Համոզված են հայ կոմունիստները, չնայած իրենք այս տարի էլ տարբեր կուսակցական կառույցներում եւ յուրովի կնշեն ոչ միայն Աշխատավորության օրը, այլեւ կուսակցական առաջիկա տոները:
Այսօր՝ Աշխատավորների միջազգային օրը, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը կանցկացնի ավանդական մայիսմեկյան շքերթ: Մայրաքաղաքի փողոցներում կրկին կհայտնվեն կարմիր վզկապներով պիոներներ, տարբեր առիթներով ստացած շքանշաններով զարդարված եւ հատուկ այդ օրվա համար փայած-փայփայած կոստյումներով տարեց կանայք եւ տղամարդիկ, գուցե նաեւ երիտասարդ կոմունիստներ: Կարմիր դրոշներով, փուչիկներով, «ուռռա՜»-ներով, «կեցցե՜»-ներով, «Ոչ կապիտալիզմին», «Պրոլետարներ բոլոր երկրների, միացեք» եւ համանման այլ պաստառներով, նվագախմբի ուղեկցությամբ շքերթի մասնակիցները ժամը 12-ին Մարտիրոս Սարյանի արձանի մոտից կշարժվեն դեպի Ստեփան Շահումյանի արձանին հարող հրապարակ՝ հատելով Մաշտոցի պողոտան եւ Խորենացի փողոցը: Իսկ Շահումյանի հրապարակում կկայանա մայիսմեկյան հանրահավաքը: «Սա մեր ժողովրդի լավագույն տոներից մեկն է, եւ այն տարիներ շարունակ փառքով է նշվել»,- համոզված է ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը՝ կոչ անելով բոլորին միանալ կոմկուսի շքերթին: Այս տարի եւս կոմունիստների հանրահավաքում շեշտադրում կարվի իշխանությունների վարած հատկապես սոցիալ-տնտեսական քաղաքականությանը, քանի որ այն գնալով առավել բացասական երանգներ է ստանում. «Գործազրկության եւ աղքատության մակարդակներն էլ ավելի են բարձրացել, գների պերմանենտ եւ խայտառակ աճը, որոնց գլուխգործոցն էր գազի սակագնի բարձրացումը, սպասվելիք խմելու եւ ոռոգման ջրերի թանկացումը եւ որպես հետեւանք՝ արտագաղթի աճը, որը մնում է Կոմկուսին անհանգստացնող ամենագլխավոր հարցը»:
Ի հեճուկս մեր պաշտոնյաների՝ վերջին շրջանում առավել հաճախ դարձած հայտարարությունների՝ թե Հայաստանը պատվով դուրս եկավ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից, ընկեր Թովմասյանը գտնում է, որ մեր երկիրը դեռ տառապում է ճգնաժամի ճիրաններում: Ավելին, նմանօրինակ հայտարարությունները համարում է «ներքին սպառման եւ ժողովրդին հանգստացնելու» համար: Իսկ վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ տնտեսական աճի մասին հայտարարություններին յուրովի մեկնաբանություն է տալիս. «3 տոկոս աճը չափում են 2009-ի 15 տոկոս անկումից հետո՞, թե՞ + 15 տոկոսին + 3 տոկոս: Եթե անկումից է հաշվվում, ապա 3 տոկոսն իրենից բան չի ներկայացնում»: Հանրահավաքում, իբրեւ դեղատոմս, ՀԿԿ-ն կրկին առաջարկելու է, որ «այս վայրի կապիտալիզմը» փոխարինվի սոցիալիստական-պլանավորման համակարգով՝ ազգայնացնել արդյունաբերական խոշոր ձեռնարկությունները, պատասխանատվության ենթարկել Խորհրդային Հայաստանի հարստությունները յուրացրած անձանց, փոխհատուցումներ պահանջել կոպեկներով սեփականաշնորհված եւ մինչ օրս փակ բոլոր ձեռնարկությունների համար: «Վերադարձնել ժողովրդի ունեցվածքը ժողովրդին. միայն այս դեպքում երկիրը կբարգավաճի եւ առաջընթաց կապրի»,- ասում է մեր զրուցակիցը, ով չի հիասթափվում շարունակաբար բարձրաձայնելով այս խնդիրները, որոնք, սակայն, այդպես էլ որեւէ իշխանավորի մոտ արձագանք չեն ստանում: «Մեզ «ձախ» են անվանում, բայց մեր ուղին աջ է, ու մենք հաղթելու ենք: Սոցիալիստական գաղափարախոսությունն աշխարհում գլուխ է բարձրացրել եւ հաղթելու է: Ժամանակն է որոշելու ամենը: Հայ ժողովուրդն այս ստրկական վիճակը տանել չի կարող»,- ասում է ընկեր Թովմասյանը: Ի դեպ, ՀԿԿ-ն այս տարի հանդիսավորությամբ նշել է կուսակցական առաջնորդներ Վ. Ի. Լենինի 140, Ի. Ի. Ստալինի 130-ամյակները, կնշվեն Ալ. Մյասնիկյանի եւ Ստ. Շահումյանի ծննդյան տարեդարձները, կլինեն Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 65-ամյակին նվիրված միջոցառումներ:
Իսկ Հայաստանի առաջադիմական կոմունիստական կուսակցությունը, Վազգեն Սաֆարյանի գլխավորությամբ, ժամը 12-ին Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում քաղաքացիական համերաշխության հավաք կանցկացնի, ապա ծաղիկներ կդնի Շահումյանի արձանին՝ հարգանքի տուրք մատուցելով կարկառուն կուսակցականին, ելույթներով կավարտվեն մայիսմեկյան միջոցառումները: «Աշխատավորների միջազգային օրվա կապակցությամբ մեր համերաշխությունը կհայտնենք նախ մեր ժողովրդին, կցանկանանք, որ աշխատանք ունենան, աշխատավորությունն էլ իր աշխատանքով այնքան բավարարվածություն ունենա, որ աշխարհի ժողովուրդներին հայտնի իր համերաշխությունը»: «Առավոտի» հեգնանքին՝ համերաշխություն հայտնելով համայն աշխարհի աշխատավորությանը՝ հայազգի միեւնույն գաղափարակիրներով շարունակում եք անհաշտ մնալ, ընկեր Սաֆարյանը պատասխանեց, որ իրենք պատրաստ են միասին նշելու. «Նոյեմբերի 29-ին գնացինք միասին նշելու, բայց իրենք ցանկանում են մեկուսի լինել. որոշ մարդիկ հրավիրել էին, որոշներն էլ համաձայն չէին ու դռները փակել, գնացել էին: Իրենց գործն է. մենք կնշենք կուսակցական բոլոր տոները»:
Իսկ Հայաստանի միավորված-նորացված կոմունիստները Աշխատավորության տոնը համեստ կնշեն՝ կուսակցական ղեկավար Յուրա Մանուկյանի փոքր-ինչ վատառողջ լինելու պատճառով: