Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Որպեսզի դիմեն ԵԴ

Մայիս 01,2010 00:00

«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի փաստաբաններն արդեն ներկայացրել են իրենց վճռաբեկ բողոքը: Միաժամանակ վճռաբեկ բողոք է ներկայացրել նաեւ մեղադրող կողմը: «Մենք արդեն իսկ համոզված ենք, որ Վճռաբեկ դատարանը Փաշինյանի բողոքը չի ընդունի վարույթ»,- երեկ «Ա1+»-ին ասաց Փաշինյանի փաստաբան Լուսինե Սահակյանը: Պաշտպանները Վճռաբեկ պալատից պահանջում են արդարացնել Փաշինյանին, իսկ մեղադրող կողմը պահանջում է բացի քր. օր.-ի 225 հոդվածից՝ Փաշինյանի նկատմամբ կիրառել նաեւ քր.   օր.-ի 316 հոդվածը:
Հիշեցնենք, որ թեեւ մեղադրող կողմը քր. օր.-ի 225 եւ 316 հոդվածներով ընդհանուր իրավասության դատարանից Փաշինյանի նկատմամբ 6 տարի ազատազրկում էր պահանջել, սակայն դատարանը նրան ազատազրկման դատապարտեց 7 տարի, իսկ վերաքննիչն էլ անփոփոխ թողեց վճիռը, սակայն համաներում կիրառեց Փաշինյանի չկրած պատժի նկատմամբ:
Համոզված լինելով, որ Վճռաբեկն իրենց բողոքը վարույթ չի ընդունի, այնուամենայնիվ փաստաբանները ստիպված են այն ներկայացնել՝ ՀՀ ներպետական դատական ատյանները սպառելու համար: Վճռաբեկ բողոքի չընդունումն էլ է համարվում ներպետական ատյանների սպառում: «Մենք արդեն իսկ նամակ ենք ուղարկել Եվրոպական դատարան եւ այժմ սպասում ենք Վճռաբեկ պալատի պատասխանին՝ մեր հիմնական գանգատը Եվրոպական դատարան ուղարկելու համար: Ես շատ ցավում եմ, որ մեր ներպետական ատյաններում մենք չենք կարողանում վերականգնել արդարադատությունը: Ես հույս ունեի, որ մեր երկիրը բարգավաճելու է, սակայն ստացվեց հակառակը»,- ասաց Լուսինե Սահակյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել