Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վեց շունչ, 40 000 դրամ

Ապրիլ 30,2010 00:00

\"\"Վանաձորցի 35-ամյա Վահագն Մխիթարյանն ու նրա 34-ամյա կինը՝ Լիլիթ Ավետյանն իրենց չորս փոքրահասակ երեխաների հետ բնակվում են Բուլղարական 32 հասցեում գտնվող փոքրիկ տնակում։ Նախկինում բնակարան են ունեցել շենքում, որը կորցրել են 1988-ի երկրաշարժի հետեւանքով։ Հիմա մի կերպ պատսպարվել են թիթեղյա ծածկի տակ։ Վահագնը անառողջ է։ Կնոջ բնորոշմամբ՝ «մի սաղ տեղ չունի»։ «Հաստ աղիքս ա, լեղապարկս ա։ Ոնց որ դանակը քցեն, կտրատեն, ցավը խփում ա պոչկեքիս, հետո տալիս ա սրտիս կողմը»,- պատմում է Վահագնը։ Դեղեր է օգտագործում, բայց դա ժամանակավոր ցավազրկում է։ Երիկամաքարային հիվանդություն ունի: Նաեւ՝ աղիքային. հաստաղիքի մրսել-բորբոքվել-չբուժվելուց «վաստակել» է խրոնիկական հիվանդություն։ Մինչեւ վերջերս էլ աշխատում էր, «թեթեւ գործեր» էր անում՝ «Ցեխ անել ա, հող փորել ա, հողամաս քանդել ա, քոլահան անել ա»։

Օրվա աշխատանքը գործատուների կողմից տարբեր չափով էր գնահատվում. «Մարդ կա՝ 1000 դրամ ա տվել, մարդ կա՝ 2000։ Եղել ա՝ գործի դիմաց ուտելիք են տվել՝ կարտոլ ա, մակարոն ա…»։

Վահագնը ու Լիլիթը այժմ անաշխատանք են։ Տան միակ եկամուտը ընտանեկան նպաստն է՝ ամսական 40 հազար դրամ։ Երեխաներն էլ իրենց ավանդն ունեն ընտանեկան բյուջեում. Նվարդը՝ առաջնեկը, Ավետարանչական եկեղեցու հովանավորության տակ է եւ երեք ամիսը մեկ 50 ԱՄՆ դոլար է ստանում: Այսպես կլինի մինչեւ Նվարդի 18 տարին լրանալը։ Մայրը սրտնեղում է, որ այսօր հովանավոր ունի իր չորս երեխաներից միայն մեկը:

Երեխաներից՝ Նարեկը հիվանդ է էպիլեպսիայով։ Դեռ հաշմանդամության կարգ չունի, բայց շուտով կունենա եւ երրորդ կարգի հաշմանդամ Նարեկը ամսական 9600 դրամ թոշակ կստանա։ Ամենակրտսերը՝ Նուելը, ծնվելով 2009-ի ապրիլի 7-ին, իսկական նվեր դարձավ ընտանիքի համար: Նրա ծննդյան միանվագ նպաստով՝ 470 հազար դրամով, գազիֆիկացրին տնակը եւ DVD նվագարկիչ ձեռք բերեցին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել