Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԴԵՂՆԱԽՏՆ ՈՒ ԿՈՆՏՈՒԶԻԱՆ՝ ՄԻ ՀԱՐԹՈՒԹՅԱՆ ՎՐԱ՞

Մայիս 01,2010 00:00

\"\"Արցախյան պատերազմի մասնակից Ժորա Աթոյանին կասկածում են բժշկական փաստաթղթեր կեղծելու մեջ

Դեռ անցյալ տարվանից Շիրակի մարզի ուժային կառույցներն ամեն հնարք բանեցնում էին Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ ազատամարտիկներին քրեական պատասխանատվության ենթարկելու համար: Նրանցից մեկին՝ Սերիկ Տոնյանին, մարզի քննչական բաժնում կասկածում էին կոնյակի ու ծխախոտի գող լինելու մեջ: Արցախյան պատերազմի մեկ այլ մասնակցի՝ Ժորա Աթոյանին էլ կասկածում են փաստաթղթեր կեղծելու մեջ: Նրան օրերս հրավիրել են Ազգային անվտանգության ծառայության Շիրակի մարզային կառույց՝ բացատրություն տալու իր բժշկական փաստաթղթերի վերաբերյալ: Այսինքն, ԱԱԾ-ն կասկածի տակ դնելով պատերազմում ազատամարտիկի ձեռք բերած հիվանդությունը, նրա դեմ նյութեր է նախապատրաստում: Երեկ այս մասին «Առավոտին» հայտնեց Ժորա Աթոյանը. «ԱԱԾ աշխատակիցն ինձ պարզաբանեց, որ ինչ-որ մեկը, նույնիսկ չգիտեմ՝ ֆիզիկական, թե իրավաբանական անձ, հայտարարություն է տվել իրենց, որ իբր ես պատերազմի դաշտում ոչ թե վիրավորվել եմ, այլ հիվանդացել եմ վարակիչ հիվանդությամբ: Խոսքը դեղնախտ հիվանդության մասին է, ու իբր ես էդ հիվանդության պատճառով՝ ծանր վիճակով տեղափոխվել եմ բուժման: Հետո իբր այդ առիթն օգտագործել եմ, ստեղծել փաստաթուղթ, որ ես ստացել եմ կոնտուզիա»: Ազատամարտիկի տեղեկացմամբ՝ ինքն ԱԱԾ-ից պահանջել է առերեսում կազմակերպել հայտարարություն տվողի հետ, սակայն այնտեղ հրաժարվել են: «Եթե էդ մարդը չկա, առերեսում չեք անում, ես առիթ ունեմ մտածելու, որ սա շինծու գործ է ինչ-որ մեկի կողմից եւ, բնականաբար, նաեւ իրավունք ունեմ մտածելու, որ սա կապված է իմ բուռն քաղաքական գործունեության ու համոզմունքների հետ: Այս ամենը արվում է քաղաքական նկատառումներով. եթե կա էդ անձը, թող բարի լինեն բերեն իմ դեմ-դիմաց, թող կրկնի իր ասածը, տեսնեմ ո՞վ է, ի՞նչ առնչություն է ունեցել պատերազմի հետ, ընդհանրապես էդ դեպքի հետ, էդ պահին էնտե՞ղ է եղել, թե՞ չի եղել»,- ասում է Ժորա Աթոյանը, որը հրաժարվել է ԱԱԾ-ին բացատրություն տալ:
 Նրա համոզմամբ, այս ձեւով փորձում են մրոտել իր բարի անունն ու հեղինակությունը, իսկ որ ինքը Մարտակերտի շրջանի Հակոբ Կամարի բարձունքներում ռմբակոծության ժամանակ վիրավորվել է արկի պայթյունից, ուշաթափվել՝ վկա են իր այն մարտական ընկերները, որոնք նրան առաջին օգնությունն են ցույց տվել: «Առավոտի» այն հարցին, թե մի՞թե ԱԱԾ-ն չէր կարող փաստաթղթերի իսկությունը ճշտել այն բժշկական հանձնաժողովներից, որտեղ ազատամարտիկը բուժզննում է անցել, Ժորա Աթոյանը պատասխանեց. «Դա իրենց աշխատաոճն է, ես չգիտեմ, թե իրենք ինչպես են աշխատում, բայց հարցն այն է, որ էսօրվա վիճակով կան բոլոր հիմքերը, փաստաթղթերը, եւ ավելի ճիշտ կլիներ, նախքան ինչ-որ մարդկանց ԱԱԾ հրավիրելը, նրանց միջոցով պարզաբանել՝ վիրավորվե՞լ եմ, թե՞ չեմ վիրավորվել: Վերջին հաշվով 3-4 մարդ են հրավիրել, կարելի էր ինձ անմիջապես կանչել: Բայց ԱԱԾ-ն մեկ ամիս իմ հարցով տարբեր մարդկանցից է հետաքրքրվել: Էս մի մեծ պետական գաղտնիք պարունակող գործ չէր, ես էլ պետական հանցագործ չէի, եւ դա իմ մեղավորությունը չէ, որ հրաշքով կենդանի եմ մնացել, չեմ զոհվել»,- ասաց ազատամարտիկը՝ ներկայացնելով, թե ինչպես են բժիշկները կարողացել մի կերպ փրկել իր կյանքը:
 Ազատամարտիկի պատմելով՝ իրեն 1994թ.-ին Մարտակերտի շրջանի Մեծշենի հոսպիտալից որոշակի բժշկական օգնություն ցուցաբերելուց հետո՝ 7 օր անգիտակից վիճակում է եղել, տեղափոխել են Ստեփանակերտի հոսպիտալ, այստեղ էլ, տեսնելով իր վիճակի ծանրությունը, անմիջապես դաշտային սիստեմա են միացրել ու պատգարակով, մի քանի վիրավորների հետ ուղղաթիռով տեղափոխել են Երեւան, հետո՝ Գյումրիի «Սամարիթեր» հիվանդանոց:
Ժորա Աթոյանից տարբեր տեսակի անալիզներ են վերցրել ու հայտնաբերել, որ ցավերը ոչ միայն գլխի հետ են կապված, այլ վնասված է ձախ թոքը. այն պատռված ու կիսով չափ ջրակալված է եղել: Ազատամարտիկը տառապել է նաեւ անքնությամբ, հիշողության կորուստ է ունեցել, չի հիշել անգամ ընտանիքի անդամների անունները: Ըստ նրա, ինքը բավականին երկար բուժում է ստացել հանրահայտ պրոֆեսոր Մամիկոն Եղունյանի, նյարդավիրաբույժ Անդրանիկ Հովհաննիսյանի մոտ: Ժորա Աթոյանի պատմելով, թոշակավորման նախապատմությունն էլ հետեւյալ կերպ է եղել. իրեն արցախյան պատերազմի մասնակցի վկայական հանձնելու ժամանակ Երեւանի սոցվարչության բժիշկը, տեսնելով իր փաստաթղթերը, զարմացել է, թե ինչու՞ ինքը 10 տարի է՝ թոշակավորված չէ, երբ պարտավոր էին նրան 1994թ.-ից թոշակավորել: Ինքը տեղում դիմում է գրել պաշտպանության նախարարության հանձնաժողովի նախագահ գեներալ Գրիգորյանին եւ ուղարկվել ստուգման, իրեն բուժզննման են ենթարկել թե կենտրոնական զինվորական եւ թե զինվորական բժշկական հանձնաժողովներում: Ու այսպես թոշակավորումից հետո վեց տարի շարունակ ինքը պարբերաբար ստուգումներ է անցել:
«Ես Մեծշենում ու Ստեփանակերտում չէի կարող էդ ժամանակվանից կեղծ փաստաթղթեր ձեռք բերել, եթե ես դեղնախտով հիվանդացած լինեի, մի՞թե Ստեփանակերտում չէին կարող բուժել ինձ, որ պիտի անհապաղ Երեւան ուղարկեին, եւ առհասարակ փորձառու ազատամարտիկին դեղնախտի պատճառով հետ չէին ուղարկի: Սա ընդամենը չար մարդու կեղտոտ գործ է, կամ եթե չկան էդ մարդիկ, ուրեմն ընդամենը շինծու գործ է: Եթե սա կապված չէ իմ ընդդիմադիր քաղաքական հայացքների հետ, էդ ինչպե՞ս եղավ, որ 6 տարի հետո հանկարծ հիշեցին փաստաթղթերի մասին»,- հարցնում է ազատամարտիկը:
Ազատամարտիկ Գեւորգ Ալիխանյանի կարծիքով, ԱԱԾ-ից ընդամենը մեկ ժամ կպահանջվեր զինկոմիսարիատից հիմքերը ճշտելու համար, իսկ եթե դա չեն արել, ապա նրանց նպատակը ընդդիմադիր հայացքներ ունեցող ազատամարտիկներին այսկերպ լռեցնելն է: Ի դեպ, ազատամարտիկները նաեւ փաստեցին, որ Ժորա Աթոյանին ԱԱԾ հրավիրող Ս. Նավոյանի հայրը նույնպես հաշմանդամ ազատամարտիկ է, եւ լավ է ճանաչում Ժորա Աթոյանին: «Եթե նա իր հորը հարցներ, ապա հայրը կպատասխաներ, թե ով է Ժորա Աթոյանը»,- ասում են ազատամարտիկները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել