասնագիտական գրականության սուր կարիքը դեռ կա»,- ասաց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը՝ հորդորելով ֆակուլտետում աշխատող գործընկերներին, որպեսզի շարունակեն ուշադրություն դարձնել գրքերին, գիտական գործերին, մենագրություններին եւ դրանց հրատարակմանը:
Այս ամենին զուգահեռ, երեկ աստվածաբանության ֆակուլտետի առաջին եւ երկրորդ կուրսեցիների համար Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում ֆակուլտետի դեկան Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը կատարեց մկրտության եւ կնունքի արարողություն: Ուսանողների կնքահայրերը ֆակուլտետի դասախոսներն էին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել