Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՅԱԿՈՐԾԱՆՈ՞ՒՄ, ԹԵ՞ ՀԱՅԱՊԱՀՊԱՆՈՒՄ

Մայիս 01,2010 00:00

Ինչո՞վ է զբաղված Դաշնակցությունն Իրանում, Թեմական խորհուրդն Իրանում փորձում է վաճառել նաեւ «Ռոստոմ» աղջկական դպրոցը, ժողովուրդը բողոքում է:

\"\"Ապրիլի 25-ին եւ 26-ին ՀՀ Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ Երեւանում անցկացվեց «Հայ ինքնության որակների պահպանման հիմնախնդիրը խառնամուսնություններում» գիտագործնական խորհրդաժողով, ուր քանիցս հայտարարվեց, որ հայ ինքնության պահպանման արդյունավետ գործիք են օտար ափերում հայկական դպրոցները: Համաժողովից ընդամենը երկու օր անց «Առավոտի» ստացած նամակը վկայում է, որ մասնավորաբար ՀՅԴ-ն չի ընկալել կամ չի կարեւորում այս խնդիրը:
«Ապրիլի 28-ին, Թեհրանի Հայոց ազգային «Ռոստոմ» աղջկական դպրոցի Ծնողական խորհրդի պահանջով եւ ԹՀԹ կրթական խորհրդի նախաձեռնությամբ, նույն դպրոցի դահլիճում կայացել է հանդիպում, ուր ներկա են եղել Կրթական խորհրդի նախագահ Հրայր Շահնազարյանն ու խորհրդի անդամներից 3-ը, դպրոցի Ծնողական խորհրդի անդամները, ուսուցիչները ու աշակերտության ծնողների մեծամասնությունը, ինչպես նաեւ տ. Մաշտոց քահանա Խաչատրյանը: Բացակա են եղել քաղաքամասի պատգամավորները:
\"\"Հրայր Շահնազարյանը փորձել է բացատրել, թե ինչու է ֆինանսական առումով շահավետ Թեհրանի կենտրոնում գտնվող «Ռոստոմ» դպրոցի փակումն ու «Սահակյան» հայկական դպրոցի տեղափոխումը «Ռոստոմ» կրթական հաստատության շենք: Ըստ պարոն Շահնազարյանի, քաղաքամասի հայ բնակչության նոսրացման հետեւանքով աշակերտության թիվը պակասել է, ուստի դպրոցի պահպանումը հավելյալ ծախս է պահանջում: Նման քայլ իրականացնելով՝ նրանք նպատակ ունեն «Ռոստոմ» եւ «Արաքս» աղջկական դպրոցները մեկտեղել եւ կրճատել ծախսերը, այսպիսով բարձրացնելով նաեւ կրթական մակարդակը: Նա պնդում է նաեւ, որ «Սահակյան» դպրոցը 600 աշակերտ կարող է ընդունել, սակայն այժմ ունի մոտ 120 աշակերտ, իսկ այն փակելով՝ կլինի մեկտեղում, որն էլ կբերի ծախսերի խնայողության, հասկացնելով, որ փակվելու է նաեւ «Սահակյան» մեծ դպրոցը:
Շահնազարյանի զեկույցը բուռն ընդվզում է առաջացրել ներկաների մոտ, որոնք բողոքել են՝ չհամաձայնելով նրա բացատրությունների հետ: Ներկաները բերել են մի քանի փաստարկներ. նրանք հիշեցրել են վերջերս մոտ 40 միլիարդ ռիալով (4 միլիոն ԱՄՆ դոլար) «Արամ» սրահի վաճառքի մասին, երբ գործարքն արդարացնելու համար իբրեւ պատճառ հայտարարվել էր, որ այդ վաճառքը նպատակ ունի «ազգային իշխանության» գործունեության ֆինանսական բացը ծածկելու, ուստի անհիմն են նոր ֆինանսական բացի եւ դժվարությունների մասին խոսակցությունները: Նրանք նշել են նաեւ, որ իրանահայ համայնքն ունի բազում կալվածքներ, որոնց շահութաբեր օգտագործման համար Թեմական խորհուրդը լուրջ ծրագրեր չի մշակում, իսկ մեծ թվով կալվածքներ էլ անվճար տրամադրվել են որոշակի անհատների  (նշվել են կոնկրետ անուններ): Ներկաները շեշտել են նաեւ, որ եթե Թեմական խորհուրդը նպատակադրվել է ազգային կալվածքները մեկ առ մեկ վաճառել եւ զանգվածային արտագաղթ կազմակերպել, ապա ավելի լավ է այդ մասին հայտարարի բացեիբաց: Ներկաները պահանջել են, որ Հրայր Շահնազարյանի փոխարեն ներկայանան Թեմական խորհրդի անդամները, որոնց բացակայությունը համայնքի համար այս լուրջ խնդրի քննարկումից՝ որակվել է անհասկանալի եւ անբարոյական քայլ:
Ծնողներն իրենց մտահոգությունն են հայտնել նաեւ «Սահակյան» դպրոցի կալվածքի ապագա ճակատագրի խնդրով: Մի քանի ծնող առարկելով եւ հակազդելով, որ դպրոցների մեկ առ մեկ փակման հետեւանքով այլեւս իրենց զավակներին չեն կարող հեռու դպրոցներ ուղարկել՝ ասել են, որ պատրաստվում են իրենց երեխաներին գրանցել պարսկական դպրոցներում եւ իրենց այս քայլի ամբողջական պատասխանատվությունը կընկնի Թեմական եւ Կրթական խորհուրդների վրա:
Շահնազարյանը, տեսնելով ծնողների բուռն հակազդեցությունը, նահանջել է իր նախնական դիրքից եւ ասել, որ ֆինանսականն առաջնային խնդիր չէ, հավելելով, թե «Ռոստոմ» դպրոցի աշակերտությանը ձրի երթեւեկության հնարավորություն կտրամադրվի, որն ավելի է զայրացրել ծնողներին: Ծնողներից մեկը հիշեցրել է, որ «Սահակյան» դպրոցի փակման ժամանակ նույնպես նման խոստում էր տրվել, որը, սակայն, երբեք չի գործադրվել: Շահնազարյանը ներկաներին հանդարտեցնելու համար ասել է, որ դպրոցի վաճառման ծրագիրը կարելի է վերանայել:
Որոշ լուրերի համաձայն, ծնողները պատրաստվում են Պատգամավորական ժողովի մայիսի 4-ի նիստին, որպեսզի բողոքարկեն «Ռոստոմ» դպրոցի փակման ծրագրի դեմ: Նրանք պայմանավորվել են նաեւ գալիք շաբաթ օրը խորհրդակցական հանդիպում անցկացնել եւ կազմակերպել ստորագրահավաք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել