Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԵԹԵ ԻՆՁ ԷԼ ԱՍԵՆ ՊԻՏԻ ԾԱՌԱՅԵՍ՝ ԿԳՆԱՄ»

Ապրիլ 30,2010 00:00

Ասում է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, որը կողմ է մագիստրատուրայից եւ ասպիրանտուրայից բանակ տանելուն

\"\"
Լուսանկարը՝ ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆԻ

«Ետ տվեք մեզ մեր ուսման իրավունքը», «Վերականգնել կրճատված տեղերը». այս կարգախոսներով, չնայած երեկվա հորդառատ անձրեւին, կայացավ ուսանողների արտոնված երթը: Մասնակիցներն իրենց խնդիրները բարձրաձայնեցին նախ ԿԳ նախարարության շենքի մոտ, ապա շարժվեցին դեպի կառավարություն: Ակցիայի մասնակիցները բողոքում էին կառավարության այն որոշման դեմ, որով, բացառությամբ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի, կիսով չափ կրճատվեցին նաեւ մագիստրատուրայում ուսումը շարունակելու նպատակով ուսանողների պարտադիր զինվորական ծառայությունից տարկետմամբ՝ տեղերի քանակը:

Կազմակերպիչներից՝ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի մագիստրանտ Դանիել Իոաննիսյանը նշեց. «Բացարձակապես ընդունելի չէ պատկան մարմինների մեկնաբանությունը, թե բանակում զինվորների սակավություն է, որովհետեւ համաձայն Վիճակագրական պետական կոմիտեի տվյալների՝ ծնունդների «պիկը» եղել է 1991-92 թթ.-ներին: Ինչ վերաբերում է նրան, թե ասպիրանտուրան բանակից խուսափելու համար է, այդպես չէ: Եվ հետո, եթե մարդու մատը ցավում է, ձեռքը կտրելով՝ խնդիրը չի լուծվում»:

ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դասախոս Արայիկ Հարությունյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց. «Կրճատումները մեծ վտանգներ են պարունակում, դա հարվածում է նաեւ Բոլոնիայի գործընթացին, մասնավորապես՝ կրթության շարունակականությանը»:

Երթի մասնակիցներից՝ ԵՊՀ ուսանողուհի Մարգարիտա Հակոբյանն էլ հավելում է. «Պետական պաշտոնյաները բազմիցս նշում են, որ իրենք կարեւորում են գիտությունը, ամեն ինչ անում դրա զարգացման համար եւ միեւնույն ժամանակ՝ նման որոշումներ են ընդունում, ինչը նշանակում է, որ բոլոր քայլերն ու հայտարարությունները ձեւական են»:

Երթի մասնակիցները նշում էին, որ ինչպես ամեն անգամ, այս ցույցին էլ մի շարք խոչընդոտներ են եղել բուհերի ղեկավարների ու ուսխորհուրդների կողմից, ուսանողներին սպառնացել են՝ ակտիվ լինելու դեպքում պետական քննությունների հանձնաժողովներում «դրսից» մարդիկ բերել: Ուսանողները մասնավորպես նշում էին, որ երեկ առավոտվանից ԵՊՀ-ի տարբեր ֆակուլտետներում շրջել է ռեկտոր Արամ Սիմոնյանը, որից հետո էլ դասախոսներն են հանդիպել ուսանողներին: Ա. Սիմոնյանը ասաց, որ որեւէ սպառնալիք չի եղել. «Կարծում եք՝ ես այնքան պրիմիտիվ եմ, որ պիտի ընկնեմ ցուցարարների ետեւի՞ց: Ես կատեգորիկ դեմ եմ այդ ցույցին, որովհետեւ այն անօգուտ է, կա կառավարության որոշումը եւ պարտավոր ենք ենթարկվել, անկախ նրանից՝ գո՞հ ենք, թե՞ դժգոհ: Եթե որոշումը բխում է պետության կարիքներից, ուրեմն պետք է ողջունենք եւ ենթարկվենք»:

«Առավոտը» ռեկտորին խնդրեց մեկնաբանել, թե ինչո՞ւ է ԵՊՀ-ին տարկետման իրավունքով տրամադրված 84 տեղից միայն 15-ը ֆիզիկայի ֆակուլտետին հատկացվել, այն դեպքում, երբ, օրինակ, ԵՊՀ ակտուար մաթեմատիկայի, կենսաֆիզիկայի, կենսաքիմիայի բաժիններին ոչ մի տեղ չի տրվել, կիրառական մաթեմատիկա եւ ինֆորմատիկա բաժնին՝ ընդամենը 6, տեղեկատվական տեխնոլոգիաներին՝ 3, մոտավորապես նույն քանակի տեղեր են տրվել նաեւ ՀՊՃՀ-ի՝ այդ ուղղվածության բաժիններին: Ա. Սիմոնյանի մեկնաբանությունն այսպիսին էր. «Ֆիզիկայի ֆակուլտետում կային 2 միջազգային օլիմպիադաների հաղթողներ եւ անարդարացի կլիներ, որ նրանք չընդունվեին, ես այդ ֆակուլտետի հարցը նախարարի հետ վաղուց էի քննարկել: Կիրառական մաթեմատիկա եւ ինֆորմատիկա բաժնում մագիստրանտ դառնալու կարիքն ավելի քիչ է, քան ֆիզիկայում, որովհետեւ տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի բակալավրիատն ավարտածները մեզանից էլ լավ վարձատրվող աշխատանք են գտնում: Ո՞վ ասաց, որ բանակում պիտի չծառայեն, հիմա ես ռեկտոր եմ, եթե ասեն պիտի ծառայես՝ կգնամ»: Ուսանողները ԿԳՆ ներկայացուցիչներից որեւէ նոր բան լսելու ակնկալիք չունեին, իսկ կառավարության շենքից ոչ թե վարչապետի լիազոր ներկայացուցիչը կամ անձամբ վարչապետը դուրս եկավ, այլ նամակ-դիմումների բաժնից՝ Ալեքսանդր Ղազարյանը, որը բողոքների գրավոր տարբերակը խնդրեց ներկայացնել: Կառավարության շենքի մոտ ուսանող ցուցարարներին միացան նաեւ 2007 թ. Կարճաղբյուրի զորամասում սպանված Տիգրան Օհանջանյանի հարազատները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել