«Առավոտը» (09.09.2009) «Հրատապ գործը աշնանն են գցել» հրապարակմամբ հերթական անգամ անդրադառնալով ՀՀ Տավուշի մարզի Վազաշեն գյուղի մատույցներով անցնող Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար-Այգեպար ավտոճանապարհի սողանքային հատվածին, տեղեկացրել է, որ ՀՀ կառավարության որոշմամբ տրանսպորտի նախարարությանը 210 միլիոն դրամ հատկացվեց, որով ճանապարհը պիտի կառուցվեր, սակայն առանց ասֆալտի: Ասֆալտապատումը այս տարի էր նախատեսված: Երեկ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից Տավուշի մարզպետարանին է հատկացվել 13 միլիոն դրամ՝ Վազաշեն գյուղի սողանքային գոտում գտնվող երեք բնակելի տների բնակիչների բնակարանային խնդիրները անհատույց պետական ֆինանսական աջակցության միջոցով լուծելու նպատակով:
Իսկ ճանապարհի ասֆալտապատումը, մեր տեղեկություններով, կսկսվի մայիսի վերջերին: Շինարարական աշխատանքների մրցույթը ամփոփվել է ընդամենը երկու օր առաջ: Հաղթել է «Իջեւանի ճանապարհների շինարարության եւ շահագործման ընկերությունը», որը պատրաստ է աշխատանքները իրականցնել 197 միլիոն դրամով: