Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կյանքը շարունակում է թանկանալ

Մայիս 01,2010 00:00

Սպառողական շուկայում կրկին գնաճ է արձանագրվել, ապրիլին գները աճել են 1.3%-ով: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության երեկ հրապարակած զեկույցի համաձայն՝ այս ամիս պարենային ապրանքների գները թանկացել են 0.7%-ով, ինչը մեծապես պայմանավորվել է մսամթերքի, կենդանական եւ բուսական յուղերի, շաքարավազի, մրգի 0.9-4.8% գնաճով: Նախորդ ամսվա համեմատ 1.5-26.4 տոկոսով թանկացել են կիտրոնը, խաղողը, տանձը, նարինջը, մանդարինը, նուռը, բանանը: Շաքարավազի գինը մեկ ամսվա ընթացքում թանկացել է 4.5 տոկոսով, տարվա կտրվածքով գնաճը կազմում են 32.7%: Մեկ ամսում 2.8%-ով թանկացել է նաեւ կենդանական եւ բուսական յուղի գները: Մսամթերքի ապրանքախմբում մարտի համեմատ 0.9% գնաճ է եղել: Խոզի, տավարի եւ ոչխարի մսերի գները 2010թ. ապրիլին մարտի համեմատ թանկացել են՝ համապատասխանաբար 0.2%, 0.5% եւ 1.2%-ով: Ամենափոքր թանկացումը գրանցվել է կաթնամթերքի, սուրճի, թեյի, կակաոյի, ոչ ոգելից եւ ոգելից խմիչքի եւ ծխախոտի, այլ մթերքի, հացամթերքի ապրանքանիշներում՝ 0.1-1.0% գնաճ: Ապրիլին ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցված 1.8% գնաճի վրա իր անմիջական ազդեցությունն է թողել բենզինի եւ դիզելային վառելիքի՝ համապատասխանաբար 4.8% եւ 5.8%, ինչպես նաեւ հեղուկ գազի՝ 11.0% գնաճը: Մեկ ամսվա ընթացքում 2.2%-ով թանկացել են նաեւ բնակչությանը մատուցված ծառայությունները: Պաշտոնական աղբյուրը այդ թանկացումը պայմանավորում է բնակարանային-կոմունալ ծառայությունների սակագների 9.1% հավելաճով՝ գազային վառելիքի վաճառքի սակագները 2010թ. ապրիլի 1-ից ավելացել են 37.5%-ով, իսկ խմելու ջրի մատակարարման սակագները 5.5%-ով (պայմանավորված Շիրակի եւ Լոռու մարզերում խմելու ջրի մատակարարման ծառայության մատուցման սակագների՝ համապատասխանաբար 1.9 անգամ եւ 1.6 անգամ թանկացմամբ): Ի դեպ, մեկ տարվա կտրվածքով սպառողական գները ավելացել են 6.8%-ով, իսկ 5 տարվա կտրվածքով՝ 31.1%-ով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել