Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՆՁՐԵՎՈՏ ԳԱՐՈՒՆԸ ԽԱՆԳԱՐՈՒՄ Է ԹԵՆԻՍԻՆ

Ապրիլ 30,2010 00:00

2010 թվականի կանանց թենիսի «Fed Cup»-ի եվրոաֆրիկյան գոտու 2-րդ խմբի մրցաշարի բացումը պիտի տեղի ունենար ապրիլի 28-ին, սակայն Երեւանում տեղացող հորդառատ անձրեւների պատճառով այն ավելի քան մեկ օր հետաձգվեց:

«Fed Cup»-ը համարվում է աշխարհի ոչ պաշտոնական առաջնությունը՝ հավաքականների միջեւ: Այս տարի մրցաշարին Հայաստանի ընտրանու հետ մեկտեղ մասնակցում են Վրաստանի, Ֆինլանդիայի, Հունաստանի, Լյուքսեմբուրգի, Լիխտենշտեյնի, Նորվեգիայի եւ ՀԱՀ հավաքականները, որոնք վիճակահանությամբ բաժանվել են 2 խմբերի: «B» խմբում ընդգրկված Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Ֆինլանդիայի, Վրաստանի եւ Նորվեգիայի թիմերը: «A» խումբը, համապատասխանաբար, կազմել են ՀԱՀ-ը, Լիխտենշտեյնը, Հունաստանը եւ Լյուքսեմբուրգը:

Ըստ մրցաշարի կանոնակարգի, յուրաքանչյուր ենթախմբում առաջին տեղը գրաված թիմը կխաղա մյուս ենթախմբում երկրորդ տեղը զբաղեցրած հավաքականի հետ եւ այդ պայքարի երկու հաջողակները կտեղափոխվեն եվրոաֆրիկյան գոտու 1-ին խումբ: Նույն կերպ ենթախմբում վերջին տեղը գրաված թիմերը կմրցեն մյուս ենթախմբի երրորդը ճանաչված ընտրանու հետ եւ երկու հանդիպումներում պարտվողները կնահանջեն եվրոաֆրիկյան գոտու 3-րդ խումբ:

Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը 1997 թվականին եւ մինչեւ 2001 թվականը «Fed Cup» մրցաշարում անհաջող էր ելույթ ունենում: Դրանից հետո մեր աղջիկները յոթ տարի չեն մասնակցել այս մրցաշարին:

2008 թվականին, վերականգնելով մասնակցության «բարի ավանդույթը», Հայաստանի հավաքականը, Գայանե Մովսիսյանի գլխավորությամբ, երկրորդ տեղը զբաղեցրեց Երեւանում անցկացվող առաջնությունում՝ չկարողանալով տեղափոխվել առավել բարձր կարգի խումբ: Փոխարենը, արդեն հաջորդ տարի մեր աղջիկները իրավունք նվաճեցին 2010-ին մասնակցել եվրոաֆրիկյան գոտու 2-րդ խմբի մրցաշարին՝ Մալթայում եվրոաֆրիկյան գոտու 2-րդ խմբում հաղթող ճանաչվելով: Անցած տարվա համեմատ մեր հավաքականի կազմում մեկ փոփոխություն է տեղի ունեցել. մոսկվաբնակ Լյուդմիլա Նիկոյանին, Աննա Մովսիսյանին եւ Օֆելյա Պողոսյանին այս անգամ ընկերակցել է ոչ թե Նաիրա Խաչատրյանը, այլ՝ շվեյցարաբնակ Մարի-Գայանե Միքայելյանը, որը ժամանակին համարվում էր հայկական թենիսի հույսը: Ինչպես 2009 թվականին, այս տարի եւս Հայաստանի կանանց հավաքականի ավագը Աննա Գասպարյանն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել