Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Թալանեց ու պատժվեց

Մայիս 01,2010 00:00

\"\"Օրինախախտ համայնքապետը չպետք է միայնակ պատժվի

ՀՀ ընտրական օրենսգրքով տեղական ինքնակառավարման մարմիններում՝ համայնքապետ եւ ավագանու անդամ, կարող ես ընտրվել քանի անգամ ուզում ես: Համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի համար սահմանված չէ նաեւ կրթական որեւէ ցենզ, ու սրանց ցավալի արդյունքը երեւում է տարիներ անց միայն: Օրինակ, Արմավիրի մարզի Ապագա համայնքի նախկին ղեկավար Իշխան Մարգարյանը:
Իշխան Մարգարյանը ունի միջնակարգ կրթություն եւ 12 տարի անընդմեջ ղեկավարել է Ապագան: Այսօր նախկին գյուղապետը ճաղավանդակներից այն կողմում է: Նախորդ տարվա ապրիլից նախկին գյուղապետը ձերբակալված է: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի առաջին (խարդախությունը՝ խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով), 179 հոդվածի երրորդ մասին առաջին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացում կամ վատնում), 308 հոդվածի առաջին (պաշտոնեական լիազորությունների չարաշահում), 314 հոդ. 1-ին (պաշտոնական կեղծիք), 38-314 հոդվածի 1-ին (հանցակից) եւ 345 հոդվածի 1-ին մասերով (արգելանքի տակ գտնվող կամ բռնագրավման ենթակա գույքի նկատմամբ ապօրինի գործողություններ): Ապագայի նախկին գյուղապետը Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով դատապարտվել է ութ տարվա ազատազրկման:
Իր ղեկավարած 12 տարիներին Իշխան Մարգարյանն Ապագայի բյուջեին 11 977 867 դրամի վնաս է հասցրել: Ճիշտ է, գումարը բռնագանձվել ու մուտքագրվել է համայնքի բյուջե, սակայն բարոյահոգեբանական այն մթնոլորտը, որն իրենից հետո թողել է նախկին գյուղապետը, դեռ երկար ժամանակ է բացասաբար ազդելու գյուղի եւ գյուղացիների վրա: Գյուղապետի կամոք հանցագործության մեջ ակամա ներքաշվել են գյուղապետարանի հաշվապահ Աննա Մելիքյանը, գանձապահ Գայանե Մանուկյանը եւ աշխատակազմի ղեկավար Նունուֆար Մարկոսյանը: Կանանցից առաջինի նկատմամբ նախաքննությունը քրեական հետապնդում չիրականացրեց՝ Աննա Մելիքյանը համաներվեց, իսկ գանձապահի եւ աշխատակազմի ղեկավարի արարքներում իրավապահները հանցակազմ չգտան: Բայց խաթարվեց հայկական գյուղի մի որակ, իսկ կանայք կորցրին իրենց աշխատանքը:
Հայաստանի համայնքների ասոցիացիայի համակարգող Էմին Երիցյանը մեզ հետ զրույցում նկատեց, որ համայնքի համար պատասխանատու են նաեւ համայնքային ծառայողները, որովհետեւ պրոֆեսիոնալ առումով դերերը բաժանված են: Ըստ մեր զրուցակցի, եթե համայնքի ղեկավարը խոշոր չափի գումար է հափշտակել ու պատժվել, նշանակում է այդ պատիժը չպետք է մենակ կրի: «Այդ ոլորտում վերահսկողությունը բավականին կոշտ է, յուրաքանչյուր դրամի շարժը վերահսկվում է»,- ասաց Էմին Երիցյանը:

Հ. Գ. Հանուն արդարության նկատենք, որ մեր բարձրագույն կրթությամբ, առավելագույնը երկու անգամ ընտրվելու իրավունք ունեցող պաշտոնյաների ձեռքով իրականացված թալանի, խարդախությունների ու մեքենայությունների մասին էլ շատ լուրեր կան, բայց դատավճիռ ու պատիժ՝ ոչ: Դեռեւս՝ ոչ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել