Հայաստանցի բռնցքամարտիկ, 60 կգ քաշային Հրայր Մաթեւոսյանը շարունակում է պայքարը Բաքվում ընթացող աշխարհի երիտասարդական առաջնությունում: Նա մեր հավաքականի միակ ներկայացուցիչն է, որ մնացել է ռինգում եւ անհավասար պայմաններում շարունակում է պայքարել ինչպես մեդալի, այնպես էլ՝ Սինգապուրի պատանեկան առաջին օլիմպիական խաղերի ուղեգրի համար:
Երեկ Հրայրը հարեւան հանրապետության մայրաքաղաքում տարավ երրորդ անընդմեջ հաղթանակը՝ 8:0 հաշվով պարտության մատնելով Մոլդովայի ներկայացուցիչ Պետրու Ուրսային ու դահլիճի նստելատեղերը զբաղեցրած ամբոխին հարկադրեց ընդունել փաստը:
Այս հաղթանակից հետո բաղձալի նպատակներին հասնելու համար Հրայր Մաթեւոսյանից պահանջվում է եւս մեկ հաջող մենամարտ, որը, թերեւս, ամենադժվարն է լինելու: Հիմա նա սպասում է Թոմաս Վահրենհոլտ (Գերմանիա)-Սաբիջան Բեկրարգենով (Ղազախստան) զույգի հաղթողին, որի հետ հանդիպելու է այսօր: