Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՄՆԵԶԻԱ՞, ԹԵ՞ ՏԱՐՐԱԿԱՆ ԱՆՍԿԶԲՈՒՆՔԱՅՆՈՒԹՅՈՒՆ

Ապրիլ 30,2010 00:00

Ի՞նչ է հուշում նախկին արտգործնախարարի «հարուստ փորձը»

\"\"Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման արդի փուլի ընթացքում Հայաստանում եւ սփյուռքում եղան քաղաքական ուժեր, անհատներ, որոնք խիստ քննադատության ենթարկեցին հարաբերությունների կարգավորմանը միտված քայլերը՝ ելնելով տարբեր պատճառներից: Ոմանք այդ քննադատությունը անում են՝ ելնելով քննադատության այն սկզբունքից, որ չի կարելի որեւէ պարագայում գոհունակություն հայտնել իշխանության որեւէ քայլից: Կան ուժեր, որոնք ունեն որոշակի դառը կամ անհաջող փորձ թուրքերի հետ շփումներում, որի հետեւանքով առաջացել է մի յուրատեսակ վախ կամ անվստահություն, որն էլ հուշում է, որ ոչ մի շփում չպետք է ունենալ թուրքերի հետ կամ պետք է չհավատալ շփումների հաջողության հնարավորությանը: Կան նաեւ այնպիսիները, որոնք արձանագրությունների տողերի արանքում փորձում են Հայաստանի համար վտանգավոր դրույթներ տեսնել եւ ըստ այդմ կառչում են յուրաքանչյուր բառից, որը հնարավորություն է տալիս կասկածամտությամբ վերաբերվել այդ փաստաթղթերին: Սակայն պետք է ասել, որ քաղաքական ուժերի մոտ այդ քննադատությունը տարբեր ժամանակահատվածներում սրության տարբեր աստիճանով է արտահայտվել:

Ընդդիմադիրներից ոմանք՝ առաջին նախագահի թիմակիցները, առանձնապես աչքի չէին ընկնում հարաբերությունները կարգավորելու առաջին հայտարարություններից մինչեւ անգամ արձանագրությունների ստորագրությունները քննադատելու սրությամբ: Իսկ այլ ընդդիմադիրներ, հատկապես դաշնակցականները, խիստ էին քննադատում այդ գործընթացը սկզբում եւ անգամ հեռացան կոալիցիայից՝ չկիսելով իշխանության մյուս ուժերի մոտեցումները այս հարցում, սակայն էականորեն մեղմացրին իրենց մոտեցումները ԱԺ-ում արձանագրությունների վավերացման գործընթացը առկախելու՝ իշխանությունների որոշումից հետո:

Քիչ է այն անհատների կամ ուժերի թիվը, ում մեջ միասնականություն են ստանում հայ-թուրքական հարաբերությունների այս գործընթացի նկատմամբ քննադատական մոտեցման համար վերոհիշյալ բոլոր պատճառաբանությունները, եւ ովքեր լարվածության ու հուզականության աստիճանը մշտապես բարձր են պահել: Այդպիսի կերպար է հենց նախկին արտգործնախարար Օսկանյանը: Հայաստանյան իրականությունում դժվար է գտնել այնպիսի գործիչների, ովքեր իրենց իշխանության օրոք ինչ-որ հարցի շուրջ գործում են մի կերպ, իշխանությունից դուրս՝ այդ նույն հարցի նկատմամբ ցուցաբերում են բոլորովին հակառակ վարքագիծը: Կարելի է վիճել, թե արդյոք նման վարքագիծը քաղաքական ամնեզիայի՞, թե՞ տարրական անսկզբունքայնության հետեւանք է:

Օսկանյանը մի քանի ուղղություններով է քննադատում հայ-թուրքական այս գործընթացը: Նախ, արձանագրությունների հրապարակայնացումից անմիջապես հետո նա վստահություն հայտնեց, որ պատմության հարթությամբ զբաղվող ենթահանձնաժողովում Հայոց ցեղասպանության հարցը իբր պիտի որ քննարկվի, որը, բնականաբար, անթույլատրելի երեւույթ է:

2009թ. սեպտեմբերի 9-ին հրապարակած «Սխալվելն աններելի է» հոդվածում նա նշում է. «Երբ հայկական կողմն ասում է, որ ենթահանձնաժողովի ստեղծմանը վերաբերող «պատմական փաստաթղթերի եւ արխիվների ուսումնասիրություն» ձեւակերպումը չի նշանակում, որ այդ հանձնաժողովը պետք է ուսումնասիրի ցեղասպանության խնդիրը, սա համազոր է նրան, եթե թուրքերն ասեին, որ սահմանը բացելու են, բայց ոչ թե Մարգարայի սահմանը, այլ ինչ-որ 10 մետրանոց հատված, օրինակ՝ 40 աստիճան հյուսիսային լայնության եւ 45 աստիճան արեւելյան երկարության հատվածում: Սա նույնպես անհեթեթ է»: Նման կարծիք է հայտնում նախկին արտգործնախարարը այն դեպքում, երբ արձանագրություններից հասկանալի է, որ տվյալ ենթահանձնաժողովի քննարկման հնարավոր թեմաները պետք է ճշտվեն միայն հանձնաժողովի հիմնումից հետո, ընդհանուր համաձայնությամբ: Հայկական կողմը ի սկզբանե շեշտել է, առնվազն հայտարարությունների տեսքով, որ այս ենթահանձնաժողովը չի կարող զբաղվել ցանկացած, առավել եւս՝ ամենազգայուն հարցով: Մինչդեռ նախարար Օսկանյանը 2007թ. դեկտեմբերին ԱԺ-ում հայ-թուրքական հարաբերություններին առնչվող թեմայով ունեցած ելույթում այս առթիվ նշել է, թե «մենք պատրաստ ենք Թուրքիայի հետ միջպետական մակարդակով, միջկառավարական հարթակում քննարկել ցանկացած խնդիր՝ առանց բացառության»: Նմանատիպ հայտարարություն է արել նա նաեւ Բելգիայի Թագավորական կոնսերվատորիայում 2007թ. ապրիլի 25-ին՝ Ցեղասպանության զոհերի հիշատակումից ընդամենը մեկ օր անց:

Պետք չէ Արիստոտելի տրամաբանությունն ունենալ՝ հասկանալու համար, թե ինչ է նշանակում «քննարկել ցանկացած խնդիր՝ առանց բացառության» բառակապակցությունը: Հուսով եմ, նախկին արտգործնախարարի «կուտակած հարուստ փորձը» հաշվի է առնվել հայկական դիվանագիտության կողմից, որի հետեւանքով քննարկման առարկա դարձնելու «ցանկացած խնդիր» բառակապակցությունը դուրս է թողնվել արձանագրությունների ենթահանձնաժողովի մասին համապատասխան հատվածից:

Ոչ պակաս ուշագրավ է ընդդիմախոս Օսկանյանի այն անհանգստությունը, թե Թուրքիայի սահմանների ճանաչումով աններելի սխալ է թույլ տրվում: Ահավասիկ այդ հոդվածում նա նշում էր. «Այս արձանագրությունները Թուրքիային հնարավորություն են տալիս աշխարհին ասելու, որ հայերը փաստացիորեն սկզբունքորեն հրաժարվել են տարածքային պահանջներից»: Անհասկանալի է, սակայն, թե ե՞րբ է Հայաստանը տարածքային պահանջներ ներկայացրել Թուրքիային իր անկախությունից ի վեր, կամ վերջին 20 տարիների ընթացքում որտե՞ղ է եղել եւ ինչո՞վ է զբաղվել Օսկանյանը: 2007թ. ԱԺ նույն լսումների ժամանակ, ինչպես նաեւ դրանից առաջ էլ, նախարար Օսկանյանը այն տեսակետին էր, որ «դեռեւս ուժի մեջ են Կարսի եւ Մոսկվայի պայմանագրերը: Մենք դրանք ժառանգել ենք սովետական ժամանակաշրջանից… մեզ համար դրանք մեծ հաշվով ուժի մեջ են, եւ այդ պայմանագրերը հստակորեն ուրվագծում են Թուրքիայի եւ Հայաստանի սահմանները»: Այդ պարագայում պարզ չէ, թե ինչո՞ւ նախկին նախարարը երբեւէ որեւէ կոչ չի արել, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը հետ կանգներ այդ պայմանագրերից, որոնք գծում են Հայաստանի եւ Թուրքիայի սահմանները, օրինակ՝ դենոնսացիայի ենթարկելով դրանք: Այս առումով հետաքրքիր էր թուրքական ընդդիմության պահվածքը այդ օրերին, որը պնդում էր, որ արձանագրություններից բաց է թողնվել Կարսի պայմանագրի մասին որեւէ հիշատակում: Ըստ երեւույթին, հաշվի է առնվել նախկին արտգործնախարարի կողմից «կուտակված հարուստ փորձը», որպեսզի որեւէ հիշատակում չլինի այդ պայմանագրերին:

Օսկանյանը արձանագրությունների վավերացման գործընթացը կասեցնելու որոշման մեջ եւս տեսավ Հայաստանի համար վատթարագույն սցենարը: Իր ապրիլի 26-ի մեկնաբանությունների մեջ նշվում է, որ «եթե այս իրավիճակից դուրս գալու կես տասնյակ հնարավոր ելք կար՝ ոչինչ չանելուց մինչեւ ստորագրության հետկանչը, իշխանությունը ընտրեց մեզ համար ամենաանբարենպաստ տարբերակը: Այժմ Թուրքիայի վրայից սահմանի բացման ամեն պարտավորություն հանված է՝ մինչեւ չլուծվի ղարաբաղյան խնդիրը, ինչը եւ Թուրքիայի ցանկությունն էր հենց սկզբից: Հայկական կողմն արեց այն, ինչն ամենացանկալին էր Թուրքիայի համար՝ չվավերացրեց արձանագրությունները, բայց եւ չհրաժարվեց դրանցից՝ Թուրքիային հնարավորություն տալով շարունակել ակտիվ ներգրավված մնալ ղարաբաղյան հարցում»:

Տարակուսանք է արթնացնում այս հայտարարությունը այն առումով, որ նախկին արտգործնախարարը ոչինչ չանելը համարում է իրավիճակից դուրս գալու տարբերակ: Այդ պարագայում հասկանալի է դառնում, թե ինչու այնպիսի երկիր, ինչպիսին ԱՄՆ-ն է, Օսկանյանի՝ ԱԳ նախարար լինելու տարիներին Հայաստանի հետ համագործակցության շատ սահմանափակ մակարդակի վրա էր. իր պաշտոնավարության ընթացքում նա այդպես էլ որեւէ նախագահական այց ԱՄՆ եւ հանդիպում ԱՄՆ նախագահի հետ չկարողացավ կազմակերպել, էլ իմաստ չունի խոսելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մեկ այլ անդամի՝ Մեծ Բրիտանիայի հետ հարաբերությունների մասին: Կարելի է հպարտանալ հայ-ֆրանսիական հարաբերությունների մակարդակից թե՛ այն ժամանակ եւ թե՛ հիմա, չնայած նախկին արտգործնախարարը գեթ մեկ պաշտոնական այց իր տասը տարիների ընթացքում չկարողացավ իրականացնել Ֆրանսիա: Ավելին, եթե հիշենք նախկին նախարարի պաշտոնավարման տարիները, ապա կարող ենք նկատել, որ որեւէ միջազգային կառույց գրեթե չէր մնացել, որ ԼՂ հարցով մեզ համար բացասական հայտարարություն արած չլիներ:

Միգուցե ոչինչ չանելով է, որ հայ-թուրքական հարաբերությունները պարզապես գտնվում էին փակուղում՝ նախքան Օսկանյանի հասարակական գործունեությամբ զբաղվելը: Այն, որ 2008թ. սկզբում լճացած փակուղում էին հայ-թուրքական հարաբերությունները, դրանում ոչ մի կասկած չկա: Սակայն չի կարելի ասել, որ դա ոչինչ չանելու հետեւանքով էր: Պետք է ընդունել, որ Օսկանյանը առնվազն 12-13 անգամ հանդիպումներ է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի՝ իրար հաջորդող չորս նախարարների հետ, չհաշված հայ-ադրբեջանա-թուրքական եւ Հայաստանի ու Թուրքիայի ղեկավարությունների մասնակցությամբ հանդիպումները: Հուսով եմ, Օսկանյանի այս քայլերը ձեռնարկվել են բարի ցանկություններով, սակայն այնպես ստացվեց, որ Թուրքիան այս հանդիպումների ժամանակ հայկական կողմի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդիրը եւ մշտապես խոսել նախապայմանների լեզվով: Պաշտոնական հաղորդագրություններն այս մասին են վկայում: Եվ ընդհանրապես, եթե նայում ենք թե՛ հայկական եւ թե՛ թուրքական լրատվական գործակալությունների նորությունների բաժինը եւ ժամանակի մամուլը, ապա պարզ է դառնում, որ Օսկանյանի եւ թուրքական յուրաքանչյուր պաշտոնյայի (արտգործնախարար, պետնախարար) միջեւ հանդիպումների ժամանակ ղարաբաղյան հարցը, ցավոք, քննարկվել է:

Թե երբվանից է Թուրքիան «ակտիվորեն» ներգրավվել ղարաբաղյան հարցում՝ կարելի է գլխի ընկնել, սակայն հայ-թուրքական հարաբերությունների այս փուլում նրա բոլոր այդ փորձերը բացառվում են հայկական կողմից, իսկ միջազգային հանրությունը վերջին մի քանի ամիսների ընթացքում ավելի շատ է կրկնել «առանց նախապայմանների» եւ «ողջամիտ ժամկետներում» հարաբերություններ հաստատելու մասին անհրաժեշտությունը, քան Օսկանյանը կարող էր երեւակայել իշխանությունում իր գործունեության 10 տարիների ընթացքում: Այժմ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ ԵՄ բարձրագույն ղեկավարության դիրքորոշումները եւս կասկածի տեղ չեն թողնում: Ամբողջ միջազգային հանրությունը աջակցում է Հայաստանին եւ Թուրքիային՝ առանց որեւէ նախապայմանի դիվանագիտական հարաբերություններ հաստատել եւ սահմանները բացել: Բնական է՝ Հայաստանի կողմից լիովին կամուրջներն այրելու դեպքում, որը, ըստ Օսկանյանի, ավելի նախընտրելի քայլ կլիներ, Հայաստանը ոչինչ չէր շահելու: Հայաստանը չէր շահի, սակայն որոշ անհատներ՝ միգուցե: Սեփական դատողությունները կամ կանխատեսումները իրականության մեջ ամեն գնով տեսնելու մոլուցքը կուրացնում է անգամ «անչափ հարուստ փորձի տեր» մարդկանց:

Եզրափակման փոխարեն մի լավատեսական դիտողություն: 2009թ. սեպտեմբերին Օսկանյանը զգուշացնում էր, որ «եթե այս արձանագրությունների վավերացումը տեղի ունենա, եւ դա տեղի ունենա նախքան Օբամայի ապրիլքսանչորսյան ուղերձի ժամկետը, որը դրված է Թուրքիայի առաջ, այդ դեպքում կարելի է վստահ լինել, որ Թուրքիան եւ Ադրբեջանը ստացել են բավարար երաշխիքներ Ղարաբաղին հարող տարածքների վերադարձի եւ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ»: Փաստորեն, ստացվում է, որ նման երաշխիքներ ոչ ոք նրանց չի տվել, քանի որ արձանագրությունների վավերացման գործընթացը Հայաստանը առկախել է: Այդ պարագայում, հավանաբար, պետք է այժմ հաշվի նստել ՀՀ պաշտոնաթող նախարարի փորձի հետ, որպեսզի «Ղարաբաղի հարցում էլ նույն իրավիճակում չհայտնվենք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել