Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ներհայկական բախում՝ Նիցցայում

Մայիս 01,2010 00:00

Haynews.am-ը Նիցցայի եւ շրջակայքի Ֆրանսիայի հայկական միության վարչության փոխնախագահ Մացակ Փոլադյանից տեղեկացել է, որ Ֆրանսիայի Նիցցա քաղաքում հայկական համայնքում բախումներ են եղել, եւ հարաբերությունները շարունակում են սաստիկ սրված մնալ:
Ըստ Փոլադյանի՝ ֆրանսիական թերթերը եւ տեղի հայկական մամուլն անդրադարձել են մարտի 21-ին կրոնական ընկերակցության ընտրությունների ժամանակ տեղի ունեցած դեպքերին. «Նիցցայի պոլսահայերը դեռեւս 20 տարի առաջ իրենց ձեռքն էին վերցրել գաղութը: Վերջիններս ձգտում են Հայաստանից, Միջին Արեւելքից ու այլ տեղերից եկած հայերին հեռու պահել եկեղեցուց ու Պարսամյան դպրոցից»,- ասել է նա՝ հավելելով, որ 300 հայերի պոլսահայերը թույլ չեն տվել մասնակցել ընտրություններին, որի արդյունքում էլ տեղի են ունեցել բախումներ: Դրանց արդյունքում կան վիրավորներ:
Ի դեպ, այս ընթացքում եկեղեցին չի գործել հոգեւոր հովվի հրաժարականի պատճառով: «Իհարկե,  Վեհափառն իր ուշադրության տակ է պահում այս խնդիրը, սակայն լարվածությունը դեռեւս շատ մեծ է»,- ասել է Փոլադյանը՝ պնդելով, որ պոլսահայերը շարունակում են զրպարտություններ հնչեցնել իրենց հասցեին. «Անգամ Երեւան են գնացել ու արտգործնախարարությունում կրկին հանդես եկել իրենց ստախոսություններով»: Նիցցայի հայ համայնքի ներսում այս հակասությունների պատճառն, ըստ Մացակ Փոլադյանի, հետեւյալն է. «Իրենք ունեն իրենց նյութական շահերը, այնպես որ՝ ամեն բան, այդ թվում՝ եկեղեցին ծառայեցնում են իրենց բիզնես նպատակներին: Աշխարհում միայն մի տեղ` Նիցցայում է, որ դեռ պահպանվել է երկրաշարժի համար գումար հավաքող ֆոնդ»: Ըստ կայքի զրուցակցի, պոլսահայերը ֆուտբոլային հանդիպումների ժամանակ թուրքական դրոշներով երկրպագում են թուրքական թիմերին, իսկ դասագրքերում «Դ» տառի ներքո ներկայացնում են թուրքական մահիկավոր դրոշը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել