Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆՆԵՐՆ ԱՉՔՆԵՐԸ ՎԱԽԵՑՐԵԼ ԵՆ

Մայիս 01,2010 00:00

Գենդերային հավասարության հայեցակարգի ներդրումից հետո կուսակցությունները կանանց տեղերը տղամարդկանցով չեն համալրի:

\"\"

Մեր երկրում ամենուր առկա է գենդերային անհավասարությունն ու խտրականությունը: Եվ չնայած Եվրամիությանը եթե ոչ անդամակցելու, գոնե՝ մոտենալու մեր համառ ջանքերին, այնուամենայնիվ, բազմաթիվ հայ տղամարդիկ գտնում են, որ կնոջ տեղը խոհանոցն է, ընտանիքի գլխավորը տղամարդն է, տղամարդու խոսքը կինը պետք է անվերապահորեն ընդունի, չհակառակվի: Նույնիսկ այն փաստը, որ հայ տղամարդկանց մեծամասնությունը նախընտրում է տղա երեխա ունենալ, քանի որ, ըստ նրանց, մեր հասարակությունում տղամարդու իշխանությունն ավելի մեծ է, արդեն խոսում է այն մասին, որ շատ հաճախ հայ տղամարդիկ կնոջն իրենց համահավասար չեն գնահատում:
Ճիշտ է, վերջին տարիներին որոշակի քայլեր ձեռնարկվում են գենդերային հավասարության հասնելու համար, ասենք՝ ընտրական համակարգում փոփոխություններ են կատարվել, ազգային ծրագիր է իրականացվել, սակայն այսօր կանանց ներգրավվածությունը հասարակական եւ քաղաքական կյանքում դեռեւս շատ փոքր է:
Հայաստանում լուրջ խնդիր է նաեւ բարձր քաղաքական որոշումներ ընդունելու հարցում կանանց ներկայությունը. ունենք ընդամենը 2 կին նախարար, 1 կին մարզպետ, 2-3 կին փոխնախարարներ: Կան նախարարություններ, որոնց աշխատանքային ռեսուրսների 90%-ը կանայք են, օրինակ՝ առողջապահության, կրթության նախարարությունները, բայց վերին ատյաններում՝ կառավարող մարմիններում միայն տղամարդիկ են եւ մի քանի կին վարչության պետեր: Կառավարության եւ նախագահի աշխատակազմի բարձր օղակներում եւս կանայք քիչ տոկոս են կազմում:
«Գենդերային քաղաքականության հայեցակարգի» ներկայացման ժամանակ այսպիսի տվյալներ հրապարակեց «Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիա» հ/կ-ի նախագահ Ջեմմա Հասրաթյանը: Նշենք, որ կառավարությունն արդեն հաստատել է այս հայեցակարգը: Այդ առիթով էլ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը, մարզպետարանների եւ նախարարությունների ներկայացուցիչների մասնակցությամբ նախօրեին Ծաղկաձորում քննարկում էր կազմակերպել, որպեսզի որոշեն, թե ինչպես են հայեցակարգը կիրառելու:
Ջ. Հասրաթյանի խոսքերով՝ «Դիտարկումները ցույց են տալիս, որ վերջին 18 տարում մենք ոչ մի կին քաղաքապետ չենք ունեցել, չնայած մայրաքաղաքում կրթական մակարդակն ամենաբարձրն է: 2 փոխքաղաքապետ ենք ունեցել, սակայն՝ շատ կարճ ժամանակով: Գյուղապետերի եւ ավագանիների շրջանում եւս ցածր է կանանց ներգրավվածությունը: 10 տարածքային մարմիններում ոչ մի անգամ ոչ մի կին չի ընտրվել: Դրա պատճառը ոչ միայն այն է, որ հասարակությունը կնոջը ձայներ չի տալիս, ըստ երեւույթին, թույլ ենք պայքարում նման կարծրատիպերի դեմ: Պետք է փոխել, հնարավորություն տալ, որ հասարակությունում գնահատվի նաեւ կնոջ պոտենցիալը»:
