Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դպրոցներն ունակ չեն ընտրելու

Ապրիլ 30,2010 00:00

Տարրական դասարանների աշակերտներին անվճար դասագրքերով եւ ուսումնական գրականությամբ ապահովելու, Հատուկ դպրոցների համար նախատեսված ծրագրերի, դասագրքերի, ձեռնարկների մշակման եւ հրատարակման, Սփյուռքի հայկական կրթական հաստատություններին ուսումնական գրականության, օժանդակ նյութերի մշակման եւ տրամադրման կարգերը հաստատող ու ռազմագիտական կաբինետների վերականգնման նախագիծը երեկ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ներկայացրեց կառավարությանը: Ըստ նախարարի. «Կա հանձնարարական՝ հաջորդ տարի փոխել տարրական դասարաններում դասագրքերի ձեւավորման կարգը, քանի որ այն մեխանիզմը, ըստ որի՝ դպրոցն ինքն է իր համար ընտրում նախընտրելի դասագիրքը, չի արդարացնում իրեն»:

Այս առնչությամբ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանն էլ հավելեց. «Այս ծրագրի շրջանակում տարրական եւ ավագ դպրոցների դասագրքերն անվճար տպագրելու համար պետբյուջեից ավելի քան 1 միլիարդ դրամ ենք տալիս: Նկատել ենք, որ շուկաներում անընդհատ վաճառվում են դասագրքեր, սկզբում մենք մտածում էինք, թե պետբյուջեի միջոցները գուցե չեն բավականացնում, եւ հրատարակիչներն ավելորդ գրքեր են տպագրում, մինչդեռ ուսումնասիրության արդյունքում պարզվեց, որ պետբյուջեով տրամադրված գումարով 100%-ով լուծվում է խնդիրը»:

Պարոն Աշոտյանը նշեց, որ գործող կարգը չի արդարացնում, որովհետեւ դպրոցներից ու մարզպետարաններից եկած հայտերը երբեմն չեն համապատասխանում միմյանց. «Մենք ունենք դեպքեր, երբ մեկ ամսվա ընթացքում միեւնույն մարզից միեւնույն առարկայի վերաբերյալ երեք տարբեր հայտ ենք ստացել: Խնդիրն այն է, որ հրատարակիչների մի մասը իրականացնում է լոբբիստական գործունեություն, ու մեր դպրոցները դեռ պատրաստ չեն ինքնուրույն ընտրել լավագույն բովանդակությամբ դասագիրքը»: ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն էլ խնդրեց, որ Սփյուռքի համար նախատեսված դասագրքերը, իրանահայերի համար՝ դասական ուղղագրությամբ, իսկ արեւմտահայերի համար՝ արեւմտահայերեն լինեն. «Հակառակ դեպքում՝ տանում են ու չեն օգտագործում»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել