Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ինչպես խթանել կրթության որակը

Ապրիլ 30,2010 00:00

կամ՝ հետաքրքիր դարձնել ուսուցումը

Երեկ Խնկո-Ապոր գրադարանում ներկայացվեցին մանկական միտքը զարգացնող խաղեր, գրքեր, հրատարակություններ, նկարներ, կրթական նյութեր, բուկլետներ, տեսանյութեր, մասնագետների կողմից մշակված եւ կազմված կրթական ծրագրեր, դիդակտիկ նյութեր՝ «Միասին խթանենք կրթության որակը, հասանելիությունը եւ մատչելիությունը» խորագրով ցուցահանդեսի շրջանակներում:

Ապրիլի 29-ից մայիսի 1-ը «Հույսի կամուրջ» հ/կ-ն՝ ՀՀ ԿԳ նախարարության հետ համատեղ, Բաց հասարակության ինստիտուտի աջակցությամբ նախաձեռնել է ներառական եւ դպրոցական կրթության ծրագրերով զբաղվող ընկերությունների արտադրած, ստեղծած եւ առաջարկած նյութերի ցուցահանդես: Ըստ «Հույսի կամուրջ» հ/կ-ի ներառական կրթության պատասխանատու, միջոցառման համակարգող Շուշան Մաթեւոսյանի՝ ցուցահանդեսի նպատակը՝ կրթության բնագավառում կրթական ծրագրերով զբաղվողների հետ համագործակցության ցանց ստեղծելն է եւ վերջիններիս կողմից ստեղծած մեթոդիկաների, կրթական նյութերի տարածումը. «Փորձել ենք փորձի փոխանակման դաշտ ստեղծել, նաեւ համապատասխան ինտերնետային կայք»:

Ցուցահանդեսի կարեւորության մասին հավելեց. «Կրթական ոլորտում միշտ կան բացեր, որովհետեւ չկա համագործակցության դաշտ: Հայերս չենք սիրում կամ չենք կարողանում մեր իմացածը, ունեցածը եւ ստեղծածը տալ կողքինին՝ որ օգտագործի, կիրառի ու օգուտ քաղի»:

Անանիա Շիրակացու անվան ճեմարանը ներկայացնող տաղավարում ցուցադրված էին հոգեբանական եւ լոգոպեդիական գրքեր: Ըստ լոգոպեդ, ճեմարանի մեթոդիստ-խորհրդատու Ժաննա Պայլոզյանի՝ ներառական կրթությունն իր առաջին քայլերն է անում Հայաստանում, ուստի թերություններից խուսափելն անհնար է. «Օրինակ, լոգոպեդիական ոլորտում առկա է սեփական գրականության պակաս, օգտվում ենք ռուսական, արտասահմանյան աղբյուրներից: Հաշվի առնելով մեր լեզվական առանձնահատկությունները, տպագրել ենք հայկական լոգոպեդիական գրքեր եւ դրանցով ներկայանում ենք այսօր»:

Թիվ 100 միջնակարգ դպրոցն էլ ներկայացել էր իր կողմից ստեղծած համակարգչային մանկական ուսուցողական խաղերով, որոնք սովորեցնում են հաշվել, գույները, տառերը ճանաչել, վարժեցնել հիշողությունը, մաթեմատիկական տրամաբանությունը: Խաղերի հեղինակ, դպրոցի ներառական ծրագրի համակարգող Նաիրա Երզնկյանը մեկնաբանեց. «Յուրաքանչյուր փոքրիկի տեսողական հիշողությունը շատ ուժեղ է, դրա համար էլ ստեղծեցինք համակարգչով եւ գունագեղ պատկերներով՝ մուլտերի տեսքով: Ի դեպ, որոշ հայտնի խաղեր նաեւ հայկականացնում ենք՝ պետք չէ երեխան խաղը օտար լեզվով սովորի»:

«Մանկան» խաղալիքների խանութը ներկայացել էր երեխաների զարգացման, ճանաչողական խաղերով՝ փայտե փազլ, գույների ճանաչման խաղեր, գրատախտակներ, ջերմամոզաիկաներ: Խանութի մենեջեր Մարինե Շառյանի խոսքով, նման խաղերով դասընթաց անցկացնելը երեխային օգնում է հեշտ մտապահել եւ վարժեցնել հիշողությունը. «Մեր խաղերով կրթական կենտրոնները հնարավորություն կունենան ավելի հետաքրքիր եւ հեշտ աշխատել տարրական դասարանների երեխաների հետ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել