Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՎԱՅԵԼԵՆՔ ԻՏԱԼԻԱՅԻ ՀԱՄՆՈՒՀՈՏԸ

Մայիս 01,2010 00:00

Մայիսի 10-16-ը երեւանյան 11 սրճարաններ իրենց հյուրերին կառաջարկեն Իտալիայի տարբեր շրջանների ուտեստներ: Տոսկանայի, Վենետոյի, Սիցիլիայի, Կամպանիայի, Լոմբարդիայի եւ այլ գավառներին հատուկ սննդամթերքի ընտրանի եւ այդ շրջաններից յուրաքանչյուրին առնչվող գովազդային նյութեր տեղադրված կլինեն ռեստորաններում: Իտալական խոհանոցի փառատոնը կազմակերպվել է հանրահայտ Ermenegildo Zegna ապրանքանիշի 100-ամյակի կապակցությամբ՝ Երեւանում Ermenegildo Zegna-ի ներկայացուցչության եւ ՀՀ-ում Իտալիայի դեսպանության նախաձեռնությամբ՝ «Անդակո» ընկերության հետ միասին:
Երեկ այդ կապակցությամբ ասուլիս էր հրավիրել Իտալիայի դեսպան Բրունո Սկապինին, որն այնպիսի հպարտությամբ եւ ոգեւորությամբ էր պատմում իտալական խոհանոցի առանձնահատկությունների, միջերկրածովային սննդակարգի եւ ընդհանրապես սնվելու արվեստի մասին, որ միանգամից ակնհայտ էր դառնում նրա ազգությունը: Պարոն Սկապինին մանրամասն ներկայացրեց Հին Հռոմից մինչ օրս Իտալիայի յուրաքանչյուր գավառին հատուկ սննդակարգն ու մթերքները, պատմեց իտալական գինիների, պաստաների, ձիթապտղի յուղի եւ պանիրների մասին, տեղեկացրեց, որ այժմ Իտալիայում սկսվել է «slow food»՝ դանդաղ սնունդ կոչվող մի շարժում, որը հակադրվում է հայտնի fast-food-ին, որը եվրոպական բարձրաճաշակ համադամասերների համար սննդի ընդունման վուլգար եւ անհարգալից ձեւ է: Ուտելը ոչ միայն ստամոքսը լցնելն է, այլեւ տվյալ ազգի մշակույթի կարեւոր բաղադրիչի՝ խոհանոցի հանդեպ հարգանքի մատուցում, վայելք… Սա էր պարոն Սկապինիի խոսքերի առանցքը: Դատելով ասուլիսից հետո «Իտալական խոհանոցի փառատոնին» մասնակից ռեստորաններից մի քանիսի՝ «Նոյյան տապանի», «Աի Լեոնիի», «Լե Բուշոնի», «Ռեմբրանդտի», «Լ’Ատելյեի», «Մամա Միայի» եւ «Կուչինայի» մատուցած խորտիկներից՝ չի կարելի բաց թողնել առիթը եւ մայիսյան այդ շաբաթվա ընթացքում գոնե մեկ անգամ տոն չսարքել սեփական քիմքին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել