Բիրմինգհեմում անցկացված սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում Հայաստանը վերջապես լուրջ հաջողություններ արձանագրեց:
Երիտասարդների պայքարում, որտեղ խաղարկվում էին նաեւ Սինգապուրի պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգրեր, հանդես եկած Արթուր Դավթյանը, հենացատկում գերազանցելով բոլոր մրցակիցներին, նվաճեց չեմպիոնի կոչումը: Նա մեկ բրոնզե մեդալի էլ արժանացավ նժույգաթափում: ՀԱՕԿ-ի կայքը տեղեկացնում է, որ սրանք քսան տարվա ընդմիջումից հետո սպորտային մարմնամարզությունում հայաստանցի պատվիրակների նվաճած առաջին մեդալներն են նման խոշոր մրցումներում: Սակայն շնորհալի մարզիկը բազմամարտում բավարարվելով միայն 16-րդ տեղով, ուղեգրի չարժանացավ: Նրա փոխարեն ամռանը Սինգապուր կմեկնի մեր մյուս մարմնամարզիկը՝ Վահան Վարդանյանը: Բազմամարտում նրա գրաված 12-րդ հորիզոնականը համապատասխանում է պատանեկան օլիմպիական խաղերի վարկանիշային չափորոշիչներին:
Այսպիսով, այսօրվա դրությամբ Հայաստանի մարզիկներն արդեն ունեն Սինգապուրի չորս ուղեգիր. 2-ը՝ ծանրամարտից եւ 1-ական ձյուդոյից ու սպորտային մարմնամարզությունից: