Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԸ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻՆ ՉԵՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ

Մայիս 01,2010 00:00

Այսօր մայիսի 1-ն է՝ աշխատավորների տոնը, սակայն Հայաստանում գրանցված 180 հազար հաշմանդամներից միայն մատների վրա հաշված մարդկանց այդ տոնը կառնչվի, քանի որ նրանցից շատերը մեր երկրում չեն կարողանում աշխատանք գտնել: Պատճառն ամենեւին էլ այն չէ, որ հաշմանդամները քմահաճ են եւ անպայման ուզում են լավ պայմաններով ու բարձր վարձատրվող աշխատանք գտնել, այլ պարզապես գործատուները խուսափում են նրանց տեղ տալ: Երեկ հաշմանդամների խնդիրներով զբաղվող «Հույսի կամուրջ» հ/կ-ն, շնորհավորելով աշխատավորներին տոնի առիթով, կոչ է արել գործատուներին՝ փոխել իրենց բացասական վերաբերմունքը հաշմանդամների նկատմամբ եւ նպաստել աշխատունակ տարիքի 115 հազար հաշմանդամներից գոնե մի մասի զբաղվածության ապահովմանը: Հ/կ ներկայացուցիչ Զարուհի Բաթոյանի դիտարկմամբ՝ «Երբ գործատուները լսում են հաշմանդամ մարդկանց համար հատուկ աշխատատեղերի ապահովման մասին, սովորաբար ընկնում են շփոթմունքի մեջ: Նրանք կարծում են, թե աշխատավայրում հատուկ պայմանների ստեղծումը միշտ լրացուցիչ ծախսեր է պահանջում, այդ իսկ պատճառով նախընտրում են հեռու մնալ հաշմանդամներին աշխատանքի ընդունելուց: Սակայն այս մոտեցումն իրազեկության պակասի եւ կարծրատիպերի արդյունք է: Իրականում հաշմանդամ մարդկանց համար հատուկ աշխատատեղերի ստեղծումը կամ արդեն եղածների հարմարեցումը պահանջում է ոչ այնքան ֆինանսական լուրջ ծախսեր, շինարարական աշխատանքների իրականացում եւ թանկարժեք սարքավորումների ձեռքբերում, որքան անխոչընդոտ բարոյահոգեբանական միջավայր: Ինչո՞ւ պետք է աշխատանքի ընդունել հաշմանդամություն ունեցող մարդուն: Որովհետեւ տարբերություն չկա՝ մարդը հաշմանդամություն ունի, թե ոչ, եթե նա կարող է աշխատել եւ ունի համապատասխան հմտություններ: Հաշմանդամություն ունեցող աշխատակիցը հաճախ ավելի պարտաճանաչ ու սրտացավ է եւ ավելի մեծ պատասխանատվությամբ է վերաբերվում իր աշխատանքին, դա բարձրացնում է կազմակերպության հեղինակությունը երկրում: Զարգացած երկրներում բոլոր հեղինակավոր կազմակերպություններն այդպես են անում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել