ՄՕԿ-ի «Օլիմպիական համերաշխություն» կազմակերպության «Ժառանգություն» ծրագրի շրջանակներում Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախաձեռնությամբ տպագրվել է պլակատ՝ «Հայաստանի օլիմպիական աստղերը» անվանումով:
Պլակատում ներկայացված են ժամանակակից օլիմպիական խաղերի հայաստանցի 13 չեմպիոնները: Արխիվային այն լուսանկարները, որոնք եղել են սեւ-սպիտակ, համապատասխան մշակումից հետո վերածվել են գունավորի: Բացի չեմպիոնների լուսանկարներից, պլակատում առանձին սյունակով ներկայացված է նաեւ օլիմպիական խաղերի մեր արծաթե եւ բրոնզե մեդալակիրների ցանկը, այդ խաղերի անցկացման տարեթիվը, վայրը, մարզաձեւը, մասնակիցների քանակը, նվաճած մեդալը:
ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ պլակատներն արդեն բաժանվում են մարզերի հանրակրթական դպրոցներին, բուհերին, մարզադպրոցներին, մարզական կազմակերպություններին, քոլեջներին եւ նախադպրոցական հաստատություններին:
ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը համոզված է, որ այդ պլակատները կարեւոր դեր ու նշանակություն են ունենալու աճող սերնդի կյանքում: Նրա խոսքերով, պետք է ճանաչել մեծ ասպարեզներում հաղթանակներ տարած, Հայաստանին փառք ու պատիվ բերած մեր չեմպիոններին եւ մրցանակակիրներին: