Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԳՅՈՒՂԱՑԻՆ ԿՈՐՑՆՈՒՄ Է ՆՇԱՆԻ ՄԱՏԱՆԻՆ

Մայիս 01,2010 00:00

ԱԺ անկախ պատգամավոր Լյովա Խաչատրյանը վստահ է, որ գյուղացու մասին պետք է լրջորեն մտածել, քանի դեռ շատ ուշ չէ:

Ազգային ժողովի պատգամավոր Լյովա Խաչատրյանն անցած քառօրյայի ժամանակ կառավարությանն ուղղեց մի շարք հարցեր, որոնք առայժմ անպատասխան են: Պատգամավորի մտահոգությունը գյուղական խնդիրներն են: ԱԺ հերթական հայտարարությունների ժամին Լյովա Խաչատրյանը հայտարարեց. «Ոչ մի երկիր չի կարող կերակրել մոտ 600 հազար թոշակառուի եւ նպաստառուի, գումարած դրան՝ լեռնային գյուղերում ապրող բնակչության մեծամասնությանը: Պետք է պայմաններ ստեղծել, որ գյուղացին կարողանա կերակրել իրեն, իր ընտանիքը, նաեւ մեզ: Այսօր հակառակն է, գյուղացին հրաժարվում է հողը մշակելուց լեռնային շրջաններում, որովհետեւ այն ոչ շահութաբեր է՝ մոտ 16%-ով, եթե սեփական միջոցներով եք այն մշակում, իսկ եթե վարկերով՝ 24-ից մինչեւ 28%, մոտ 40% եւ ավելին ոչ շահութաբեր է: Վերջին 8 տարիների Վիճվարչության տվյալներով՝ հացամթերքի գինը բարձրացել է մոտ 68%-ով, իսկ հացահատիկի մթերման գինը մնացել է նախկին մակարդակին մոտ՝ 90 դրամ, այն դեպքում, երբ այդ հացահատիկի, թեփի եւ կտի գինը շուկայում 20%-ով հացահատիկի գնից բարձր է՝ մոտ 107 դրամ:
Կարծում եմ, այստեղ կառավարության միջամտության խնդիրը կա՝ ֆիքսելու հացահատիկի մթերման գինը՝ 120 դրամից ոչ պակաս: Դրա նախադեպը մենք ունենք, երբ անցյալ տարի խաղող մթերողները ցանկանում էին 60 դրամով խաղողը ընդունել, երկրի նախագահի անմիջական միջամտության արդյունքում ընդունվեց 110 դրամ եւ ավելին, եւ ոչ ոք չսնանկացավ:
Արեւածաղկի սերմի պես վարկ էր բաժանվում լեռնաբնակ գյուղացուն 24%-ով՝ գումարած 4% այլ ծախսեր: Էդ ի՞նչ պետք է անի գյուղացին, որ 28%-ով վարկ կարողանա մարել: 3 հետեւանք՝ կորցնում է տունը, բռնում արտագաղթի ճամփան, բռնում է հանցագործության ճանապարհը, որպեսզի վարկը մարի, դառնում է հանցագործ, կորցնում է տունը, բռնում արտագաղթի ճանապարհը:
Երրորդ ելքն այն է, որ բաժանվում են ընտանիքներ, ընտանիքի անդամները մեկը մյուսի վրա են փորձում բարդել վարկը: Արդյունքում գյուղացին կորցնում է նշանի մատանին, կորցնում է տունը, բռնում արտագաղթի ճանապարհը: Երկրին, ես հասկանում եմ, գյուղացի պետք չի, քաղաքացի պետք չի: Զինվո՞ր էլ պետք չի, երբ ամեն օր հարեւան երկրի կողմից պատերազմ սկսելու կոչեր ենք լսում»:
Պատգամավորն առաջարկեց կառավարությանն առավել ուշադիր լինել գյուղացիներին վարկեր բաժանելիս, եւ քանի դեռ համոզված չեն, որ տվյալ գյուղացին կկարողանա մարել վարկերը, վարկ չտրամադրեն, այն էլ՝ այդքան բարձր տոկոսներով. «Նման ձեւով վարկ տվողը պետք է բարոյական փոխհատուցում վճարի վարկառուին, հակառակ դեպքում պատասխանատվությունը պետք է կրի կառավարությունը»,- վստահ է Լյովա Խաչատրյանը:
Պատգամավորը «Առավոտի» հետ զրույցում օրինակներ ներկայացրեց, երբ վարկի դիմաց դատական կարգով մարդը կորցնում է տունը, եւ հենց տեղում էժան, «ջրի գնով» հայտնվում է գնորդը՝ կարծես նախապես պայմանավորված սցենարով: «Առավոտը» հարցրեց՝ մի՞թե գաղտնիք է, որ այսօր հացահատիկի ներկրումը մենաշնորհային է, եւ գյուղացիների վիճակը նաեւ այդ պատճառով նախանձելի չէ: Պատգամավորի պնդումը հետեւյալն է՝ եթե ներկրողը հացահատիկը վաճառում է 120 դրամով, ապա գյուղացուց ոչ ոք բարոյական իրավունք չպետք է ունենա այն գնել 40 կամ 60 դրամով. «Համաձայն եմ, գուցե գյուղացու արտադրածը մի քիչ այն չէ, բայց մենք ի՞նչ գիտենք, թե ներկրողն ինչ է բերում»: Պատգամավորը կառավարությունից ակնկալում էր հարցի լուծում մեկ շաբաթվա ընթացքում, քանի որ եթե կառավարությունը խոստանա գյուղացուն, որ նրա արտադրանքն, այս դեպքում՝ ցորենի տեսքով, իրենից կգնեն այն գնով, ինչ գնով գնում են ներկրողներից, ապա գարնանացանը գյուղացին կսկսի ոգեւորված եւ դաշտերում ցորեն կցանի: Հիշեցնելով, որ անցած տարի խաղողի մթերման հետ կապված միջամտեց նախագահը, եւ հարցը լուծվեց, եւ գյուղացու արտադրած խաղողը մթերողները վերցրին գյուղացուն ձեռնտու գներով, պատգամավորն առաջարկում է նույն կերպ վարվել նաեւ ցորենի դեպքում: Եթե իրավաբանորեն ձեւավորված նման նախաձեռնություն կառավարությունը մեկ շաբաթում չբերի, պատգամավորը խոստացավ ներկայացնել հարցի լուծումը իր՝ «ինժեներական լեզվով»:
Իսկ կառավարությունը, ի դեմս ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանի, համամիտ չէր եւ խնդրեց ընդհանրացված գնահատականներ չտալ: Լյովա Խաչատրյանը ի պատասխան կրկնեց իր պնդումը եւ հավելեց. «Ես ասացի, որ ֆինանսները ռոմանսներ են երգում, բայց, պարզվում է, նրանք նաեւ նկարում են: Կարո՞ղ եք ասել՝ գյուղատնտեսությունը 28 տոկոսով վարկ վերցնելով՝ կարո՞ղ է այն փակել, երբ լեռնաբնակ վայրերում գյուղատնտեսությունը 16 տոկոսով ոչ շահութաբեր է: Մարդիկ վարկը վերցնում են եւ ետ չեն տալիս, կորցնում են տունը, ընտանիքը, հեռանում են: Ես փաստեր եմ ասում, չեմ նկարում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել