Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԻ ԼՈՒՅՍՆ ՈՒ ՍՏՎԵՐԸ

Մայիս 01,2010 00:00

\"\"Հսկա բուժհիմնարկները վճարում են ավելի քիչ, քան գյուղական տպարանները

Սկիզբը՝ երեկվա համարում

Շարունակում ենք անդրադառնալ 2010թ. 1-ին եռամսյակի վերաբերյալ պետական եկամուտների կոմիտեի կազմած՝ «1000 խոշոր հարկ վճարողների» ցանկին եւ ներկայացնել որոշ դիտարկումներ:

Բուհեր եւ այլ կրթական հաստատություններ
Խոշոր հարկատուների մեջ հայաստանյան բուհերից առաջինը Երեւանի պետական համալսարանն է, որը գրավել է պատվավոր 92-րդ տեղը՝ մուծելով 183 մլն դրամ, շատ ավելին, քան, ասենք, Ավանի աղի կոմբինատը, որը գտնվում է 128-րդ տեղում՝ 139,268 մլն դրամով, կամ՝ 126-րդ տեղում գտնվող «Երեւանի գարեջուր» ընկերությունը, որն այս եռամսյակ մուծել է 143,779 մլն դրամ: Նկատենք, որ ԵՊՀ-ն ունի մոտ 13 հազար ուսանող, եւ այս բուհում վարձավճարները տարեկան 250-700 հազար են՝ կախված ֆակուլտետից:
Երեւանի պետական բժշկական համալսարանը 184-րդն է եւ մուծել է 93,358 մլն դրամ: Նշենք, որ ԵՊԲՀ-ում չնայած ուսանողների քանակը զգալիորեն պակաս է ԵՊՀ-ից, բայց այստեղ վարձավճարներն են շատ բարձր՝ 800 հազար դրամ: Հետաքրքիր թիվ է ցույց տվել Մանկավարժական ինստիտուտը, որը 2009-ի տվյալներով 107-րդն էր, իսկ այս տարվա 1-ին եռամսյակի կտրվածքով հայտնվել է 548-րդ տեղում եւ մուծել ընդամենը 30 500 000, այն դեպքում, երբ Մանկավարժականը ուսանողների քանակով երկրորդն է ԵՊՀ-ից հետո (2009-ին այս բուհ է ընդունվել 1800 ուսանող, իսկ ԵՊՀ՝ 2950), եւ ուսանողներն էլ տարեկան վճարում են 240-550 հազար դրամ: Փոխարենը՝  Ագրարային համալսարանը, որտեղ անհամեմատ քիչ ուսանող կա (2009-ին ընդունվել է մոտ 1000 ուսանող) եւ անհամեմատ ցածր ուսման վարձ՝ 170-320 հազար դրամ, այս տարի ավելի շատ հարկ է մուծել (31,811 մլն), քան նույն Մանկավարժականը, եւ հայտնվել է 527-րդ տեղում:
Խոշոր հարկատուներից են նաեւ ԵՊՏՀ-ն՝ 256-րդ տեղ, 65,341մլն դրամ, ԵՃՇՀ-ն՝ 294-րդ տեղ, 55,450 մլն դրամ, Բրյուսովի անվան ԵՊԼՀ-ն՝ 384-րդ տեղ, 43,192 մլն դրամ, ՀՊՃՀ-ն՝ 398-րդ տեղ, 41,641 մլն դրամ, Ռուս-հայկական համալսարանը՝ 429-րդ տեղ, 38 մլն դրամ, Հայաստանի Ամերիկյան համալսարանը՝ 468-րդ տեղ, 35,215 մլն դրամ, Վանաձորի մանկավարժական ինստիտուտը՝ 681-րդ տեղ, 23 մլն դրամ, Ֆիզկուլտինստիտուտը՝ 858-րդ տեղ, 16,800 մլն դրամ, Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիան՝ 875-րդ տեղ, 16,350 մլն դրամ, Գյումրիի մանկավարժական ինստիտուտը՝ 965-րդ տեղ, 13,180 մլն դրամ:
Հետաքրքիր էր խոշոր հարկատուների մեջ տեսնել Դասագրքերի շրջանառու հիմնադրամին, որը, մուծելով 15,767 մլն դրամ, զբաղեցրել էր 902-րդ տեղը: Իսկ Կրթության ազգային ինստիտուտն այս եռամսյակ մուծել էր 28 մլն դրամի հարկ (ամբողջապես՝ ուղղակի հարկ) եւ զբաղեցրել 585-րդ տեղը: Փաստորեն, ԿԱԻ-ի մի եռամսյակի ընթացքում արած հարկային մուտքերն ավելի քիչ են, քան 2009-ի սեպտեմբերին նրանց կողմից ԿԳ նախարարին «փոխանցած» «Ֆոլքսվագեն- Տուառեգի» գինը՝ 30,390 մլն դրամ:

Բուժհիմնարկներ
Պատկերը, որ կա այս ոլորտում, ուղղակի ապշեցնում է: Բուժհիմնարկների մեջ լավագույն դիրքը զբաղեցնում է Էրեբունի բժշկական կենտրոնը: Սակայն այս հսկա բուժհիմնարկը, որտեղ ամենաաննշան վիրահատության համար հարկ է լինում վճարել վեցանիշ թվեր, զբաղեցրել է ընդամենը 336-րդ տեղը եւ մուծել է ավելի քիչ հարկ՝ 49,167մլն, քան Գյումրիում գրանցված ինչ-որ «Սուպերմարկետ», որը մուծել է 49,201 մլն: Էլ ավելի զարմանալի դիրքերում է «Արմենիա» բժշկական կենտրոնը՝ հայտնի Հանրապետական հիվանդանոցը, որը հայտնվել է 516-րդ տեղում եւ մուծել է ընդամենը 32,211 մլն դրամ, ավելի քիչ, քան 511-րդ տեղում հայտնված «Խուրշուդյան Գեւորգ Աբրահամի» պարտաճանաչ գյումրեցին, որը կար նաեւ 2009-ի խոշոր հարկատուների ցանկում, քան երեւանյան ինչ-որ «Լիմուշ» (494-րդ տեղ) կամ «Մուրադ Սար» (492), եւ առավել եւս, քան Կապանի ինչ-որ «Նեմալ» ընկերություն, որը 474-րդն է: Սակայն ինչ ասենք «Նաիրի» բժշկական կենտրոնի մասին, որը, հայտնվելով 615-րդ տեղում եւ մուծելով 26,299 մլն դրամ, ավելի վատ արդյունք է տվել, քան, ասենք, Վերին Արտաշատի «Մեծ Հայրիկ» (531) կամ Քաջարանի «Մեխ նորոգում» (537), ապարանյան «Էդվարդ Սարգսյան» (553) ընկերությունները, եւ նույնիսկ Վանաձորի թիվ 1 բժշկական համալիրից (589) էլ ցածր տեղում է: Այլեւս խոսելու տեղ չի թողնում Պերինատոլոգիայի մանկաբարձության եւ գինեկոլոգիայի ինստիտուտը, որը ոչ միայն այս բոլորից էլ ցածր է գտնվում՝ մուծելով 23,495 մլն դրամ եւ հայտնվելով 673-րդ տեղում, այլեւ զիջում է նույնիսկ Մուսալեռ գյուղում գործող անհայտ մի տպագրատան՝ «Մուսալեռին», որն այս ցանկում 590-րդն է: Լացացնող արդյունք են ցույց տվել նաեւ «Շենգավիթ բժշկական կենտրոնը» (952) եւ Երեւանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնը (968):

Մեծահարուստներ եւ պաշտոնյաներ
«Արմավիայի» մասին երեկվա համարում արդեն գրել ենք: Այն ընդհանրապես բացակայում է 1000 խոշոր հարկատուների ցանկից: «Արմավիայի» սեփականատեր Միխայիլ Բաղդասարովին պատկանող մյուս ընկերություններն էլ առանձնապես փայլուն վիճակում չեն: Այսպես, լավագույն դիրքում «Միկա կորպորեյշընն» է, որը 20-րդ տեղում է եւ վճարել է 612 մլն դրամ: «Միկմետալը» 51-րդն է՝ 337 մլն դրամ է վճարել, իսկ «Միկացեմենտը» ընդամենը 287-րդն է՝ մուծելով 56,455 մլն դրամ: Ընդհանուր՝ մոտ 1 մլրդ:
Ինչ վերաբերում է Հրանտ Վարդանյանին եւ նրա ընտանիքին պատկանող բիզնեսին, «Ինտերնեյշընըլ Մասիս տաբակի» մասին արդեն գրել ենք՝ այս ընկերությունը կայուն տեղ ունի լավագույն հարկատուների տասնյակում: Այս եռամսյակ այն հայտնվել է 9-րդ տեղում եւ մուծել է 1 մլրդ 440 մլն 521 հազար դրամ: Հաջորդը «Գրանդ տոբակոն» է՝ 21-րդ տեղում, 588 մլն դրամ, ապա «Գրանդ քենդին»՝ 47-րդ տեղ, 362 մլն դրամ: Ապա գալիս է «Մասիս տոբակոն», որը 79-րդ տեղում է՝ մուծելով 207,666 մլն դրամ: Ցուցակում կա նաեւ 480-րդ տեղում հանգրվանած ինչ-որ «Մասիս տաբակ», որը մուծել է 34,210 մլն դրամ, սակայն արդյոք այն այս ընտանիքի «տաբակների՞ց» է, թե՞ ոչ, չգիտենք: Ընդհանուր՝ մոտ 2,5 մլրդ:
ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը՝ իր «Ալեքս Գրիգով» զարմացնում է շատերին՝ մուծելով գրեթե 4,5 մլրդ դրամի հարկ եւ հայտնվելով 2-րդ հորիզոնականում, չնայած այդ հարկերի գերակշիռ մասը՝ գրեթե 3,5 միլիարդը, անուղղակի հարկեր են՝ սպառողներիս «ջանից կլպած»: Ս. Ալեքսանյանին պատկանող հաջորդ ընկերությունը՝ «Նատալի ֆարմը», եւս այս ցանկում կա, զբաղեցնում է 46-րդ տեղը՝ 363 մլն դրամ մուծելով: Գուցե այս ցուցակում կան պարոն Ալեքսանյանին պատկանող այլ ընկերություններ եւս, որոնցից մենք տեղյակ չենք, կամ որոնք գրանցված են ուրիշների անունով:
Եթե Հայաստանում ամենահարուստ մարդկանցից մեկը համարվող ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի հարստության մասին դատելու լինեինք նրան պատկանող ընկերությունների դիրքը դիտարկելով հարկատուների ցանկում՝ կկարծեինք, թե պարոն Ծառուկյանի ունեցվածքի մասին խոսակցությունները պարզապես միֆ են: Այսպես, նրա ընկերություններից լավագույն տեղում գտնվող «Երեւանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատը» ընդամենը 72-րդն է եւ մուծել է միայն 226 մլն դրամ: «Դուստր Մարիանան» 173-րդն է՝ 100,4 մլն դրամ, «Մուլտի Լեոն» ընկերությունը, մուծելով 79,977 մլն դրամի հարկ՝ հայտնվել է 215-րդ հորիզոնականում, «Կոտայք» գարեջրի գործարանը 225-րդն է, մուծել է ընդամենը 76,78 մլն դրամ, «Արարատցեմենտը» 251-րդն է՝ 66,687 մլն, «Մուլտի գազը» 416-րդն է՝ 39,701 մլն դրամ, «Մուլտի գրուպ Կոնցեռնը» 885-րդն է՝ 16 մլն դրամով, իսկ «ՄԳ հաուզինգը» հազիվ 925-րդն է՝ 15,233 մլն դրամով: Ընդհանուր՝ 600 մլն-ից քիչ ավելի:
ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, որ մինչեւ 2007թ. մեր լավագույն հարկատուներից էր, 2007-ից հետո, երբ իր քաղաքական հայացքների համար սկսեց ենթարկվել բառիս բուն իմաստով պետական ահաբեկչության, կորցրեց իր ընտանիքի բիզնեսի որոշ մասը, իսկ որոշներն էլ հայտնվեցին ավելի ցածր հորիզոնականներում, քան նախկինում էին: Սուքիասյանների «Հայէկոնոմբանկը» 147-րդն է (118,367 մլն դրամ), «Նարեկը»՝ 244-րդը (69,830 մլն դրամ), «Զովք» գործարանը՝ 606-րդն է (26,717 մլն): Ընդհանուր՝  մոտ 215 մլն:
«Բջնին», որ Սուքիասյանների լավագույն բիզնեսներից էր, այժմ պատկանում է ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին եւ զբաղեցնում է 84-րդ տեղը՝ մուծելով 190 մլն դրամ: Իսկ պարոն Հայրապետյանին պատկանող «Զարգացման հայկական բանկը» 226-րդ տեղում է՝ 76,691 մլն:
Մյուս պատգամավորներից, օրինակ, Մանվել Բադեյանին պատկանող բազմապրոֆիլ «Եվրոստան Ույուտը» 480-րդն է եւ պետության հանդեպ պարտավորությունները կատարելու առումով ետ է մնացել այնպիսի անհայտ ընկերություններից, ինչպիսիք են ինչ-որ «Ճերմակ աղավնի», «Եղիսաբեթ», «Ռումավան» եւ այլն… Մեկ ուրիշ պատգամավորի՝ Մանվել Ղազարյանին պատկանող «Վեդի Ալկոն» էլ հայտնվել է 476-րդ տեղում եւ զիջում է անգամ այնպիսի ընկերությունների, ինչպիսիք են «Սոնա-79»-ը, «Աստերիան», «Ռաֆ-Թամը» եւ այլն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել