Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ավանգարդիստական լուսանկարչություն

Ապրիլ 30,2010 00:00

Կամ Սերգեյ Քոսակյանի անհատական «ձեռագիրը»

\"\"Օրերս Մոսկվայում տեղի ունեցավ սիմպոզիում-քննարկում՝ նվիրված գեղարվեստական լուսանկարչության հիմնախնդիրներին: Շատերի մտահոգությունն այն է, որ աստիճանաբար արվեստի այս տեսակն անկում է ապրում, իր հետ տանելով շատ ավանդույթներ: Այս մասին մեզ տեղեկացրեց երիտասարդ լուսանկարիչ Սերգեյ Քոսակյանը՝ նկատելով, որ Հայաստանն էլ ունի լուսանկարչական դպրոցի ավանդույթներ ու, թեեւ վերջին տարիներին դրանք նկատելի չեն, այսօր արդեն որոշակի առաջընթաց է արձանագրվում: Այս դպրոցի ճանաչված ներկայացուցիչներից են Զավեն Բշտիկյանը, Անդրանիկ Քոչարը, Սամվել Խանդիկյանը եւ այլք: Ս. Քոսակյանը մեզ ներկայացրեց Հայաստանի պատմամշակութային հուշարձանների, այդ թվում՝ «Գառնի», «Գեղարդ» շարքերը: Հետաքրքրությանը, թե նախասիրությունները սահմանափակվում են միայն ճարտարապետական հուշարձաններո՞վ, Սերգեյն ասաց, որ դրանք, իհարկե, առաջին հերթին հետաքրքիր են իրենց ճարտարապետական մանրամասներով՝ լույսի ու ստվերի համադրմամբ, սակայն իր գործելու շրջանակը լայն է՝ դիմանկարներ, նատյուրմորտներ, բնություն եւ այլն: Նա նաեւ հակում ունի լուսանկարչության մեջ ավանգարդիստական փորձերի, ուղղությունը մեկնաբանելով սեփական լուծումներով ու տրամաբանությամբ:

Ս. Քոսակյանը մտադրություն ունի բացելու սեփական ստուդիա, որը հնարավորություն կտա ամբողջական ներկայացնելու իր պրոֆեսիոնալ ունակություններն ու ծրագրերը: Մեզ հետ զրույցում նա հայտնեց, որ ուսումնասիրել է ժամանակակից համաշխարհային լուսանկարչությունը, բայց ավելի շատ հենվում է սեփական լուծումներին, մնալով ինքնուրույն եւ չկրկնելով ոչ մեկին: Առաջին լուսանկարչական ցուցադրությունն էլ պատրաստվում է ներկայացնել աշնանը:

Գեղարվեստական լուսանկարչությունն այսօր շահութաբեր չէ եւ երիտասարդներն էլ ընտրում են այնպիսի ոլորտներ, որոնք կապ ունեն ֆինանսաբեր աղբյուրների հետ: Այս դիտարկմանն ի պատասխան՝ արվեստագետն ասաց. «Գերնպատակս գումար աշխատելը չէ, այլ Հայաստանն աշխարհին գեղարվեստորեն ներկայացնելը: Լուսանկարը ճանաչողական ու ձգողական մեծ ուժ ունի, օրինակ՝ պատմաճարտարապետական հուշարձաններիս մի շարք ուղարկել էի Անգլիա եւ շնորհիվ դրա՝ շուրջ 20 տեղացի այցելեց ՀՀ: Հարցին՝ Մեծ Բրիտանիայում իր լուսանկարների ի՞նչ ցուցադրություն է եղել, Ս. Քոսակյանը հայտնեց, որ աշխատանքները շրջագայել են մասնավոր կարգով, հետո էլ ավելացրեց, թե դրսում մի քանի հնարավորություն եղել է ցուցադրվելու, սակայն ինքն այն համոզման է, որ անկախ որեւէ բանից, արվեստագետը առաջինը պետք է ներկայանա նախ իր ժողովրդին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել