Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Սոնատներ երկու դաշնամուրի համար» ստեղծագործությունը լսելը նպաստում է գլաուկոմայով եւ տեսողական ֆունկցիաների այլ նյարդային խանգարումներով տառապող հիվանդների տեսողության լավացմանը: Փորձերին մասնակցել է տեսողության խանգարումներով տառապող 60 հիվանդ: Մասնակիցների կեսը տեսադաշտի մեքենայացված ուսումնասիրությանը պատրաստվել էր Մոցարտի երաժշտության տակ, մինչդեռ մյուսները սպասում էին թեստավորմանը՝ լիակատար լռության մեջ: Տեսադաշտի մեքենայացված հետազոտությունը տարածված մեթոդ է տեսողական ֆունկցիաների գնահատման համար: Հետազոտությունների ընթացքում սպիտակ պատկերն արտացոլվել է սպիտակ ֆոնի վրա, եւ մասնակիցները պետք է ազդանշան տային այն ժամանակ, երբ նկարն իրենց հստակ երեւար: Հետազոտության մասնակիցների խմբերը բաժանվել էին տարիքային, սեռական եւ էթնիկական սկզբունքով: Նրանցից ոչ մեկը նախկինում չէր մասնակցել տեսադաշտի մեքենայացված հետազոտման:
Հիվանդները, Մոցարտի երաժշտության տակ սպասելով թեստի սկսվելուն, ավելի լավ էին կենտրոնացնում տեսողությունը եւ առաջադրանքն ավելի արագ էին կատարում, ի տարբերություն նրանց, ովքեր պատրաստվում էին թեստավորմանը լռության մեջ: Այս բարենպաստ ազդեցությունը, սակայն, տեւում է 10 րոպեից ոչ ավելի: Բրազիլացի գիտնականների կարծիքով՝ ստացված արդյունքները հիմք են տալիս կարծելու, որ Մոցարտի երաժշտությունը լավ է ազդում տարածաժամանակային ընկալման ֆունկցիայի վրա, ինչպես նաեւ, հնարավոր է, արագացնում է մարդու գլխուղեղում տեսողական տեղեկատվության մարսումը:
Հռչակավոր ավստրիացի երգահանի երաժշտության դրական ազդեցությունը առողջական դրության վրա շատ անգամ է նշվել գիտնականների կողմից` ստանալով անգամ «Մոցարտի ազդեցություն» անվանումը: Ըստ doctors.am-ի՝ նախորդ հետազոտությունների ընթացքում հայտնաբերվել է, որ Մոցարտի ստեղծագործությունները բարձրացնում են մաթեմատիկական ունակությունները, ինչպես նաեւ արագացնում են երեխայի գլխուղեղի զարգացումը մոր արգանդում: