Դա է պատճառը, որ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»-ը ամեն ինչով նման է ռուսական տարբերակին
Արդեն 1 ամիս «Արմենիա» հեռուստատեսությամբ ցուցադրվում է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ հեռուստաշոուն, որը հասարակության մեջ մեծ հետաքրքրություն է առաջացրել։ Չնայած այդ հաղորդումն արդեն մեծ լսարան ունի, սակայն դրա կազմակերպման եւ բնույթի վերաբերյալ բազմաթիվ հարցեր, այնուամենայնիվ, առաջանում են. օրինակ՝ ինչո՞ւ է հաղորդումը հայկական հեռուստատեսության եթերում հեռարձակվում ռուսերեն, կամ ինչպե՞ս են ընտրվել խաղացող թիմերը, կամ էլ ինչո՞ւ է հարցեր ուղարկող հեռուստադիտողների համար փոքր գումար նախատեսված։ Հենց այս հարցերի շուրջ էլ զրուցեցինք «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»-ի հայկական տարբերակի հաղորդավար Կարեն Քոչարյանի հետ։ Նրա խոսքերով, ըստ լիցենզիայի, այս հաղորդումը կարող է լինել ե՛ւ հայերեն, ե՛ւ ռուսերեն, սակայն իրենք ընտրել են ռուսերենը. «Այս հաղորդման ընթացքում օգտագործեցինք դեռեւս 2004 թվին մեզ ուղարկած հարցերը, որոնք խմբագրել էին մոսկովյան գրասենյակի խմբագիրները եւ արդեն հաստատել էին ռուսերեն տարբերակով, նոր հարցերը թարգմանելու, Մոսկվա ուղարկելու ու հաստատելու համար երկար ժամանակ էր հարկավոր, իսկ մենք այդ ժամանակը չունեինք, քանի որ այս եթերաշրջանը շատ արագ նկարահանեցինք, որպեսզի հասցնեինք գարնանը ցուցադրել։ Սակայն հիմնական խնդիրն այն է, որ Մոսկվայի խմբագիրները նայում ու հետեւում են այս խաղերին, իսկ հայերենով իրենք հաստատ չեն հասկանա։ Բացի այդ, մեր գիտակները հնարավորություն ունեն գնալ մոսկովյան խաղերին էլ մասնակցելու, ինչը Հայաստանը ներկայացնելու եւս մեկ ձեւ է։ Օգտվելով առիթից՝ ուզում եմ օրերս ձեր թերթում տպագրված մի հոդվածի անդրադառնալ, որում հեղինակը մեր հաղորդումն անվանել էր ռուսական տարբերակից «կապկած» (խոսքը «Մտորումներ Արմեն Աշոտյանի եւ մեր բանակի մարտունակության մասին»՝ 22.04.2010-ին տպագրված հոդվածի մասին է- Ա. Խ.)։ Ուզում եմ պարզապես ասել, որ լիցենզիան գնելու դեպքում, իսկ մենք այն իսկապես գնել ենք, խաղի սեփականատերը պարտադրում է որոշակի պայմաններ, որոնք են՝ խաղի ոչ միայն հիմնական կանոնների պահպանումը, այլեւ երաժշտությունը, տաղավարի տեսքը, վարման եւ նկարահանման կանոնները: Ես հպարտանում եմ, որ մենք կարողացել ենք այդպես լավ «կապկել», քանի որ հեռուստատեսային առումով սա տեխնիկապես շատ բարդ հաղորդում է, պահանջում է տեղում օպերատորների, ձայնային ռեժիսորի եւ տեխնիկական անձնակազմի ու այլ ներկայացուցիչների կոնկրետ աշխատանք։ Բարդ է ռեժիսորի աշխատանքը, նա պետք է ընտրի, թե որ կադրերը ցուցադրի եթերում, ճիշտ պահին բռնացնի էմոցիաները, շատ բարդ է նաեւ հնչյունային ռեժիսորի աշխատանքը, տաղավարում բազմաթիվ խոսափողներ կան, նա պետք է ճիշտ կողմնորոշվի, թե որ ձայնը բարձրացնի կամ որն իջեցնի եւ այլն»։
Հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս են հավաքվում հաղորդմանը հետեւող մարդիկ։ Կ. Քոչարյանը ասաց, որ հայկական հեռուստատեսային շատ հաղորդումների համար ընդհանրապես մեծ խնդիր է տաղավարում լսարանի ապահովումը. «Սովորաբար այդ մասսային հիմնականում բերում են համալսարաններից, եւ ուսանողները շատ հաճախ ընդհանրապես գաղափար չեն ունենում իրենց եկած վայրի մասին, չնայած հաղորդման ընթացքում պետք է, օրինակ, բանավիճողներին հարցեր տան կամ քննարկման մասին իրենց կարծիքը հայտնեն։ Մեր հաղորդումն այն քչերից է, որ դահլիճում, բացի խաղացողներից, մասնակցում են նաեւ այլ թիմերում ընդգրկված գիտակներ, կամ մարդիկ, որոնք ցանկություն են հայտնում մասնակցելու։ Նշեմ, որ, օրինակ՝ Մոսկվայում այս հաղորդումը ուղիղ եթերով է հեռարձակվում, խաղից առաջ պրոդյուսերներից մեկը մտնում է տաղավար եւ ասում, որ ներկաներն անջատեն բջջայինները, ծամոնները հանեն եւ նման այլ բաներ։ Մեզ մոտ էլ է այդպես։ Սակայն այնտեղ ասում են մի կարեւոր բան, որ խաղին հետեւող մասնակիցները կանգնած կարող են ուշաթափվել, որովհետեւ իրականում հաղորդման տաղավարը շատ փոքր է, մարդիկ իրար կպած լինելով, կարող են իսկապես ուշաթափվել։ Այնուհետեւ պրոդյուսերը բացատրում է, որ եթե ինչ-որ մեկը ուշաթափվել է, նրա կողքը կանգնած 2 հոգին վերջինիս պետք է պահեն մինչեւ գովազդային կամ երաժշտական ընդմիջում։ Դա է հեռուստատեսությունը։ Մեզ մոտ էլ գրեթե նույն ձեւով է արվում, սակայն առայժմ մեր հաղորդումը ուղիղ եթերում չէ եւ կարող ենք նման դեպքերում հաղորդումը կանգնեցնել, սակայն ես ձգտում եմ, որ հաղորդումը մեզ մոտ էլ դառնա ուղիղ եթեր»։
Մեր այն հարցին, թե ինչպե՞ս են կազմավորվել հաղորդման այս եթերաշրջանին մասնակցող թիմերը, Կ. Քոչարյանը պատասխանեց, որ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» շարժումը Հայաստանում սկսել է դեռեւս 1980-ականներին. «Գիտակների միջեւ շատ են եղել եթերային խաղեր, պարզապես այն ժամանակ որպես ավագ նրանց հետ նստում էր էլիտար ակումբի անդամներից որեւէ մեկը (Ալ. Դրուզը, Մ. Պոտաշովը)։ Այս անգամ մոսկովյան գրասենյակի պրոդյուսերներն առաջարկեցին, որ չլինեն էլիտար ակումբի անդամներ, այլ մեր թիմերը հանդես գան իրենք իրենցով, ինչը, ես կարծում եմ, որ շատ ավելի լավ է։ Ամեն դեպքում, որպես բարձրակարգ գիտակներ, նրանք սկսեցին բացահայտվել։ Սկզբում շատերը գալիս էին, որպեսզի փորձեն իրենց։
Ընտրությունն արվել է այսպես. սեղանի շուրջ նստում էին 6 պատահական մասնակիցներ եւ պատասխանում տարբեր հարցերի, այդ մարդկանց մենք ընթացքում փոփոխում էինք այնքան, մինչեւ որ թիմ էր ձեւավորվում, որոնք իրար հասկանում էին, որովհետեւ նրանցից յուրաքանչյուրն իր գործառույթն ունի, կան մասնակիցներ, որոնք տարբերակներ են առաջարկում, թեկուզ դրանք թվում են բոլորովին անհիմն։ Կան մարդիկ, որոնք լավ հիշողություն ունեն, կան, որ լավ գիտակներ են որոշ ոլորտներում։ Թիմի ձեւավորումից հետո կա նաեւ փորձարկային փուլ, երբ արդեն կազմավորված թիմերը գալիս են մեզ մոտ եւ, տարբեր հարցեր քննարկելով, որոշում են, թե ով՝ ինչ դեր է կատարել, անգամ այն, թե ով՝ ում կողքն է նստելու։ Գարնանային եթերաշրջանում խաղացող թիմերը 7-ն են, որոնցից միայն 5-ն են մասնակցում մրցութային փուլում, մնացած 2-ը՝ հեռուստատեսային դեմքերն ու դպրոցականների թիմը, խաղում են մրցույթից դուրս»։
Այն հարցին, թե ի՞նչ սկզբունքով են ընտրվում խաղերի ժամանակ հնչող հարցերը, մեր զրուցակիցը պատասխանեց. «Առաջին հերթին այն նամակները, որտեղ նշված չէ հարցի աղբյուրը, ինքնաբերաբար դուրս են գալիս։ Սկզբում հարցը կարդում է մեր խմբագիրը, հետո հարցը ուղարկվում է Մոսկվա, այնտեղի խմբագիրներն են նայում։ Մոսկվա ուղարկվում է այն պատճառով, որ համեմատվի հարցերի բազայի հետ, պարզ դառնա՝ հնչել է որեւէ տեղ նման հարց, թե ոչ։ Մաքսիմալ փորձում ենք հրաժարվել զուտ գիտելիքի վրա հիմնված հարցերից»։
Ինչ վերաբերում է հեռուստադիտողներին հարցերի համար վճարվող հինգհազարական դրամներին, ապա, ըստ Կ. Քոչարյանի, իրենք ամեն ինչ անելու են, որպեսզի այդ գումարի չափը բարձրացնեն, իսկ քիչ է եղել այն պատճառով, որ նկարահանումների պահին ստեղծագործական խումբը հովանավոր չի ունեցել, «Արմենիա» հեռուստատեսությունն է իր վրա վերցրել հաղթող հեռուստադիտողներին ֆինանսապես պարգեւատրելու հարցը. «Խնդիրն այն է, որ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» մոսկովյան էլիտար ակումբում, ինչպես տեսել եք, տասնամյակներ շարունակ այդ խնդրով ուղղակիորեն տաղավարում զբաղվում են հովանավորող՝ լուրջ իմիջ ունեցող հայտնի բանկերը: Մեզ մոտ, ցավոք, առայժմ այդպիսիք ի հայտ չեն եկել: Ավելին ասեմ, երբ շփվում ես մեր որոշ բանկիրների հետ, ապա տպավորություն է ստեղծվում, որ մեր բանկերը սնանկության եզրին են կանգնած, էլ ուր մնաց մտածեն իրենց իմիջի կամ հեռուստանախագիծ հովանավորելու մասին: Մնում է հուսալ, որ ոչ բոլոր բանկերի վիճակն է այդքան ողբալի եւ որ արդեն ամառային խաղաշրջանում նրանց շնորհիվ հեռուստադիտողները շոշափելի գումարներ կարող են վաստակել իրենց սեփական խելքով»:
Զրույցի վերջում Կ. Քոչարյանն ավելացրեց, որ կա նաեւ դպրոցական երեխաների մասնակցությամբ հաղորդում, որը նույնպես ցուցադրվելու է. «Այդ երեխաները ֆանտաստիկ հնարավորություններ ունեցող երեխաներ են։ Օգտվելով առիթից, ուզում եմ նաեւ հայտարարել, որ մենք հրավիրում ենք բոլորին, ովքեր ցանկություն ունեն մասնակցել հաջորդ եթերաշրջաններին»։