Գաղտնիք չէ, որ այսօր շատ հարցեր լուծում են քաղաքական կուսակցությունները, եւ նրանք լիարժեք չեն օգտագործում կանանց ներուժը: Տիկին Հասրաթյանի ներկայացմամբ՝ «Վերլուծությունը ցույց է տալիս, որ կուսակցություններում կանանց բավականաչափ ներուժ կա: Օրինակ՝ ՀՀԿ-ում՝ 30%-ից մի քիչ ավելի, ՕԵԿ-ում՝ 60%, ՀՅԴ-ում՝ 30%, «Ժառանգությունում» էլ բարձր է այդ տոկոսը, բայց կանայք համամասնորեն չեն ներկայացված այդ կուսակցությունների վերադաս մարմիններում: Եթե նայենք, թե որքան կին կա ՀՀԿ-ում եւ վերջերս կայացած համագումարում քանի կին է ընտրվել, ապա կտեսնենք, որ դա չի արտահայտում կանանց այն ներուժը, որն ունի կուսակցությունը: Այս վերաբերմունքը գալիս է հենց կուսակցություններից: ԱԺ-ում էլ նույնն է, ոչ մի բացատրություն չկա, թե ինչո՞ւ է 64 ՀՀԿ-ական պատգամավորներից ընդամենը 2-ը կին, այն դեպքում, երբ մյուս կուսակցությունները ապահովում են քվոտաների 25%-ը»:
Հայեցակարգի ներկայացմանը ներկա էին նաեւ մարզպետարանների ներկայացուցիչները: Արարատի մարզպետարանի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Գագիկ Պողոսյանն այդ քննարկման ժամանակ ասաց. «Ես ընտրությունների ժամանակ տարածքային հանձնաժողովի նախագահ եմ եղել: Երբ կինը թեկնածություն է դնում, կանայք ձայն չեն տալիս: Նախանձ, չկամություն՝ ո՞րն է պատճառը: Ասում են՝ տղամարդի՜կ, այսպե՜ս- այնպե՜ս… ուզո՞ւմ եք խորհրդարանում հավասարություն լինի՝ պիտի համամասնական ընտրակարգի անցնենք ու մեծամասնականը վերացնենք: Ընտրովի մարմիններում կանայք 20-30 տարի այս վիճակում են լինելու: Իսկ նշանակովի պաշտոններում, ասենք՝ դպրոցներում, մարզպետարաններում կանայք են շատ: Մեր մարզպետարանում 60%-ը կին է, դուք մտածում եք, որ անպայման մարզպետ կամ փոխմարզպետ լինի՞: Իմ բաժնում 5 կին կա, ես մենակ եմ, մարդիկ աշխատանք ունեն, դա էլ արդեն լավ է»: Այս դիտարկմանը տիկին Հասրաթյանն այսպես պատասխանեց. «Այսօրվա մեր ընտրություններն այնքան բիրտ են, որ կանանց շատ դժվար է մտնել նման պայքարի մեջ»:
Որպեսզի կանայք էլ շահագրգռված լինեն թեկնածություններ առաջադրել, առաջարկվում է ընտրությունների մասին օրենքում փոփոխություններ կատարել: Տիկին Հասրաթյանի խոսքերով՝ «Թեկնածուների ցուցակում պետք է յուրաքանչյուր 3-ից 1-ը կին առաջարկվի: Ցուցակից յուրաքանչյուր կնոջ դուրս գալու դեպքում, հաջորդ փոխարինողը եւս պետք է կին լինի, այլ ոչ թե տղամարդ: ՀՀԿ-ականները մեզ դաս տվեցին, երբ այս ընթացքում 4 կին միանգամից որոշեց, որ  չի կարող պառլամենտում աշխատել՝ դուրս եկան: Հետո հասկացանք, որ սկզբում մտցնում են կանանց, 15%-ն ապահովում, բայց հետո փաստացի կանայք 15% չեն լինում, քանի որ կինը դուրս է գալիս, նրա տեղը տղամարդ է գրավում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել