Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՐԱՎԱԲԱՆՈՐԵՆ ՃԱՆԱՉԵՔ ՄԻԱՍԵՌԱԿԱՆ ԶՈՒՅԳԵՐԻՆ

Մայիս 01,2010 00:00

\"\"ԵԽԽՎ-ն ապրիլի 29-ին ընդունած 1728 բանաձեւով կոչ արեց Եվրոպայի խորհրդի անդամ երկրներին՝ միասեռական զույգերին տալ «մերձավոր ազգականի» կարգավիճակ:

Մինչեւ ապրիլի 29-ին ԵԽԽՎ Շվեյցարիայի սոցիալիստ պատվիրակ Անդրեաս Գրոսսի հեղինակած՝ «Սեռական կողմնորոշման եւ գենդերային նույնականության հիմքի վրա խտրականությունը» զեկույցը քննարկելը եւ բանաձեւն ընդունելը՝ ԵԽԽՎ 500 պատվիրակների էլեկտրոնային հասցեները ողողվում էին նման նամակներով. «Մեր կազմակերպությունը՝ «Ֆրանսիայի մահմեդական արվամոլները», իր քույր կազմակերպությունների հետ համագործակցաբար, իր լիակատար աջակցությունն է հայտնում Անդրեաս Գրոսսի զեկույցին՝ հօգուտ եվրոպական բոլոր քաղաքացիների հավասար իրավունքների՝ անկախ նրանց սեռական կողմնորոշումից»:
Նման արդյունավետ լոբբինգի պայմաններում ԵԽԽՎ-ն ընդունեց 1728 ծավալուն բանաձեւը, որով Վեհաժողովը մտահոգություն է հայտնում Եվրոպայի խորհրդի մի շարք անդամ երկրներում LGBT (lesbian, gay, bisexual, transgender) հավաքների եւ խոսքի ազատության խախտումների կապակցությամբ: Բանաձեւով նաեւ ամրագրվում է, որ ԵԽ անդամ որոշ պետություններում իրենց լուծմանն է սպասում դե-ֆակտո գոյություն ունեցող «LGBT ընտանիքները» իրավաբանորեն ճանաչելու հարցը: Վեհաժողովը ԵԽ անդամ պետություններին կոչ է անում միասեռական ընտանիքներին տրամադրել նույնպիսի գույքային իրավունքներ ու պարտականություններ, ինչպիսին ունեն տարբեր սեռերի պատկանող զույգերը: Նաեւ առաջարկվում է նման զույգերի տրամադրել «մերձավոր ազգականի կարգավիճակ»: Բանաձեւի մեկ այլ պահանջ է սեռափոխության հնարավորություն ընձեռելը: Եվ նշվում է, թե միասեռականների հանդեպ ատելությունը՝ հոմոֆոբիան արմատախիլ անելու համար ԵԽ անդամ պետություններին հարկ է ցուցաբերել քաղաքական կամք. «Այս կապակցությամբ Վեհաժողովն ընդգծում է խորհրդարանականների առանձնահատուկ պատասխանատվությունը՝ նախաձեռնելու եւ աջակցելու օրենսդրական փոփոխություններ»: Նաեւ առաջարկվում է մշակել LGBT-ների հանդեպ հանդուրժողականությունը եւ հարգանքը զարգացնող ծրագրեր՝ «մասնավորապես պետական ծառայողների, դատական համակարգի աշխատակիցների, իրավապահ մարմինների եւ զինված ուժերի, ինչպես նաեւ ուսումնական հաստատությունների, ԶԼՄ-ների, առողջապահական հաստատությունների եւ մարզական ոլորտի համար»:
Զեկույցի հեղինակը՝ Անդրեաս Գրոսսը, քննարկման ընթացքում հայտարարեց, թե իրենք չեն պայքարում՝ փոխելու ավանդական պատկերացումն ամուսնության կամ ընտանիքի մասին. «Պայքարում ենք միայն այն մարդկանց համար, որոնք չեն տեղավորվում այդ հին հասկացությունների շրջանակներում, որպեսզի նրանք չենթարկվեն խտրականության»: Եվ հավելեց. «Սեռական կողմնորոշումը մի բան է, ինչը դու չես ընտրում, ու դու չպիտի պատժվես մի բանի համար, ինչը չես ընտրել»:
Թե ինչպես է խտրականություն դրսեւորվում միասեռականների նկատմամբ՝ քննարկման ընթացքում ներկայացվեցին բազմաթիվ օրինակներ: Մեջբերենք մի քանիսը: ԵԽԽՎ Տղամարդկանց ու կանանց համար հավասար իրավունքների հանձնաժողովի նախագահ Ժոզե Մենդես Բոտան որպես օրինակ նշեց. «Գերմանիայում կան մի քանի հայտնի արվամոլ քաղաքապետեր, բայց չի ընտրվել եւ ոչ մի լեսբուհի: Ի՞նչ է սա»: Ֆրանսին Ջոն-Կալամը եւս նշեց. «Շվեյցարիայում ավելի շատ տղամարդ միասեռական պատգամավորներ կան, քան կին միասեռականներ, քանի որ տղամարդկանց համար ընտրվելն ավելի հեշտ է»: Արվամոլների հանդեպ «բացահայտ թշնամանքի մասին» էլ ֆինլանդացի Սինիկկա Հուրսկայնենը պատմեց. «Սա պատահել է իմ հայրենի քաղաք Իմատրայում, որտեղ աբեղան որոշեց սեռը փոխել եւ դարձավ կին: Ընդհանուր կարծիքն էր, թե անթույլատրելի է, որ իր նոր կանացի նույնականությամբ նա շարունակի աշխատանքն իբրեւ աբեղա կամ քահանա ֆիննական լյութերական եկեղեցում»:
Քննարկման ընթացքում հակահարձակման բազմաթիվ փորձեր եղան եկեղեցու ներկայացուցիչների վրա: Եվրոպական լիբերալների եւ դեմոկրատների միության խմբի անունից ելույթ ունեցող Աննե Բրասսեուրը հիշատակեց, որ ոուս Ուղղափառ եկեղեցու նախկին պատրիարքը՝ Ալեքսի Բ-ն, հայտարարել էր, թե արվամոլությունը հիվանդություն է, մարդկային էության ձեւախեղում, իսկ արվամոլների շքերթները՝ մեղքի ինդուստրիայի գովազդային արշավ: «Այս խոսքերը Վեհաժողովի սկզբունքների խախտում էին»,- վրդովված նկատեց պատգամավորը: Սոցիալիստների խմբակցության անունից Դորիս Սթամփն էլ մի գերմանացի կաթողիկոսի դատափետեց, քանի որ արվամոլությունը հայտարարել էր մեղք, որով խաթարվեց տղամարդու եւ կնոջ միությունը. «Նա մոռացել էր, որ մարդը ստեղծվել է մինչեւ կաթոլիկ եկեղեցին»: Եվրոպական միավորյալ ձախերի խմբի անունից Ժան-Փոլ Լեքոքն ազդարարեց. «Եվրոպայի խորհրդին չպետք է վախեցնել այնպիսի խմբերով, ինչպիսին կրոնական իշխանություններն են»: Իսկ Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբի անունից ելույթ ունեցող Էլվիրա Կովաչը տարածված նախապաշարում անվանեց այն, որ արվամոլությունը համարում են հիվանդություն. «Ես հիշեցնում եմ, որ դեռ 20 տարի առաջ է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը պնդել, թե նման մոտեցումը գիտական չէ»: ԵԽԽՎ բոլոր խմբերն այս հարցում միասնական էին: Նաեւ շարքային պատգամավորների ելույթներում հնչեցին նման կոչեր: Ասենք, Լյուքսեմբուրգից Լիդիե Եռը հայտարարեց. «Եկեղեցին պետք է դադարի միջամտել մեր քննարկումներին, եւ Վատիկանը պետք է պատասխանատվություն կրի սեփական հոտի սեքսուալության համար ու հայացքն ուղղի հոգեւորականությանը: Նրանք էլ են նույնպիսի սեքսուալ էություններ, ինչպես մենք բոլորս, ուստի Վատիկանը դրան պիտի հետեւի, որ խուսափի խնդիրներից, որոնց հաճախ բախվում է»:
Այս գրեթե միաձայն երգչախմբում եղան ընդամենը 2-3 այլ հնչողությամբ ելույթներ: Ասենք, ֆրանսիացի պատվիրակ Քրիստին Մարինը վեհերոտ նկատեց, թե իհարկե՝ չի կարելի պնդել, թե արվամոլները լավ ծնողներ չեն լինի, բայց՝ «Ճիշտ չէ արվամոլներին իրավունք տալ ունենալ երեխաներ նույն հիմքերով, ինչ եւ հետերոսեքսուալներին, քանի որ իրավիճակը բնական չէ»:
Անդրեաս Գրոսսն իր եզրափակիչ ելույթում բարկությունը պարպեց չեխ մի պատվիրակի՝ Միքայելա Սոժդրովայի վրա, որը համարձակվել էր ասել, թե նման զեկույցի անհրաժեշտություն չկա, եւ ինքը չի տեսնում որեւէ խտրականություն. «Ձեր ելույթից հետո հեռացաք դահլիճից, ուստի չլսեցիք այլ հռետորներին, որոնք ձեզ ցույց կտային, թե կա՛ խտրականություն եւ անարդարություն՝ հիմնված միայն մարդկանց սեռական կողմնորոշման վրա»: Զեկույցի հեղինակն ընդունեց. «Յուրաքանչյուրն էլ կարող է ունենալ կանխակալ վերաբերմունք, բայց երբեմն մենք պետք է պայքարենք կանխակալ վերաբերմունքի դեմ, քանի որ այն կարող է օրինականացնել պետական իշխանության սխալ գործողությունները»: Եվ հավելեց. «Մենք միայն պաշտպանում ենք հիմնարար իրավունքներն այն մարդկանց, ովքեր ձեզնից տարբեր են, բայց հավասար են օրենքի առջեւ: Խնդրում եմ՝ հարգեք դա եւ մի՛ մտածեք, թե մենք պակաս ողջամիտ ենք, քան կանք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել