Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Թուրքական անցուդարձ

Ապրիլ 30,2010 00:00

\"\"Ապրիլի 29-ին Թուրքիայի Անվտանգության խորհրդի նիստում քննարկվելու էին հայ-թուրքական արձանագրությունների, նաեւ Իրաքում տեղի ունեցած ընտրությունների հետ կապված հարցերը: News.am-ը, վկայակոչելով թուրքական «Internethaber»-ը, տեղեկացնում է, որ նախատեսված էր, որ Ազգային անվտանգության խորհրդի այդ նիստում ելույթով հանդես էր գալու երկրի Ազգային հետախուզության (MIT) նոր գլխավոր խորհրդականը, ում անունը դեռ չի հրապարակվել:

Նույն աղբյուրի մատուցմամբ, Թուրքիայում ամենահեղինակավոր՝ Աբդու Իփեկչիի անվան լրագրողական մրցանակը 2010 թվականին բաժին է հասել «Milliyet» թերթի լրագրող Նեդիմ Շեներին, ով «Դինքի սպանությունն ու իրավապահ մարմինների սուտը» գրքի հեղինակն է: Այս գրքի լույսընծայումից անմիջապես հետո, Թուրքիայի իրավապահները Շեների դեմ քրեական գործ են հարուցել: Նա մեղադրվում է պետական գաղտնիք համարվող տեղեկություններ հրապարակելու եւ մարդկանց անվանարկելու մեջ, ովքեր զբաղվում են հակաահաբեկչական գործունեությամբ:

Շեների դեմ դատական հայց ներկայացնողների շարքում է եղել ոստիկանության լրտես Էրհան Թունջերը, ով, քրեական գործի նյութերի համաձայն, Օգյուն Սամասթին դրդել է սպանության: «Եթե դատարանը Շեներին մեղավոր ճանաչի, ապա նրան սպառնում է 28 տարվա ազատազրկում: Դա ավելի խիստ պատիժ է, քան այն, որը նախատեսված է Դինքի սպանողի համար»,- այդ մասին «Ազատություն» ռ/կ-ին ասել է Ստամբուլում լույս տեսնող «Ակոս» թերթի մեկնաբան Բագրատ Էստուկյանը՝ հավելելով, որ Օգյուն Սամասթը, ամենայն հավանականությամբ, կազատազրկվի 20 տարով: Նա հայտնել է նաեւ, որ Շեների գործով բոլոր դատական նիստերն ուղեկցվում են բողոքի ակցիաներով, որոնց մասնակցում են նաեւ Հրանտ Դինքի ընկերներն ու եղբայրները, Թուրքիայի առաջատար լրագրողական կազմակերպությունները:

Թուրքիայից ստացվող մեկ այլ տեղեկության համաձայն, երկրի խորհրդարանում ապրիլի 28-ի նիստի ընդմիջումներից մեկի ընթացքում հնչել է պոլսահայ կոմպոզիտոր Սարգիս Էֆենդիի (1885-1944) «Ոչ ոքի չեմ բողոքի, կարտասվեմ իմ վիճակի վրա» ստեղծագործությունից մի հատված:

Թուրքական «Milliyet»-ի փոխանցմամբ, մինչ օրս թուրքական խորհրդարանում հնչել են հիմնականում Բախի, Մոցարտի պես հայտնի դասականների գործերը: Պոլսահայ երաժշտի հայտնի ստեղծագործությունը թուրքական խորհրդարանի հեռուստացույցով եւ խորհրդարանի տարածքում տեղադրված բարձրախոսներով հնչել է գործիքավորված տարբերակով:

Նշենք, որ Սարգիս Էֆենդին Ստամբուլի Ոսքյուդարի հայտնի քամանչայի վարպետ Օնիկի որդին է: Սարգիսը ընտանիքի հետ կյանքի վերջին տարիներին տեղափոխվել էր Փարիզ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել