Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՊԵՏՔ ՉԷ ՊԻՏԱԿ ԿՊՑՆԵԼ»

Ապրիլ 30,2010 00:00

Ըստ Ազգային օպերային թատրոնի գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանի՝ օպերային թատրոնի բոլոր արտիստներն արժանի են հերոսի կոչման

\"\"
:Պատրիցիա Պաչեն (ձախից) փորձի ժամանակ:

\"\"
 Կ. Դուրգարյանը գոհ է օպերային թատրոնի արտիստներից:

Ազգային օպերային թատրոնում եռուզեռ է՝ «Աիդա» օպերան են պատրաստում: Հայ երգիչների հետ այս պահին աշխատում է իտալացի սոպրանո Պատրիցիա Պաչեն, որը հանդես է եկել Իտալիայի բոլոր օպերային թատրոններում, իսկ Լա Սկալայում երգել շուրջ 10 տարի: Ներկայումս նա դասավանդում է Պալերմոյի կոնսերվատորիայում: Պատահաբար ներկա գտնվեցինք փորձին: Տիկին Պաչեն ընդմիջմանն ասաց, որ հիացած է հայ երգիչներով՝ չէր սպասում, թե կհանդիպի նման վոկալի եւ իտալերենի հրաշալի արտաբերման: Իտալուհին հնարավոր է համարում Ազգային օպերային թատրոնի հետ համագործակցության արդյունքում՝ այլ ձեռնարկների իրականացումը եւս. շնորհալի հայ արտիստների մասին պատմել է Պալերմոյի սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն իր ամուսնուն: Զրուցեցինք նաեւ Ազգային օպերային թատրոնի գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանի հետ: Խոսելով թատրոնի մասին, պարոն Դուրգարյանը անդրադարձավ մշակութային այս օջախի մասին մասնավորապես վերջին շրջանում եղած ոչ բարենպաստ հրապարակումներին ու դրանց հեղինակ՝ դիրիժոր Զավեն Վարդանյանին:

«Ցանկացած մարդ իրավունք ունի իր սուբյեկտիվ կարծիքը հայտնել: Մեր թատրոնի վերաբերյալ իմ կարծիքն այնքան էլ սուբյեկտիվ չէ, որովհետեւ նաեւ հանդիսատեսի կարծիքն է: Եթե որեւէ բան չկատարվեր այս թատրոնում, պարզապես հանդիսատես չէինք ունենա: Մարդիկ ծափահարում են, ուրեմն՝ գոհ են: Եվ հետո սովորաբար քննադատում են աշխատողին ու աշխատանքը, հակառակ դեպքում՝ խոսելու թեմա չէր լինի: Ինչ վերաբերում է այդ պարոնին (նկատի ունի Զավեն Վարդանյանին- Գ. Հ.), իր մասին կարծիք հայտնել չեմ կարող՝ չգիտեմ իր գործունեությունը, չգիտեմ՝ ով է: Եթե նա իսկապես էդպիսի պրոֆեսիոնալ է, ինչը հնարավոր է, որ կարող է ավելի բարձրացնել մեր նվագախմբի մակարդակը, օֆիցիալ հրավիրում եմ՝ թող խելամիտ ժամկետներում գա ղեկավարի Արամ Խաչատրյանի «Սպարտակը» կամ Ավետ Տերտերյանի «Երկրաշարժը» … Միգուցե նա իսկապես շատ լավ մասնագետ է…»,- ասում է պարոն Դուրգարյանը: Նաեւ հավելում. «Հիմա դառնանք «Новое время»-ում օրերս նրա արած արտահայտությանը՝ «Ռուբինշտեյնի «Ալեկո» օպերան»… Եթե ինքն այդքան գրագետ դիրիժոր է, պիտի իմանա, որ երկու Ռուբինշտեյն կա՝ հատկապես ո՞ր մեկին նկատի ունի: Նրանցից ոչ մեկն էլ «Ալեկո» չի գրել …«Ալեկոն» գրել է Ռախմանինովը: (Ի դեպ, չի բացառվում, որ այդ թերթում ընդամենը վրիպակ է եղել եւ ոչ թե Զ.Վարդանյանն է նման սխալ թույլ տվել- խմբ.) Որեւէ մեկը իրավունք չունի օպերային թատրոնի նվագախմբին պիտակ կպցնել: Եթե այն նման պայմաններում աշխատում է, բոլոր երաժիշտներին պետք է հերոսի կոչում տալ: Նույնը վերաբերում է նաեւ երգչախմբին: Եթե մենք որակավորում ենք մի թատրոն, ապա պարտավոր ենք համեմատել ուրիշ թատրոնների հետ: Եթե ուզում ենք Երեւանի օպերային թատրոնը համեմատել Լա Սկալայի հետ, այո՝ աճելու տեղ ունենք, բայց Լա Սկալայի հետ համեմատելուց առաջ նաեւ պետք է թատրոնների բյուջեները համեմատենք, նաեւ այն գործիքները, որոնցով աշխատում են երաժիշտները …Ուզում եմ հիշեցնել, որ վերջին 2 տարիներին մեր երաժիշտները ելույթ են ունեցել Գերմանիայում, Իսպանիայում, Կատարում, Եգիպտոսում, Ֆրանսիայում, Թուրքիայում: Ի դեպ, ստամբուլյան ելույթից հետո մամուլը գրեց՝ գիտեինք, որ հայեր կան, բայց չգիտեինք, թե նման մշակույթ ունեն: Եթե մեր նվագախումբը վատն է, ուրեմն մեզ հրավիրող «դրսի» իմպրեսարիոները ընդհանրապես ոլորտից չեն հասկանում, գուցե այդ պարոնը խորհուրդ տա նրանց՝ այլեւս չհրավիրե՞լ մեզ: Ուզում եմ նաեւ հիշեցնել այդ պարոնին եւ իր ընկերներին, որ վերջերս նրանցից մեկը ստացավ պետական մրցանակ՝ մի ստեղծագործության համար, որի առաջին կատարողը հենց մեր նվագախումբն էր: Եթե շատ վատ նվագախումբ է, այդ մրցանակը ինքը ո՞նց է ստացել»,- ասում է մաեստրոն:

Կ. Դուրգարյանի հետ խոսելուց հետո տնօրեն Կամո Հովհաննիսյանին հարցրինք՝ ինչպե՞ս է վիճակն օպերայում: Նա հայտնեց, որ միայն վերջին 2 տարում 5 պրեմիերա են ունեցել, բազմաթիվ հյուրախաղեր, այժմ էլ աշխատում են «Աիդայի» եւ «Սայաթ-Նովայի» վրա, ունեն համագործակցության բազմաթիվ առաջարկներ: «Եթե թատրոնը տարվա մեջ գոնե երեք պրեմիերա է ունենում, ուրեմն աշխատում է»,- ասաց նա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել