Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՉԻՆՉ Է. ԱՅՍՏԵՂ ՏԵՐԵՐԸ ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐՆ ԵՆ

Ապրիլ 30,2010 00:00

Պենտագոնը հայտարարել է, որ Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի կառավարությունը երկրի շրջանների քառորդ հատվածի աջակցությունը չի վայելում: ԱՄՆ պաշտպանության գերատեսչության զեկույցում ասված է նաեւ, որ աֆղանցիների մեծամասնությունը կամ անտարբեր է կենտրոնական կառավարության նկատմամբ, կամ պաշտպանում է ապստամբ-գրոհայիններին: Աֆղանստանի իշխանությունների նկատմամբ անվստահության պատճառը, ինչպես փոխանցում է BBC-ն, զեկույցում համարվել է կոռուպցիան եւ պաշտոնյաների շրջանում դրա դեմ պայքարի անարդյունավետությունը: Բացի այդ, միայն վերջին մեկ տարվա ընթացքում Աֆղանստանում լրջորեն աճել է բռնությունների մակարդակը:

Հենվելով անցկացված հարցախույզների արդյունքների վրա՝ Պենտագոնը, այդուամենայնիվ, եկել է այն եզրակացության, որ ընդհանուր առմամբ երկրում անվտանգության ապահովման իմաստով իրավիճակը բարելավվել է: Պենտագոնի այդ՝ թիվ 152 զեկույցում, որը հրապարակվել է Համիդ Քարզայի Վաշինգտոն այցելության նախօրեին, նշվում է նաեւ, որ երկրի 121 շրջաններից միայն 29-ում է, իսկ ռազմական տեսանկյունից դրանք համարվում են առանցքային, որ Քարզայի կառավարությունն աջակցություն ունի:

Փաստաթղթում ասված է նաեւ, թե ապստամբները բռնությունների թվի աճը, ինչպես նաեւ ընտրողների ցածր ակտիվությունն ու անցած նախագահական ընտրությունների ժամանակ ընտրախախտումների մասին տեղեկությունները համարում են իրենց հաղթանակը: Իր զեկույցում Պենտագոնը կարծիք է հայտնել, թե իրավիճակը փոխելու ելքերից առանցքայինը Աֆղանստանում արդյունավետ իշխանության ձեւավորումն է:

Ի դեպ, Աֆղանստանում բռնությունների վերջին դեպքը, նույն աղբյուրի մատուցմամբ, արձանագրվել է նախօրեին: Աֆղանստանի խորհրդարանի կին պատգամավորներից մեկը՝ Սաֆիա Սեդիկին, հայտարարել է, թե ամերիկացի զինվորականները կեսգիշերին ներխուժել են իր բնակարան եւ սպանել իր հարեւանին, որն իր ազգականն է եղել: Պատգամավորի ասելով, ամերիկացիները մի քանի ժամ շարունակ կապված են պահել իր ընտանիքի անդամներին, ջարդել են տան կահույքը: Նրա փոխանցմամբ, ինքը զանգել է Աֆղանստանի իշխանությունների ներկայացուցիչներին՝ խնդրելով դադարեցնել շուրջկալն ու բռնությունները, բայց իրեն ասել են, թե բնակավայրը շրջապատել են ամերիկացի զինվորականները եւ աֆղանական ուժերին թույլ չեն տվել միջամտել իրենց «օպերացիային»: Ամերիկյան զորքերի հրամանատարությունը հաստատել է, որ հիշյալ բնակավայրում, որը գտնվում է երկրի արեւելյան Նանգարխար գավառում, շուրջկալ է իրականացվել՝ առանց հստակեցնելու, թե արդյո՞ք դրա թիրախը հենց պատգամավորի տունն է եղել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել