Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանցի պատվիրակը մեղադրել է Նաիրա Զոհրաբյանին

Մայիս 01,2010 00:00

Սակայն ո՛չ նա, ո՛չ ինքը՝ Զոհրաբյանը, երեկ հնարավորություն չունեցան ԵԽԽՎ-ում հնչեցնել իրենց ելույթները:

ԵԽԽՎ-ն երեկ քննարկեց «Միգրանտներ եւ փախստականներ. շարունակվող մարտահրավեր Եվրոպայի խորհրդի համար» զեկույցը, որը հեղինակել է շվեյցարացի պատվիրակ Դորիս Ֆիալան: Բնական էր ենթադրելը, որ նման զեկույցի քննարկումը հաստատ կվերածվի ԵԽԽՎ-ում հայ եւ ադրբեջանցի պատվիրակների հերթական խոսքային փոխհրաձգության: Սակայն նիստը վարողները սահմանափակեցին ելույթները՝ խոսքի հնարավորություն տալով միայն խմբերի ներկայացուցիչներին: Այլ պատգամավորների ելույթները, սակայն, ներառված են նիստի պաշտոնական արձանագրության մեջ եւ տեղադրված ԵԽԽՎ կայքէջում:
Մասնավորապես Ադրբեջանի պատվիրակ Գանիրա Փաշաեւայի հրապարակված ելույթում, «օկուպացված տարածքների» վերաբերյալ ավանդական մեղադրանքներից բացի, նաեւ կշտամբանք կա. «Հայաստանից իմ գործընկերը՝ տիկին Զոհրաբյանը, անհիմն մեղադրեց Թուրքիայի վարչապետ Էրդողանին Վեհաժողովում եւ ապատեղեկատվություն հրապարակեց նման հեղինակավոր կազմակերպությունում: Նման քայլերը դուրս են գալիս էթիկական նորմերի շրջանակներից: Ինչպես գիտեք, հայերի քանակը, որոնք փախել են Հայաստանից ու ժամանել Թուրքիա եւ ապրում ու աշխատում են այնտեղ իբրեւ փախստականներ եւ ապօրինի միգրանտներ՝ աճում է օր օրի: Սա նշանակում է, որ նրանք համարում են Թուրքիան իրենց համար հուսալի եւ անվտանգ երկիր: Իրականում սա ցուցադրում է Թուրքիայի մարդասիրությունը, ուր տասնյակ հազարավոր հայեր կարող են ապաստան ստանալ, գտնել աշխատանք ու խաղաղ կյանք: Հայաստանը չի ճանաչում Թուրքիայի սահմանները եւ տարածքային ամբողջականությունը: Այսպիսի դրական վերաբերմունքը Թուրքիայի կողմից հայերի հանդեպ՝ ընդունել այնտեղ թեկուզ ապօրինի աշխատողներին, բացառիկ մարդասիրական գործողություն է: Ահա թե ինչու տիկին Զոհրաբյանը չպիտի մեղադրեր Թուրքիային՝ նա պետք է շնորհակալ լիներ Թուրքիային նման գործողության համար: Փոխանակ ուրիշներին մեղադրեր՝ լավ կլիներ, եթե իմ գործընկերը մտածեր, թե ինչու է մեծանում հայերի քանակը, որոնք փախչում են իրենց հայրենի երկրից»:
Մեր տրամադրության ներքո է նաեւ Նաիրա Զոհրաբյանի ելույթը, որը փոխանցվել է ԵԽԽՎ քարտուղարությանը: Նա մասնավորապես հիշեցրել է. «Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով Հայաստանից հեռացած բազմաթիվ ադրբեջանցիներ ժամանակին իրենց թողած անշարժ գույքի եւ ունեցվածքի համար ստացել են փոխհատուցում։ 1989 թվականին Հայաստանի իշխանությունների կողմից 14,5 հազար ադրբեջանական ընտանիքի տրվել է միակողմանի փոխհատուցում՝ 101 միլիոն ԱՄՆ դոլար։ Մինչդեռ Ադրբեջանից տեղահանված որեւէ հայ ոչ մի փոխհատուցում չի ստացել։ 92 հազար բնակարան, հիմնականում քաղաքային բնակավայրերում, հայերը թողել են Ադրբեջանում եւ փախել՝ փրկելով իրենց կյանքը։ Ի դեպ, հենց ադրբեջանական բազմաթիվ աղբյուրներ են վկայում, որ հայերի թողած բնակարաններում ադրբեջանցի փախստականներին տեղավորելու փոխարեն, ադրբեջանական իշխանություններն այդ բնակարանները իրենց համար եկամտի աղբյուր են դարձրել։ Այդ մասին ժամանակին հայտարարել են նաեւ Ադրբեջանի բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Ուստի, ոչ մի անհրաժեշտություն չէր լինի կազմակերպելու վրանային ավանների շոուն, եթե տվյալ երկրի իշխանությունները սեփական հայրենակիցներին չօգտագործեին իրենց նյութական եւ նաեւ՝ քաղաքական խնդիրները լուծելու համար եւ հարգեին նրանց իրավունքները։ Ինչ վերաբերում է ադրբեջանական քարոզչության կողմից թմբկահարվող մեկ միլիոն փախստականներին, քանի որ թվաբանությունը ճշգրիտ գիտություն է, ապա բոլոր հաշվարկներով այդ թիվը չի գերազանցում 510 հազարը»: Նաիրա Զոհրաբյանը նաեւ առաջարկել է, որ ԵԽԽՎ-ն հետամուտ լինի հետեւյալ հարցին. «Ինչո՞ւ է Ադրբեջանի իշխանությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով Հայաստանից եւ Ղարաբաղից հեռացած իր հայրենակիցներին պահում անմարդկային պայմաններում՝ նրանց դարձնելով խաղաքարտ՝ այս եւ այսօրինակ ամբիոններից մշտապես կեղծիք հնչեցնելու համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել